Նույն տրամաբանությամբ` տուրիստներն էլ չպետք է ասֆալտի վրայով երթևեկեն, եկամտահարկ չեն վճարում ՀՀ-ին

Նույն տրամաբանությամբ` տուրիստներն էլ չպետք է ասֆալտի վրայով երթևեկեն, եկամտահարկ չեն վճարում ՀՀ-ին

Այսօր կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական մանիպուլատիվ հայտարարությունն է արել: Նա պնդել է, որ եթե արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները չեն ցանկանում պետությանը հարկեր վճարել, ապա չպետք է իրենց կառուցած նոր ճանապարհների` ասֆալտի վրայով երթևեկեն: Մինչդեռ, բոլորին հայտնի է, որ ճանապարհների կառուցմանն ուղղվող ուղիղ հարկ կա` դա ավտոմեքենաների գույքահարկն է, որ վճարում է յուրաքանչյուր մեքենա ունեցող անձ` ամեն տարի: Եթե այդ գումարները չեն բավականացնում, ապա հազար ու մի հարկեր են հավաքում, տարատեսակ վճարումներ կատարում տնտեսվարողներն ու քաղաքացիները եւ եթե այդքան գլուխ են գովում, թե պետական եկամուտներն ավելացել են` ինչի՞ վրա են ծախսվում այդ գումարները, եթե այս հատուկենտ ասֆալտն էլ չեն անում: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով թեմային ասում է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն այնքան անիմաստ ու անտրամաբանական է, որ բանական մարդու գլխի մեջ չի կարող տեղավորվել: Պիպոյանի կարծիքով` նման հայտարարություններն ուղղված են այն էլեկտորատին, որն ունակ չէ ընկալել իրականությունը. «Ինձ համար այս հայտարարությունը ոչ մի տեսակի տրամաբանության մեջ չի տեղավորվում, այդուհանդերձ հաշվի առնելով, որ այդ տրամաբանությունն ընկալող մարդիկ էլ կան, ընդամենը մի բան կասեմ. անկախ նրանից, թե ինչ շարժակազմով է մարդը երթևեկում, շարժակազմի հետ կապված բոլոր ծախսերն արված են` շարժակազմի համար քաղաքացին վճարում է գույքահարկ, վճարում է այլ հարկեր և այլն: Հանրային տրանսպորտից օգտվելու համար քաղաքացին տրանսպորտի գումար է վճարում, տաքսիներից օգտվելու համար` վճարում է տաքսիներին: Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել` թող տուրիստներն էլ ասֆալտի վրայով չերթևեկեն: Այդ հայտարարությունն իրականության հետ ոչ մի կապ չունեցող հայտարարություն է: Այն գումարները` հարկերը, որոնք վճարում է քաղաքացին, կարող են ասֆալտ էլ անել, անգամ կարող են առողջապահական ու կրթական խնդիրներ լուծել: Ասեմ ավելին` այդ հարկերով կարելի է տնտեսությունն այնպես զարգացնել, որ մարդիկ չմեկնեն արտագնա աշխատանքի: Չի կարելի արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու հարցը բերել, այս աստիճան կենցաղային մակարդակի հասցնել», - ասում է Պիպոյանը: Իսկ ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը նման անհեթեթ հայտարարություններ անում, մեր զրուցակիցն ասում է. «Կենցաղային մակարդակով կարողանում է իր էլեկտորատին հասկացնել, հավանաբար այս օրինակը նրանց դուր կգա: Ցանկացած ավտոմեքենա ՀՀ տարածքով երթևեկելու համար հարկեր է վճարում` ՀՀ ողջ տարածքով երթևեկելու համար», - ասաց նա:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար քաղաքացին կատարում է հետևյալ վճարումները` «Գույքահարկ, բնապահպանական հարկ, տեխզննման վճար, գազաբալոնային սպասարկում` եթե հեղուկ գազով է ավոտմեքենան: Այժմ ցանկացել են այդ ծախսերը ավելացնել` եթե ավտոմեքենայի դիաուժերի քանակը մեծ է, տարեկան կտրվածքով մեկ ավտոմեքենայի համար քաղաքացին վճարում է 200-ից 300 հազար դրամ, գուցե մի քիչ ավել, մի քիչ պակաս»: