Պետք է հնարավորինս արագ վերադառնալ այն համաձայնությանը, որը 2004 թվականին կայացվել էր

Պետք է հնարավորինս արագ վերադառնալ այն համաձայնությանը, որը 2004 թվականին կայացվել էր

Հայ-իրանական դիվանագիտական եւ տնտեսական  հարաբերությունների մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

- Հայ-իրանական հարաբերություններն այսօր ի՞նչ մակարդակում են։

- Իրականում հայ-իրանական հարաբերություններում, եթե քաղաքական բաղադրիչին անդրադառնանք, ապա իրանական դիրքորոշումները մնում են նույնական։ Իրանում՝ թե՛ վերլուծական, թե՛ քաղաքական շրջանակներում որոշակի անհանգստություն կա՝ կապված երկու խնդրի հետ, որոնք անմիջականորեն ազդում են թե՛ տնտեսական հատվածի վրա՝ հայ-իրանական հարաբերությունների, եւ թե՛ հատկապես անվտանգային հատվածի վրա։ Դա վերաբերում է ադրբեջանաթուրքական դաշինքի կողմից պարբերաբար առաջ քաշվող, այսպես  կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խնդրին։ Իրանական դիրքորոշումները շատ հստակ են, եւ գրեթե բոլոր հնարավոր մակարդակներում իրանական կողմն այս կամ այն ձեւակերպմամբ հստակորեն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Եվ դա արվել է ոչ միայն հռետորաբանության մակարդակում, այլեւ այն ժամանակ, երբ իրական վտանգ կար, որ ադրբեջանաթուրքական դաշինքը կարող է գնալ նաեւ ռազմական ճանապարհով՝ այդ չակերտավոր միջանցքի ձեռքբերմանը։ Իրանական կողմը նաեւ ուժի ցուցադրություն կազմակերպեց՝ զորավարժություններ։ Եվ այդ զորավարժություններից հետո էլ իրանական զորակազմի որոշակի հատված տեղակայված է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Խոսքը վերաբերում է թե՛, այսպես կոչված, մայրցամաքային Ադրբեջանին, թե՛ նախիջեւանյան հատվածին։ Եվ երկրորդ կարեւոր հանգամանքը, որը նույնպես ազդում է Հայաստան-Իրան հարաբերությունների վրա ոչ միայն անվտանգային, այլեւ տնտեսական տիրույթում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածը թշնամուն հանձնելն էր, ինչի հետեւանքով Հայաստան-Իրան տրանսպորտային կապը զգալիորեն տուժել է, որովհետեւ պարբերաբար խոսք էր գնում այլընտրանքային ճանապարհների առկայության կամ այդ ճանապարհները գործարկելու մասին։ Բայց այժմ պարզ է դարձել, որ Տաթեւ-Աղվանին դժվարություններ է ունենում՝ սպասարկելու բեռնափոխադրումների ամբողջ հոսքը, որն առկա է Հայաստանի եւ Իրանի միջեւ։ Եթե այս տիրույթում փորձենք դիտարկել գործընթացը, ապա պարբերաբար, երբ խոսում էի, որ դա առաջացնելու է խնդիրներ, հաճախ պատասխան էր հնչում, որ որեւէ խնդիր չի լինի` այլընտրանքային ճանապարհներ կան։ Սակայն այսօր արդեն իրենք՝ իշխանություններն էլ են խոստովանում, որ նման խնդիր առաջացել է։

-  Ինչպիսի՞ն է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների տիրույթը։

- Ակնհայտ է, որ իրանական կողմը ձգտում է ակտիվացնել իր տնտեսական ներկայությունը Հայաստանում։ Ես կարծում եմ, որ դա պետական քաղաքականության արդյունք է, այսինքն՝ նույնիսկ մասնավոր ընկերություններին պաշտոնական Թեհրանը խրախուսում է, որպեսզի Հայաստանում՝ հատկապես Սյունիքի մարզում, ակտիվություն դրսեւորեն տնտեսական հատվածում։ Բայց դա երկկողմ գործընթաց է, որովհետեւ հայկական կողմից էլ պետք է թե՛ փոխադարձ ազդակներ հղվեն դեպի Իրան, թե՛ նաեւ ստեղծվի բարեպատեհ միջավայր, որպեսզի այդ գործունեությունը ծավալվի։ Մասնավորապես, դրան մեծապես կնպաստի Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, որը փաստացիորեն տարիներ շարունակ միայն խոսքային մակարդակում է առկա, այնինչ պետք է դա  կենսագործել։ Եվ մյուս կարեւոր հանգամանքը, որը հայ-իրանական հարաբերությունները թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական իմաստով կբարձրացնի նոր մակարդակի, հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն է։ Պարբերաբար խոսք է գնում Հայաստանում գումարների տրամադրման կամ նախատեսվող տրամադրման մասին՝ այսպես կոչված, Նախիջեւան-մայրցամաքային Ադրբեջան  հաղորդակցությունն ապահովելու համար: Խոսքը գնում է երկաթուղային գծի  վերականգնման մասին ՀՀ Մեղրիի տարածաշրջանում։ Մինչդեռ այդ գումարները, եթե դրանք առկա են, պետք է ուղղվեն հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը, որովհետեւ դա կենսական նշանակության ծրագիր է եւ ոչ միայն տնտեսական կարեւորություն ունի, այլ նաեւ ապահովելու է մեր պետության անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը՝ բարեկամական կապն Իրանի հետ։ Իրանական ակտիվությունը Սյունիքի մարզում նաեւ դրսեւորվում է քաղաքական իմաստով, մասնավորապես, գիտեք, Իրանի կառավարությունը որոշում է կայացրել Կապանում ունենալ հյուպատոսություն։ Եվ այդ հարցում էլ պետք է Հայաստանն ամեն ջանք գործադրի, որպեսզի իրանական ներկայությունը նաեւ քաղաքական մակարդակում Կապանի հյուպատոսության տեսքով բարձրանա։ Եվ այլ ոլորտեր կան, որտեղ հնարավորություններ կան, բայց, որոնք, ցավալիորեն, չեն օգտագործվում։ Խոսքը վերաբերում է կրկին անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ լավ հնարավորություն կա՝ ստեղծելու հակաահաբեկչական  միասնական հարթակ, որտեղ կարող է ներգրավվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն՝ եռակողմ  հարթակ, որը բխում է մեր պետության կենսական անվտանգային շահերից եւ որը կարող է սպասարկել եւ ապահովել ՀՀ անվտանգության բաղադրիչներից մեկը։

- Ինչքան ժամանա՞կ է, որ Իրանն առաջարկել է Հայաստանին՝ Կապանում ունենալ հյուպատոսություն։ Ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը։ Արդյոք ճնշում կա՞ կամ կլինի՞ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ այս թեման դեռ չի բարձրաձայնվել։

- Առաջարկը բավական ժամանակ է, որ առկա է, առնվազն 2-3 ամիս, եթե ոչ ավել։ Ես չգիտեմ, թե ինչ գործընթաց է այս պահին գնում, հայկական կողմից ինչպիսի արձագանք է եղել։ Բնական է, որ պաշտոնական մակարդակում, կարծում եմ, արձագանքը դրական եղած կլինի։ Բայց այլ հարց է, թե ինչպես է գործընթացն ընթանում։

- Ինչո՞ւ Հայաստանն իր ճանապարհներն օգտագործելու դիմաց իրանական կողմից` 2018 թվականից, սկսեց գումարներ գանձել։

- Այո, բեռնատարների խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ, փաստացիորեն,  2018 թվականից իրանական բեռնատարներից սկսել են գանձել գումարներ՝ ճանապարհների օգտագործման  համար։ Եվ այս համատեքստում իրանական կողմն էլ բոլորովին վերջերս իր տարածքում սկսեց հայկական բեռնատարներից գումարներ գանձել, որը, կարծում եմ, շատ վատ գործընթաց է, եւ հնարավորինս արագ պետք է վերադառնալ այն համաձայնությանը, որը 2004 թվականին կայացվել  էր։ Այսինքն՝ թե՛ հայկական, թե՛ իրանական բեռնատարները չպետք է որեւէ կերպով գումարներ տան երկու պետությունների տարածքով անցնելիս, որովհետեւ մեր հարաբերությունները ոչ միայն տնտեսական կարեւորություն ունեն, այլ նաեւ աշխարհաքաղաքական նշանակություն ունեն, եւ նաեւ տարանցումը՝ բեռնատարների ելքն ու մուտքը, շատ կարեւոր է երկու պետությունների համար էլ։

- Իրանական բեռնատարները ո՞ր ճանապարհից են օգտվում։ Հաշվի առնելով, որ Գորիս-Կապան հիմնական ավտոճանապարհը փակ է եւ հանձնվել է ադրբեջանցիներին։

- Այդ այլընտրանքային կոչված ճանապարհով իրանական ծանր բեռնատարներ կան, որոնք ուղղակի տեխնիկական իմաստով դժվարանում են անցնել։ Հետեւաբար, անցնում են Ադրբեջանին հանձնված տարածքով, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է՝ անկախ ադրբեջանցիների կողմից հնարված այդ քարտեզներից։ Եվ դա խնդիր է առաջացրել իրականում։

- Իսկ Որոտանի հատվածում ապօրինի ձեւով տեղադրված  ադրբեջանական մաքսատունը շարունակո՞ւմ է գումարներ գանձել իրանական բեռնատարներից։

- Դատելով ադրբեջանական կողմի հրապարակած տվյալներից, թե որքան գումար է գանձվել իրանական բեռնատարներից, այսպես կոչված, մաքսակետում, այդ գումարները բավական լուրջ գումարներ են, ինչից կարելի է միանշանակորեն եզրակացնել, որ իրանական բեռնատարների մի մասը ստիպված է անցնել այդ ճանապարհով եւ ադրբեջանական մաքսատանը, փաստացիորեն, վճարել գումարներ, որոնք վերջնարդյունքում ազդում են ապրանքի վերջնական գնի վրա եւ, ըստ էության, գանձվում են մեր քաղաքացիներից, որովհետեւ, եթե ապրանքը մեր քաղաքացին գնում է ավելի թանկ գնով, ապա դա գանձվում է նրա գրպանից։

- ՀՀ վարչապետը, միջազգային հարթակներում խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից, ինչո՞ւ չի բարձրաձայնում ադրբեջանցիների կողմից Որոտանի հատվածի ճանապարհի ապօրինի զավթումը։

- Շատ լավ կլիներ, որ դա, մեղմ ասած, միակ բացթողումը լիներ։ Կոպտագույն սխալ է տեղի ունեցել, ես շատ մեղմ եզրույթ եմ օգտագործում, երբ նույնիսկ նոյեմբերի 9-ի տխրահռչակ այդ հայտարարությամբ արձանագրված կետերից նահանջ է տեղի ունեցել։ Այդ հայտարարություն կոչվածի մեջ հատուկ կետ կար, որ կողմերի զորքերը, զինված միավորները կանգնում են այնտեղ, որտեղ են։ Ադրբեջանական որեւէ զորամիավորում չի եղել Հայաստանի Հանրապետության Գորիս-Կապան ավտոճանապարհի նույնիսկ մոտակայքում։ Նրանք հայտնվել են եւ բռնազավթել են Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ըստ էության, դա տարածքի հանձնում է թշնամական կողմին, որը նվազեցրել է ՀՀ անվտանգային մակարդակն այդ հատվածում եւ նաեւ որոշակիորեն խաթարել է Իրան-Հայաստան հաղորդակցությունը։ Իսկ այդ հաղորդակցությունը միայն բեռների տեղափոխություն չէ, այդ հաղորդակցությունը, Աստված մի արասցե` թուրք-ադրբեջանական հերթական սադրանքների դեպքում Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, որովհետեւ այդտեղով են նաեւ տեղափոխվել, եւ եթե նման սադրանք լինի, տեղափոխվելու Հայաստանի համար անհրաժեշտ զգալի «պարագաներ»։ Դրա հետեւանքները զգում ենք մեր մաշկի վրա, որովհետեւ ադրբեջանական կողմը ոչ միայն լկտիաբար զավթել է այդ տարածքը, այլ նաեւ սրանից գումարներ  է աշխատում։