ՔՊ-ին վերագրված ձայների 20 տոկոսը ենթակա է վերաբաշխման

ՔՊ-ին վերագրված ձայների 20 տոկոսը ենթակա է վերաբաշխման

Թե ինչ օրի հասանք ինքնախաբեությամբ զբաղվելով, բոլորը գիտեն, գիտեն վիզուալ, գիտեն՝ իրենց կաշվի վրա զգալով: Զուր են այն պնդումները, թե ժողովուրդն այդպես է ցանկանում, թե ժողովուրդն անհասկացող է, կենսազանգված է: Սկզբունքորեն, ժողովուրդը չպետք է շատ էլ խորանա քաղաքական գործընթաց-ներում. ժողովուրդը վճարում է հարկեր, հետեւաբար, այդ հարկային եկամուտների հաշվին իրենց բարեկեցությունն ապահովող քաղաքական վերնախավը, իշխանությունները պարտավոր են ազնիվ լինել եւ ժողովրդի վստահությունը գետնով չտալ:

Պատկերավորության համար քննենք, թե ինչ կլինի Նյու Յորքի ադամանդի բորսայի հետ, եթե ձեռքից ձեռք անցնող հարյուր-հազարավոր կարատ քարերից թեկուզեւ մեկը փոխարինվի կեղծ քարով: Այդ խաբեբան անմիջապես դուրս կմղվի բորսայից: Բորսայի արդյունավետ գործունեությունը հիմնված է դրական սոցիալական կապիտալի կամ վստահության վրա: Նույնն էլ պետության դեպքում է. երբ կեղծարարները չեն հանդիպում անհանդուրժողականության,  տեղի է ունենում բացասական սոցիալական կապիտալի կուտակում, որը փլուզում է ժողովրդավարության եւ պետական ինստիտուտները. Երկրի ճակատագրերը կանխորոշում են բացասական սոցիալական կապիտալի հենքով միավորված մարդկանց փոքր խմբերը, այլ ո՛չ թե պետական հաստատությունները: Իսկ երբ համակարգերը չեն գործում, անցում է կատարվում «ձեռքի կառավարման», որի արդյունավետությունը կախ-ված է Ձերժինսկու նկարագրած «ձեռքի մաքրությունից»:

Նույնիսկ իդեալական մաքրության դեպքում դժվար է, եթե չասենք՝ անհնար տեւական ժամանակ ապահովել երկրի զարգացումը: «Ձեռքն» այս պարագայում գործադիր իշխանությունն է: Ի հակակշիռ դրան, գոյություն ունի մեկ այլ ձեռք, որն իրավասու է «կտրել գործադիրի ձեռքը», նաեւ ցանկացած ձեռք, եթե այն մաքուր չէ: Դա դատական համակարգն է: Ընտրությունների արդյունքների քննման առումով՝ Սահմանադրական դատարանը:
ՀՀ սահմանադրական դատարանն ընդդիմադիր քաղաքական ուժերի բո-ղոքների քննության արդյունքները կհայտնի հուլիսի 17-ին: Անկասկած, եզրակացությունը կլինի հետեւյալը. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ըն-թացքում տեղի են ունեցել ընտրախախտումներ, որոնք, սակայն, էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա»:

Այս ձեւակերպումը տարիներ շարունակ, ընտրությունից ընտրություն, սկսած 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից, շրջանառության մեջ է դրվել արտասահմանյան դիտորդական առաքելությունների կողմից: Մենք մեզ ենք խաբում, իսկ նրանք խաբում են՝ օրվա իշխանությանը «չնեղացնելու» կամ, գուցե, հետագա բարելավման շանս ընձեռելու համար: Հեռավոր 90-ականներին դեռ ժամանակ կար ինքնամաքրվելու համար: Ավելին, արցախյան հիմնահարցի արդարացի լուծման հնարավորություն էլ կար, որը պետք է որ դրական լիցքեր հաղորդեր ոչ միայն ժողովրդին, այլեւ հատկապես վերնախավին: Տեսանք, թե ինչպես վարվեցինք այդ լիցքերի հետ:

Ինչեւէ: Ցանկալի է, որ ՍԴ դատավորները եզրակացություններ անեն, ոչ թե քաղաքական պատվերի, այլ ներկայացված փաստական ապացույցներով ձեւավորված ներքին համոզմունքի հիման վրա: Դրա ձեւավորման համար կարող են օգտակար լինել նաեւ սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Այդպիսի մի քողարկված հարցում էլ կատարվեց մեր կողմից: Խոսքը վերաբերում է «Ձոն մանդատին» հրապարակմանը («Հրապարակ», 15 հուլիս 2021): Ընդամենը 6 արձագանք է եղել. Like՝ 3, Sad՝ 1, Funny՝ 2: Այսինքն, 2-ը 6-ի 33.3 %-ն է:

Սրանք ՔՊ-ի իրական ձայներն են: Զարմանալիորեն՝ այս գնահատականը մոտ է ավելի վաղ, ինչպես նաեւ ընտրություններից հետո կատարված բարդ ու ծավալուն սոցիոլոգիական հարցումների արդյունքներին: Այս դեպքում ստացվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ ԲՀԿ-ն կարող էին հաղթահարել անցողիկ շեմը, հնարավոր է, որ ԱԺ անցներ նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը: Այս տրամաբանությամբ՝ «Հայաստան» դաշինքին բաժին կհասներ ձայների 27-30%-ը, ինչը նույնպես մոտ է մի քանի սոցիոլոգիական հարցումների արդյունքներին:
Եզրակացություն․ ՍԴ-ն կարող է կայացնել երկու որոշում. 1) չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները, 2) 20 տոկոս ձայները բաշխել նշված 4 քաղաքական ուժերի միջեւ:  Վերջին տարբերակը որոշակիորեն կմեղմի ներքին լարվածությունը, էապես կբարձրացնի վստահությունն ինչպես իշխանության, այնպես էլ դատական համակարգի նկատմամբ:

ՀԳ. ՍԴ-ի անկողմնակալ որոշումը համահունչ կլինի 2019թ․  ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ վարչապետի ելույթի հետեւյալ դրույթին. «…Ընտրությունների կեղծման համակարգային կոռուպցիայի էջը մեր երկրում փակված է անշրջելիորեն»: Եթե այլ նպատակներ չի հետապնդել 2018 թվականի «հեղափոխությունը», ապա այսպիսի հանգուցալուծումը հիմք կհանդիսա-նա մեր երկրի առջեւ ծառացած սպառնալիքների մեղմման կամ չեզոքացման համար հասարակության համախմբմանը, բոլոր քաղաքական եւ տնտեսական վերնախավի ջանքերի մեկտեղմանը: Միայն այսպիսի զարգացումները վստահություն կարող են ներշնչել սփյուռքի մեր հայրենակիցներին՝ գործուն ներգրավվածություն ունենալ երկրի անամպ ապագան կերտելու գործում:

Գագիկ Վարդանյան