Մազերը հաճախակի լվանալուց կարո՞ղ է առաջանալ մազաթափություն

Մազերը հաճախակի լվանալուց կարո՞ղ է առաջանալ մազաթափություն

Մարդկանց մոտ մազաթափություն կարող է առաջանալ ամենատարբեր պատճառներով՝ սկսած ժառանգականությունից, մինչեւ ինֆեկցիաներ կամ ոչ ճիշտ սննդակարգ։ Բժիշկ Ինգա Կոզիրենկոն ռուսական «Դոկտոր» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է, թե ինչպես կարելի է հաղթահարել այդ տհաճ երեւույթը։ Նա ասել է, որ թեեւ ընդունված կարծիք է, որ օրական մինչեւ հարյուր հատ մազի թափվելը նորմա է, սակայն տարբեր մարդկանց մոտ այդ նորման կարող է տարբեր լինել։ Եթե օրինակ մարդու մոտ մազածածկույթը գլխի արդեն նոսրացել է, ապա օրական հարյուր մազը շատ է։ Մասնագիտական առումով մազաթափության մակարդակը որոշվում է ֆոտոտրիխոգրամմայի միջոցով, սակայն նաեւ սովորական անալիզներ հանձնելով էլ, ինչպես օրինակ արյան մեջ երկաթի պարունակության որոշմամբ, կամ վահանաձեւ գեղձի հորմոնների քանակությունը որոշելով, կամ В խմբի վիտամինների պարունակությունը որոշելով էլ կարելի է պատկերացում կազմել, քանի որ միկրոտարրերի դեֆիցիտը եւս կարող է հանգեցնել մազաթափության եւ ճաղատացման, իսկ մազերն էլ դառնալ թույլ եւ շուտ կոտրվող։ Նա նաեւ ասել է, որ սխալ է կարծիքը, թե եթե հաճախ է մարդը մազերը լվանում, ապա դրանք սկսում են թափվել։

Ըստ նրա, մազերը պետք է լվանալ ըստ անհրաժեշտության, կախված այն բանից, թե ինչ ժամանակահատվածում են դրանք դառնում յուղոտ։ Նույն կերպ նաեւ մազերը հաճախակի սանրելու եւ մազաթափության միջեւ եղած կապն է միֆ։ Կոզիրենկոն նշում է, որ մերսող սանրերի կիրառությունը նույնիսկ դրականորեն է ազդում մազերի որակի եւ աճի տեմպի վրա։ Ռուս մասնագետը նաեւ նշել է, որ ամենից օպտիմալ տարբերակն այն է, որ մարդn ունենա մի քանի սանր, որոնցից հիմնականը պատրաստված լինի ժամանակակից պոլիմերային նյութերից, որպեսզի հեշտ լինի այն մաքրելն ու վարակազերծելը։