Ինչ ընթացքում է Գրիգորի Խաչատուրովի գործը

Ինչ ընթացքում է Գրիգորի Խաչատուրովի գործը

Հայաստանում պատերազմից հինգ է պակաս, սակայն հերոսների դեմ «վհուկների որսը» չի դադարում: Մի կողմից թշնամի երկրի ղեկավարն է հայկական բանակի դեմ ատելություն և թշնամանք գեներացնում, մյուս կողմից Հայաստանի գործող իշխանություններն են լծվել բանակը վարկաբեկելու, հերոսներին դավաճան հանելու եւ կալանավորելու գործին: Տպավորություն է ստեղծվում, թե հերոսներ ձերբակալելն ու բանակում դավաճաններ փնտրելը լուծելու է մեր խնդիրները եւ ամենակարեւորը` պետության անվտանգության հարցն է լուծվելու: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե բանակում կա հինգերորդ շարասյուն, ապա զարմանալ պետք չէ ոչ մի բանից:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը քննեց առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը եւ բեկանելով առաջին ատյանի որոշումը` կալանքի սանկցիա կիրառեց 3–րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ: Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր կալանքի միջնորդությունը, և դատախազությունն այդ որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Մինչդեռ, հայտնի է, որ մեղադրանքը միանգամայն մտացածին է, գործով վաղեմության ժամկետն անցել է եւ ապացույցը բացառապես մի հովվի ցուցմունքն է, որի վկայակոչած մարդն էլ այլեւս ողջ չէ: Մենք բազմիցս գրել ենք այս գործի մասին, այս գործի հետ է կապված նաեւ Սեյրան Օհանյանին առնչվող մեղադրանքը: Նրանք մեղադրվում են ոչ պետքական մի զորամասի տարածքը աճուրդով վաճառելու մեջ, որի սեփականատերը Գրիգորի Խաչատուրովի ընկերն է: 

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին էլ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից եւ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացվեց` վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է Խաչատուրովի առողջական վիճակը և առհասարակ գործն ինչ ընթացքի մեջ է, առաջիկայում ի՞նչ քայլեր են պատրաստվում անել, Ենոքյանը նշեց, որ Խաչատուրովի առողջական վիճակը լավ է, ինչ վերաբերում է գործի ընթացքին, ապա պատրաստվում են վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք ներկայացնել վճռաբեկ դատարան: «Ամենաուշը վաղը բողոքը մուտք կանենք, այն վերաբերում է կալանքին»- նշեց նա: Ի դեպ, Խաչատուրովը գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հարցին, թե որքա՞ն կտևի պրոցեսը, ե՞րբ վճռաբեկն ընթացք կտա բողոքին, փաստաբանն ասաց. «Բողոքի պատասխանը ներկայացնելու համար տասն օր ժամանակ է հարկավոր, դրանից հետո եռամսյա ժամկետում դատարանը կորոշի` վարույթ ընդունել թե ոչ»:

Այսինքն, վճռաբեկը կարող է եւս 3 ամսով երկարաձգել Գ.Խաչատուրովի կալանքը: