Իսրայելի դպրոցականներն են նման արբանյակներ պատրաստում եւ տիեզերք բաց թողնում

Իսրայելի դպրոցականներն են նման արբանյակներ պատրաստում եւ տիեզերք բաց թողնում

Դեկտեմբերի 1-ին տիեզերք արձակվեց հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, որը ներկայացվեց որպես տիեզերագիտության ոլորտում մեծագույն ձեռքբերում։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, աստղագետ Արեգ Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ արբանյակներ կան, որ որոշակի գործառույթներ են կատարում եւ օգտակար են գիտության, տեխնոլոգիաների, հաղորդակցությունների համար, ի վերջո` գյուղատնտեսության համար, եւ կա արբանյակ, որ ուղղակի պտտվում է Երկրի շուրջը: Ինչ էլ պտտվի երկրագնդի շուրջը՝ դա Երկրի արհեստական արբանյակ կլինի, բայց մենք պետք է տարբերենք դրանք, որովհետեւ կան հազարավոր, այսպես կոչված, cube սարքեր՝ «խորանարդ» բառից, 10 դմ-անոց արբանյակներ, ինչպեսեւ մերը, որոնք ուղղակի փորձարկումների համար են՝ ասում է Միքայելյանը։

Նա իր աչքերով է տեսել, թե ինչպես են Իսրայելի դպրոցներում աշակերտները նման արբանյակ պատրաստում, եւ, իր տեղեկություններով, նման արբանյակ տիեզերք բաց թողնելն ընդամենը 2 հազար 700 ԱՄՆ դոլարին է համարժեք։ Բնականաբար, այդ արժեքը փոխվում է՝ կախված բարձրացվող հրթիռի ծավալներից ու քաշից։ Իսկ ո՞րն է այս արբանյակի ֆունկցիան։ «Առանձնապես ֆունկցիա չկա, նույնիսկ այդ արբանյակի վրա հաճախ դնում են լուսանկարող սարքեր, բայց դրանց ճշտությունը, դրանց հզորությունն այնքան թույլ է, որ դա առանձնապես ոչ մի բանի համար էլ պետք չէ, եթե անկեղծ խոսենք։ Դա ավելի շատ երեւույթ է, երեւույթ, որ Հայաստանում տղաները փորձեցին պատրաստել արբանյակ, երբ որ հասկացվեց, որ ցանկացած տեղ էլ, եթե նպատակ դնեն, եթե ցանկություն լինի, այդ միջոցներն էլ շատ չեն՝ մի քանի հազար կամ տասնյակ հազարների մասին է խոսքը։ Լուրջ արբանյակներն արժեն 100, 120, 150 միլիոն ԱՄՆ դոլար։ Մեր կառավարությունն էլ պիտի մտածի Ադրբեջանի պես լուրջ արբանյակ ունենալու մասին, որը կարող է որոշակի գործառույթներ կատարել»,- ասաց Միքայելյանը։

Ինչ-որ տեղ սա արվում է շոուի համար, որ ցույց տրվի՝ տեսեք, մենք էլ կարող ենք անել դա, բայց երբ դիտարկում ես օգտակարության տեսանկյունից, շատ դեպքերում չկա։ Բայց, մյուս կողմից, Հայաստանը պետք է քայլեր անի այդ ուղղությամբ եւ սկսի փոքր քայլերից, որովհետեւ չունի այդ ավանդույթը, այդ փորձը։ Պետք է արագացնել այդ քայլերը, սակայն 10 տարի է՝ Հայաստանը հայտարարել է, որ տիեզերական գործունեությամբ է զբաղվում, սակայն տեղում դոփում ենք։ Այնինչ Ադրբեջանն այդ ժամանակ արդեն ուներ իր առաջին արբանյակը, իսկ հիմա ունի երեքը։ Լուրջ արբանյակները կարելի է օգտագործել նաեւ ռազմական նպատակներով:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նկատում է՝ մենք եւս կարող էինք դա անել, եթե ունենայինք արբանյակ։ Ավելին, կարող էինք գնել բարձր որակի պատկերներ, օրինակ՝ NASA-ից, կախված որակից՝ դրանք թանկ են, որովհետեւ իրենք էլ են հասկանում, թե ինչի համար կարող են դա օգտագործել։ «Մերոնք, իհարկե, այդ քայլերին չգնացին, ոչ էլ օգտվեցին այդ հնարավորություններից, որովհետեւ ամենժամյա ռեժիմով կարելի է հետեւել զորքերի կամ զինտեխնիկայի տեղաշարժին»,- ասաց Միքայելյանը։ Այնինչ, եթե մենք ունենայինք այդպիսի լուրջ արբանյակ, ապա կհայտնաբերեինք թշնամական բոլոր ԱԹՍ-ները, իսկ լավ ծրագրավորող ունենալու պարագայում հնարավոր կլիներ նաեւ այդ ԱԹՍ-ները վնասազերծել ու թույլ չտալ որեւէ կերպ դրանք օգտագործել։ Ադրբեջանը հասկացել է, որ տիեզերագիտությունը եւ տիեզերքում ծավալվող գործունեությունը հեռանկարային են։ Ադրբեջանում հասկացել են նաեւ, որ սեփական արբանյակ ունենալը շատ ավելի էժան է, քան այդ ծառայությունները մյուսներից գնելը։ Մասնագիտացված ընկերություններ ու գործարաններ կան, որոնք հատուկ տիեզերքում գործածվող պարագաներ են արտադրում եւ վաճառում։ Միքայելյանը շեշտում է, որ հայ գործարարներն էլ այդ մասին պետք է մտածեն, եթե սկսեն արտադրել այնպիսի բան, որը կարող են գործածել տիեզերքում՝ դա կարող է շատ հաջողակ ու պահանջված բիզնես դառնալ։ Կստեղծվի հայկական արտադրանք Երկրի վրա, որը կօգտագործվի տիեզերքում։

«200 միլիոն դոլար ֆինանսավորումը չնչին բան է, եթե հիշենք, թե որտեղ ինչքան գումարներ են ծախսում այս երկրում։ Մենակ շոուների վրա կպարզվի, որ դրանից շատ են ծախսում։ Երկրի զարգացման հայեցակարգ չկա, որո՞նք են մեր երկրի առաջնահերթությունները, ինչպե՞ս են պատկերացնում այս երկրի գոյատեւումը, եթե ո՛չ տնտեսություն ունի նորմալ, ո՛չ գյուղատնտեսական տարածքներ»,- նկատում է Արեգ Միքայելյանը։ Գիտությունն ավելի ինքնուրույն ոլորտ է, որը վատ է այս դեպքում, որովհետեւ կապ չկա, ու ամենամեծ թերությունն այն է, որ ոչ մի ոլորտ մյուսի հետ կապ չունի։ Գիտությունը կապ չունի ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ կրթության, ո՛չ էլ հասարակության հետ։ Ներքին սպառման համար գերադասում են գնել դրսի արտադրանքն ավելի բարձր գներով, քան մեր գիտնականների աշխատանքը՝ չկա այդ կապող օղակը, իսկ կապող օղակ պիտի հանդիսանա պետությունը։

Ինչ վերաբերում է աստղագիտության զարգացմանը, ապա մեր հարեւան բոլոր չորս երկրներն էլ կարեւորում են աստղագիտության զարգացումը։ Օրինակ, Ալիեւն իր անձնական հոգածության տակ է վերցրել իրենց աստղադիտարանը, իսկ Վրաստանում Բյուրականի աստղադիտարանի 20 տարվա բյուջեին համարժեք գումար են միանվագ տրամադրել։ Իրանն ու Թուրքիան էլ մեծ տրամագծով աստղադիտակ են կառուցում, եւ Հայաստանը կարող է կորցնել տարածաշրջանում իր առաջատար դերը։ Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է այս տարածաշրջանում առաջատարն աստղագիտության ոլորտում, սակայն այս տեմպերով կկորցնենք այդ կոչումը։ «Մենք հիմա հետ ենք եվրոպական ֆինանսավորումից 17 անգամ, մեզ մոտ մի 20 տոկոս կամ 5 տոկոս բարձրացնում են, վերջերս եղել են ավելացումներ, բայց դա չի կարելի անել մեկ անգամ՝ դա պետք է անընդհատ լինի։ Ամեն հաջորդ տարի մենք ավելի ենք հետ գնում, դա գալիս է հնարավորությունից, ֆինանսավորումից, տեխնիկական առումից։ Պետք է նշեմ, որ տեխնիկական առումով մենք շատ հետ ենք, մեր մասնագետները նվիրյալներ են, չեն լքել գիտությունը»,- ասաց Միքայելյանը։

«Այնինչ այլ երկրներում գիտնականները եթե չաշխատեին` կհեռանային։ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողների երեսուն տոկոսը երիտասարդ է, սակայն հատկանշական է, որ գիտական կազմում միջին տարիք էլ չկա՝ ավագ սերունդն է եւ երիտասարդները»,- ասում է Արեգ Միքայելյանը։ Բյուրականի աստղադիտարանի տնօրենը նկատում է, որ եղել են դեպքեր, երբ կառավարական պայմանագրեր են կնքվել, սակայն իշխանությունները չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ինչը, բնականաբար, հարվածում է մեր վարկանիշին։