Հստակեցվում են Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության ժամանակացույցն ու պատգամավորական քվոտաները. «Ժամանակը»

Հստակեցվում են Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության ժամանակացույցն ու պատգամավորական քվոտաները. «Ժամանակը»

Պոլսի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացով զբաղվող Նախաձեռնակ մարմինը, ըստ պոլսահայ «Ժամանակի» փոխանցման, ժողով է գումարել Գումգափուում, որի ընթացքում ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները, որոնց համաձայն, հրապարակվելու է զեկույց ու շրջաբերական, որով նախ վերահաստատվելու է պատրիարքական ընտրության ժամանակացույցը։ Ըստ այդմ, ժամանակացույցը պետք է համապատասխանի թուրքական պետության առաջարկած ժամանկացույցի հետ, որի համաձայն, այս տարվա դեկտեմբերին ընտրվելու են նախ եկեղեցկան, եւ հետո՝ աշխարհական պատգամավորները, որոնք համատեղ նիստով կատարելու են պատրիարքական ընտրությունը։

Զեկույցում նաեւ ներկայացվելու է, թե համայնքի որ շրջանը քանի պատգամավորով պետք է ներկայացված լինի ընտրությանը։  Ուշագրավ է այն, որ ըստ պետության տրամադրած կանոնագրի, ընտրության իրավունք ունենալու են տասնութ տարին լրացած համայնականները, հետեւաբար, զեկույցում խնդրվելու է տասնութ տարին չլրացած համայնականներին չներկայանալ քվեարկության։

Շրջաբերականը արդեն նույն գործընթացի հետ կապված ներհամայնական ընտրական մարմինների գործունեության տեխնիկական հարցերի հետ է կապված լինելու։ Նախաձեռնակ մարմնի բանբեր իրավաբան Սարո Պենգլյանը «Ժամանակին» փոխանցել է, որ առաջիկայում նախատեսվում է մասբավոր խորհրդակցական հանդիպում կազմակերպել տեղական ընտրական մարմինների հետ, ավելի սերտ համագործակցություն ծավալելու համար։ Նշվում է նաեւ, որ Նախաձեռնակ մարմնի հինգ անդամներ հրաժարական են ներկայացրել։ Նրանք են՝ Մինաս Արսլանը, Սեդրակ Տավութհանը, Կարպիս Տուրասլանը, Ղուկաս Արզումանը եւ Գեւորգ Ասլանը։