Լրագրողն ու առաջին դեմքերը (էպիկական պատմություններ)

Լրագրողն ու առաջին դեմքերը (էպիկական պատմություններ)

Լրագրողն ու առաջին դեմքերը (էպիկական պատմություններ)
Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Փաշինյանին քննադատելով այլևս հնարավոր չէ տուն պահել՝ թերթերի խմբագրությունները հեղեղված են Նիկոլին քննադատողների հոդվածներով։ Ես ժամանակին թողեցի ժուռնալիստիկայի հականիկոլական ուղղությունը: Հիմա ես վաստակում եմ թիզուկես պաշտոնյաներ քննադատելով, և, կարծում եմ, վատ էլ չեմ քննադատում: Ում վրայով անցնես, էլի անցնելու տեղ կա, քանիսի վրայով անցնես` մի տասն այդքան էլ դեռ կմնա անցնելու: Համարյա ամայի դաշտ է` պետք է հերկել, վարել ցանել, պետք է մամուլի հանդեպ հարգանք ու ակնածանք սերմանել երիտասարդ պաշտոնյաների մեջ: 

Սակայն Փաշինյանին քննադատելու իմ նախընթաց գործունեությունն իզուր չի անցել: Դուք մի նայեք բարության մասին Փաշինյանի հայտարարություններին և սխալմամբ չկարծեք, թե անտարբեր է իր հասցեին հնչող քննադատությունների հանդեպ: Լավ էլ մտապահում է ամեն ինչ ու տեղն եկած տեղը «պատասխանում»: Իմ կարծիքով` նա, այնուամենայնիվ, հարգում է քննադատությունը և պատկանում է այն ղեկավարների թվին, որոնք ձգտում են ընկերություն անել հատկապես քննադատողների հետ: Ես խոստանում եմ հենց առաջին հարմար պահին այդ թեմայով մի լավ հարցազրույց վերցնել Փաշինյանից: Իսկ մինչ այդ, թույլ տվեք մեկ-երկու հետաքրքիր դեպք պատմել իմ և երկրի առաջին դեմքերի հարաբերություններից, որոնք առանձին հոդվածներով ժամանակին լույս են տեսել, բայց հեղափոխությունից հետո, ինչ Քոչարյանն ու Փաշինյանը սկսեցին գրքեր գրել, մի տեսակ հետին պլան են մղվել և մոռացվել:

Պատմությունը Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ իմ լավ հարաբերությունների մասին լռում է: Ասենք` պատմությունը չլռելու պատճառ էլ չունի, որովհետև ես իմ խառնվածքով չէի էլ կարող «լավ» հարաբերություններ պահպանել այդ «դառը կորիզ»-ների հետ: Բայց ահա, Սերժ Սարգսյանի օրոք եկավ մամուլի իսկական «ոսկեդարը», որ ձգվեց 10 տարի և այսօր էլ, չնայած հեղափոխությանը, շարունակվում է փոխնիփոխ հաջողություններով:

Ես ինչպե՞ս կարող եմ մոռանալ, որ մի անգամ, Բաղրամյան 26-ի մայթին զբոսնելիս, պահակները ձեռքերս ոլորեցին ու ներս տարան, թե Սերժ Սարգսյանը ուզում է քեզ հետ խոսել: Մինչև կհարցնեի, թե ինչի մասին է ուզում ինձ հետ խոսել, պահակակետում ինձ «մոյկեցին», մոտս ինչքան կտրող, ծակող, կրակող կամ դրանց նման առարկաներ կային վերցրին ու մի սիրուն աղջկա էլ ասացին, որ ինձ ուղեկցի մինչև նախագահի ընդունարան: Ճանապարհին մտածում էի` տեսնես ո՞ր հոդվածս դուր չի եկել նրան, ինչի՞ց է նեղացել… Սերժին, ախր, շատ եմ քննադատել: Այն ժամանակ նրան քննադատողները քիչ էին, և ես նման էի «Եռանկյունի» ֆիլմի Աշխարհաբեկին, որ իր լոլոզ բոյով առանձնանում էր մյուսներից: Թաքնվելու տեղ չեմ ունեցել երբեք, ու, խնդրեմ, դրա վերջը սա էր լինելու:

Այդ օրերին մի «ախմախ» պոեմ էի գրել «Սերժի, Սաշիկի և մի ֆուռ կոշիկի մասին»: Հաստատ դրա համար է կանչել, մտածեցի, իրեն համեմատել եմ Լենինի հետ, Սաշիկին` մուժիկի: Դուր չի եկել հաստատ: Բայց ես ի՞նչ մեղավոր եմ, Մանվել Գրիգորյանն էր նրան «վերջին բոլշևիկ» անվանել: Մի թեթև փոխել էի Չարենցի բնագիրը, որովհետև Սերժ Սարգսյանի գլուխը, ինչպես Լենինի ճաղատը, չէր կարող «պսպղալ»` որպես ահռելի երկրագունդ: Այդ իրավիճակը հաղթահարելու համար դիմել էի Արմեն Աշոտյանի կերպարի օգնությանը: Ընդհանուր առմամբ պոեմս վատ չէր ստացվել, և պետք է որ զայրացրած չլիներ Սերժ Սարգսյանին:Ինչևէ, սիրուն աղջկա հետ մտանք ընդունարան,: Տեսնեմ` մի խումբ լրագրողներ արդեն սպասում են:

-Վերջն ո՞վ ա, էրեխեք,- տնավարի դիմեցի գործընկերներիս:
Հարցիս վրա բոլորը էշացան, բացի Ֆլորա Նախշքարյանից:

-Առաջին անգամն ե՞ս այստեղ, չգիտե՞ս որ բոլորիս միաժամանակ է բան անելու…
Պետրոս Ղազարյանը մի վայրենի քրքիջ արձակեց ու ընկավ բազկաթոռից, որի մեջ հազիվ էր տեղավորվել:

-Ի՞նչ պատահեց Պետրոս, ես նկատի ունեմ`որ բոլորիս միաժամանակ է ընդունելու,- «արդարացավ» Ֆլորան` համընդհանուր ծիծաղի մեջ:
Ինձ Սերժի մոտ առաջնորդած աղջիկը չգիտեմ ինչ ասաց քարտուղարուհու ականջին, Աշխենը, այդպես էր քարտուղարուհու անունը, մի կոճակ սեղմեց, ինչից Սերժն անձամբ դուրս եկավ կաբինետից և բոլորի մեջ հայացքով փնտրեց ինձ: Համենայն դեպս, այդպես թվաց: Ինձ գտնելը դժվար չէր, որովհետև ցցվել մնացել էի ընդունարանի կենտրոնում: Նա ձեռքն ինձ մեկնեց:

-Էս պրատակոլ չկա՞,- բողոքեց Պետրոսը:

-Պետրոս, դու հանգիստ նստիր տեղդ, ամեն ինչ էլ կա,- ասաց նախագահն ու ինձ ներս հրավիրեց:
Սկզբում դեսից-դենից խոսեցինք, քեֆս հարցրեց և հանկարծ, ինձ համար շատ զարմանալի, ներողություն խնդրեց.
Կներես, -ասաց,- որ քեզ երբեք մեդալ ու մրցանակ չեմ տվել:
Ես թեթևացած շունչ քաշեցի. 

-Չէ, ի՞նչ եք ասում պարոն նախագահ, ես նույնիսկ շնորհակալ եմ, որ ինձ մեդալ չեք տվել…
Նա խոժոռվեց, ես լեզուս կծեցի: Մի հայտնի խոսք կա` ասում է` գյուղացուն ինչքան էլ խաշես, ականջները հում են մնում: Դա իսկը ինձ համար է ասված: Բա Պետրոսն այդպիսի բան կասե՞ր նախագահին… Բարեբախտաբար, Սերժը բնույթով չար մարդ չէր և դա ինձ փրկեց այդ պահին: Հրաժեշտից առաջ նկատեց.

-Պոեմդ լավն էր, Աշոտյանի կերպարը` հրաշալի:

-Սաշիկի մասի՞ն ինչ կասեք, պարոն նախագահ:

-Լավն էր, այսպես էիր չէ՞ գրել` և հեռացավ Սաշիկը` հանելով փոշի… Բայց, ասեմ, մի քիչ չափազանցրել էիր, ոչ թե մեկ, այլ կես ֆուռ կոշիկ պիտի գրեիր…
Ծիծաղեց: Ջերմ բաժանվեցինք: Դռների արանքում էի, որ լսեցի կոմուտատորի խոսակցությունը.

-Աշխե՞ն: Աշխե՛ն…

-Այո, պարոն նախագահ:

-Լրագրողները թող գան:

-Պարոն նախագահ, Նախշքարյանը հարցնում է` առանձին-առանձին, թե՞ բոլորը…
Դուք պետք է Պետրոս Ղազարյանի դեմքի արտահայտությունը տեսնեիք այն պահին երբ ինձ ուղեկցող սիրուն աղջկա հետ լքում էի նախագահի ընդունարանը:
Փաշինյանը Սերժ սարգսյանից շատ չի տարբերվում: Նույնիսկ ավելի մարդամոտ է: Փաշինյանի սիրած սրճարանը, ՔՊ կուսակցության գրասենյակի հարևանությամբ, ես անվանել եմ «Նիկոլի մոտ»: Հենց այնտեղ Փաշինյանն ինձ սուրճ հյուրասիրեց և ասաց` իմ դուռը միշտ բաց է քեզ համար: Ես սկզբում լավ չհասկացա.

-Ո՞ր դուռը, պարոն վարչապետ, Դուք հիմա այնքան դուռ ունեք…

-Կառավարության դուռը, ամենահարմարը դա է,- ակնարկս գնահատեց Փաշինյանը:
Փաշինյանին քննադատելուց վերջնականապես հոգնած` պատահաբար հիշեցի նրա ասածներն ու որոշեցի անցնել: Հին հայկական սովորությամբ մի հատ կոնյակ վերցրեցի, մի տուփ բալով կոնֆետ, դրեցի անթափանց տոպրակի մեջ և ուղիղ` կառավարություն: Այստեղ պահակները նույնքան «սիրալիր» չէին իմ հանդեպ որքան Բաղրամյան 26-ում: Փոխանակ սիրուն աղջկան բերեն, որ ինձ ուղեկցեր, ինձ տարան սիրուն աղջկա մոտ: Նա ինչ որ լեզվով խոսում էր մյուս աղջիկների հետ: Երբ ես պահակների ուղեկցությամբ կանգնեցի ապակու մեջ բացված անցքի առաջ, աղջիկն ընդհատեց խոսելը և նույն լեզվով դիմեց ինձ: Ես միայն «քաղաքացի» բառը հասկացա և ինքնաբերաբար ներկայացա` Էդիկ Անդրեասյան:

-Ես դա գիտեմ, ասել են արդեն, Փաշինյանը Ձեր ի՞նչն է:

-Մե՞ր:

-Այո:

-Մեր վարչապետն է:

- Քաղաքացի Անդրեասյան, ես հարցնում եմ` անձամբ Ձեր ինչն է:

-Հա՛… Ոնց ասեմ, աղջիկ ջան, ես լրագրող եմ, Փաշինյանն էլ իմ երկրպագուն է:

-Ի՞նչը…

-Երկրպագուն, ֆանատը, շատ է հավանում իմ հոդվածները: Ինձ էլ ասել է` իմ դուռը միշտ բաց է քեզ համար:

-Ե՞րբ է ասել:

-Մոտ մեկ ամիս առաջ, երբ միասին սուրճ էինք խմում:

-Ուզում եք ասել` վարչապետ դառնալուց հետո՞:

-Այո այո, արդեն վարչապետ էր:

-Մի քիչ հավատալու չէ, բայց որ ասում եք… Իսկ անցաթուղթ, բան, չի՞ տվել:

-Չէ, բանավոր ասաց այդ ամենը:

-Լավ, իսկ ի՞նչ կա Ձեր տոպրակում, փաստաթղթե՞ր են:
Ժպտացի.

-Չէ՛է՛է՛… Կոնյակ է: Ասի` դատարկ ձեռքով չգնամ:

-Վարչապետը չի խմում:

-Հո չասի՞ր, աղջիկ ջան, վարչապետը խաշ ուտում է, կոնյակ չի խմո՞ւմ:

-Ես դա չէի ուզում ասել: Ուզում էի ասել` վարչապետն աշխատավայրում չի խմում, և, բացի այդ, նրա մոտ փաստաթղթերից բացի ուրիշ բանով չի կարելի մտնել:

-Ուրիշ ինչո՞վ, օրինակ:

-Նվերով:

-Բայց սա նվեր չէ, կոնյակ է, պետք է ռեալիզացվի տեղում, ամեն մեկս մի փոքր կռեալիզացնենք և վերջ: Սա էլ կոնֆետ է, բալով, թե սիրում ես, քեզ պահիր, աղջիկներով կռեալիզացնեք:

-Ոչ, չեմ կարող, վարչապետն իմանա` հերս կանիծի:

-Վարչապետին համոզելն ինձ վրա, կարո՞ղ եմ բարձրանալ նրա մոտ:

-Ոչ:

-Ինչո՞ւ:

-Տեղում չէ:

-Այսի՞նքն:

-Թռավ Թեհրան, մի քանի ժամից կլինի:

-Ոչինչ, ես կսպասեմ:

-Նստեք, խնդրեմ, դիմացի բազկաթոռին:

-Շնորհակալ եմ:

Հարմար տեղավորվեցի ու սկսեցի տնտղել սեղանին լցված գունավոր ամսագրերը: Դրանց մեծ մասի շապիկներին Փաշինյանն էր` վիրավոր ձեռքով, Օսիպյանի հետ քիթ քթի վիճելիս, գունզգույն «դուխով» գլխարկներ դրած, իր թիմի կամ ժողովրդի ֆոնին: Արդեն խորասուզվել էի ընթերցանության մեջ, երբ ֆսֆսալով սպասասրահ ընկավ Պետրոս Ղազարյանը` տելեվիզիոնչիկների բրիգադը հետևից, ու քշեց դեպի ներս:

-Ո՞ւր, ո՞ւր, պարոն Ղազարյան, սպասեք մի րոպե, չի կարելի այդպես, վարչապետը տեղում չէ,- ձայն տվեց աղջիկն ու ապակու հետևից թռավ դուրս, որ կրծքով փակի Պետրոսի ճանապարհը:
Իմ և Պետրոսի հայացքները կրկին հանդիպեցին:

-Մեզ համար ժամ է նշանակել, վարչապետը, պետք է գրենք նրա իրանյան տպավորությունները,- իր ներխուժումն արդարացրեց Պետրոսը:

-Հասկանալի է, պարոն Ղազարյան, բայց դրա համար վարչապետը նախ պետք է վերադառնա Իրանից,- ճանապարհը չէր բացում աղջիկը:
Ապակու հետևում հեռախոսը զնգաց: Աղջկան ներս կանչեցին` վարչապետն էր զանգում:

-Վարչապետին ասեք, որ մենք արդեն այստեղ ենք,- վիզը ձգելով և ոտքերի ծայրերին կանգնելով ապակու վրայիից ձայն տվեց Պետրոսը:

-Շատ լավ, պարոն վարչապետ: Հիմա խոսափողը կփոխանցեմ:
Պետրոսը տեղից պոկվեց, որ լսափողը վերցնի: Աղջիկը լսափողը հետ քաշեց.

-Պարոն Անդրեասյան, վարչապետը Ձեզ է խնդրում, կմոտենա՞ք:
Դուք Պետրոսի դեմքի արտահայտությունը պետք է տեսնեիք այդ պահին:
Ծանր-ծանր քյլերով, որ Պետրոսն ավելի տանջվի, մոտեցա հեռախոսին, մի քանի ջերմ խոսքեր փոխանակեցի վարչապետի հետ:

-Ես, հնարավոր է, այսօր գիշերեմ Թեհրանում: Երկար բանակցություններ ու քննարկումներ կան, նաև` չտեսնված հայություն, բոլորի հետ պետք է հանդիպեմ: Չեմ հասցնում: Թող մնա, մի ուրիշ անգամ: Խոսքս ուժի մեջ է` դուռս միշտ բաց է:

-Իհարկե, պարոն վարչապետ, իհարկե մնացեք, իրանահայերը հո ամեն օր Հայաստանի վարչապետ չե՞ն տեսնում: Մենք կսպասենք: Այո, այո, այո-այո, կասեմ, Պետրոսին էլ կփոխանցեմ, չէ, չի նեղանա, ես այնպես կասեմ, որ չի նեղանա… Հաջողություն, բարի վերադարձ, պարոն վարչապետ:

-Ի՞նչ էր ասում,- հարցրեց Պետրոսը հևիհև:

-Ինչ էր ասո՞ւմ: Ասում էր Պետրոսին կասես` հանգիստ նստիր տեղդ, մինչև ես զանգեմ:

-Հորինում ես:

-Չէ Պետրոս ջան, ասում էր Հ1-ը հեղափոխությունից հետո նայել չի լինում, անընդհատ գովերգում են ինձ, մարդիկ արդեն չեն հավատում,- համարյա շշնջացի նրա ականջին, այնպես, որ հետի տելեվիզիոնչիկները չլսեն:
Դուք Պետրոսի դեմքի արտահայտությունը պետք է տեսնեիք այդ պահին…
Աղջկան ցտեսություն ասացի ու քայլեցի դեպի ելքը:

-Պարոն Անդրեասյան, տոպրակը մոռացաք,- ձայն տվեց հետևիցս:

-Ոչինչ, թող մնա, միևնույն է` 1-2 օրից գալու եմ, կվերցնեմ:

-Չէ, չէ, չէ, վարչապետը իմանա` հերս կանիծի:

-Դե լավ, տուր, ի՞նչ արած, Պետրոսի հետ կխմենք, իսկ վարչապետի հետ` մի ուրիշ անգամ:
Դրսում էինք արդեն: Պետրոսն հրավիրեց իր մոտ: Չմերժեցի: Մինչև կհասնեինք Հ1-ի ավտոմեքենաներին, հարցրեց.

-Լսիր, դու բոլոր ղեկավարների հետ լավ ես, ո՞նց ես հաջողացնում:

-Հեռու քո փեշերից, Պետրոս ջան, կարելի է մտածել` դու չես հաջողացնում…
Ծիծաղեցինք համ իր հարցի, համ իմ պատասխանի վրա: