Դա Էրդողանի ինքնախոստովանությունն էր

Դա Էրդողանի ինքնախոստովանությունն էր

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 15-ին Թեհրանում հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Քննարկվել են ոչ միայն տնտեսական համագործակցության հարցեր, այլև տարածաշրջանային քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր։

Զրուցել ենք իրանցի քաղաքագետ Փույա Հոսսեյնիի հետ։ 

- Ռայիսին գրեթե ուղիղ տեքստով Մհեր Գրիգորյանին ասել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրացիների առկայությանը, նույնիսկ եթե դա արվում է խաղաղություն հաստատելու պատրվակով։ Ի՞նչ է նշանակում Իրանի նախագահի կողմից նման դժգոհության այս արտահայտումը։

- Իրանը միշտ հայտարարել է, որ դեմ է օտար ուժերի ներկայությանը տարածաշրջանում, որովհետև Իրանին անհանգստացնում է օտար ուժերի ներկայությունն այստեղ։ Դա կարող է շահերի բախման և հակասություններն ավելի խորացնելու պատճառ դառնալ, և գերտերությունները Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում էլ կարող են ուժի միջոցով և փոքր երկրներում պատերազմներ հրահրելով իրենց դիրքերն ամրապնդեն այս տարածաշրջանում։ Դրա համար է Իրանն անհանգիստ ու դիմակայություն է ցույց տալիս այդ հարցում։ Միաժամանակ Իրանն ասում է, որ ինքը կարող էայնպիսի դեր կատարել, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն լինի և միջնորդի դեր ստանձնի։ Իրանը կարծում է, որ ի վիճակի է նաև Անդրկովկասում անվտանգությունը պահպանել։ Իրանը Արցախում սանձազերծված պատերազմից հետո միշտ հայտարարել է, որ գեոպոլիտիկ փոփոխություններ թույլ չի տալու տարածաշրջանում և սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է և մինչև հիմա պահել է դա։ Այդ մասին վկայում է նաև Էրդողանի վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ արտահայտած միտքը, որ միայն Իրանի դեմ արտահայտվելը թույլ չի տվել մինչև հիմա Զանգեզուրի միջանցքի իրականանալուն և դա ինքնախոստովանություն էր։ Դա վկայում է, որ Իրանը մեծ դեր ունի Անդրկովկասի անվտանգության հարցում։

- Իրանն ինչպես է վերաբերվում եվրոպացի դիտորդների ներկայությանը ՀՀ-ում։

- Խնդիրներից մեկը, որի մասով Իրանը անհանգիստ է՝ դա օտար ուժերի ներկայությունն է Հայաստանում։ Այդ օտար ուժերը խոչընդոտում են Իրան-Հայաստան հարաբերությունները և Հայաստանի վրա ճնշում է գործադրում, իսկ պատժամիջոցների պատճառով շատ ծրագրեր կիսատ են մնում, կամ էլ շատ դանդաղ են առաջ գնում և շատ վնաս է հասցվում Իրան-Հայաստան հարաբերություններին ու ի վերջո Հայաստանի շահերին։ Հայաստանը շատ լայն շահեր ունի` և անվտանգային և այլ ընդհանուր խնդիրներ Իրանի հետ, ու խոչընդոտելով Իրան-Հայաստան հարաբերություններին, ուղիղ վնաս է հասցվում Հայաստանի շահերին և անվտանգությանը։ Օտար երկրների ներկայությունը կարող է շահերի հակասությունը մեծացնել տարածաշրջանում գերտերությունների միջև և հակասություններն ավելի խորացնել և դա ուղիղ վնաս կհասցնի տարածաշրջանի անվտանգությանը: Անդրկովկասը չպետք է դառնա գերտերությունների առճակատման վայր՝ դա շատ վտանգավոր է տարածաշրջանի երկրների համար։

- Թավրիզում հայկական հյուպատոսարանի բացումը կարող ենք համարել մեկ քայլ առաջ հայ-իրանական հարաբերություններում, եթե նկատի ունենանք, որ ՀՀ իշխանությունները զգուշանում են Իրանի հետ հարաբերությունները խորացնելուց։ 

- Թավրիզում հյուպատոսարանի բացումը շատ դրական քայլ է Իրան-Հայաստան հարաբերություններում և դրա վկայությունն է Ադրբեջանի անհանգստությունն այս առիթով։ Մենք տեսնում ենք, որ շատ աղմուկ բարձրացավ Ադրբեջանում՝ Թավրիզում Հայաստանի հյուպատոսարանի բացման հետ կապված և դա խոսում է այն մասին, որ դա տարածաշրջանում շատ դրական քայլ էր և այն բարձրացնում է տարածաշրջանում անվտանգության կայացման հարցում։ Իրանը նաև անցած տարի հյուպատողություն բացեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Դա ևս շատ կարևոր և ռազմավարական դիվանագիտական քայլ է Իրան-Հայաստան հարաբերությունների կոնտեքստում և տարածաշրջանում և մենք տեսնում ենք, որ դրանից հետո Ռուսաստանը և Ֆրանսիան հայտ ներկայացրեցին, որ իրենք էլ են ուզում հյուպատոսարան բացեն, բայց դա եղավ Իրանի կողմից հյուպատոսարան բացելուց հետո միայն։

- Եվրոպացի դիտորդների թիվն ավելանալու է։ Հնարավո՞ր է, որ սա հայ-իրանական հարաբերությունների սրման պատճառ դառնա։

- Այո, Իրանը դեմ է օտար ուժերի ներկայությանը տարածաշրջանում: Ամեն դեպքում Իրանը հարգում է Հայաստանի ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միշտ այդ մասին հայտարարել է և ինչքան օտար ուժերի ներկայությունը լինի և մեծանա, Իրանն իր դժգոհությունը բարձրաձայնում է, բայց մեծ հաշվով Իրան-Հայաստան հարաբերությունների վրա դա մեծ ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև մենք հազարամյա հարևան, բարեկամ երկրներ ենք և Իրանը երբեք չի հրաժարվի Հայաստանին աջակցելուց և հարաբերվելուց և Իրանը միշտ Հայաստանի կողքը կանգնած է լինելու, որովհետև Իրանն ու Հայաստանն ունեն փոխկապակցված շահեր և անվտանգության խնդիրներ։ Իրանը կարող է անհանգստանալ, անհանգստությունը բարձրաձայնել, բայց դա չի նշանակում Իրանը կարող է չաջակցել Հայաստանին։

- Թեհրանում հանդիպման ժամանակ պայմանավորածություն է ձեռք բերվել՝ ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդի։ Արդյո՞ք Իրանը փորձում է տնտեսական ազդեցություն ունենալ Հայաստանում։

- Իրանը քանի տարի է փորձում է առևտրաշրջանառության շեմը բարձրացնել Հայաստանի հետ և քայլեր է արել այդ ուղղությամբ։ Իրանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները նվազագույն վիճակում են և դա չի համապատասխանում մեր երկու երկրների հարաբերություններին։ Պետք է մեծացնել այդ հարաբերությունների ներուժը՝ նաև տնտեսական։ Իրանը կամք ունի և այդ ուղղությամբ շատ քայլեր է անում։ Սկզբի համար նախատեսված է 300 միլիոն դոլար առևտրաշարջանառություն, մյուս քայլը մեկ միլիարդն է և երրորդը՝ 3 միլիարդ դոլարին հասցնել առևտրաշրջանառությունը։ Դա, իհարկե, մեծ ազդեցության կունենա Հայաստանի տնտեսության վրա և ինչքան Իրանի հետ տնտեսական հարաբերությունները կարողանա բարձրացնել, դա դրական ազդեցություն կունենա։ Իրանը հարուստ, շատ հումք ունեցող երկիր է, դեպի ծով ճանապարհ ունեցող երկիր է և մեծ հնարավորություններ ունի Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար։ Եվ որքան Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունները լավանան, այնքան Հայաստանը կշահի, Հայաստանի տնտեսությունը կզարգանա։