Սյունիքում զբոսաշրջիկներ են հայտնվել
Չնայած թշնամու ամենօրյա սպառնալիքներին և ռազմական գործողություններին` Սյունիքի մարզում կյանքն իր բնականոն հունով է ընթանում: Սյունիքի մարզպետարանից «Հրապարակին» հայտնեցին, որ Կապանում վերջին շրջանում բավականին շատ զբոսաշրջիկներ են հյուրընկալվել: Պարզ չէ, թե շատն ինչքան է եւ ինչպես է ստացվում, որ օտարազգի զբոսաշրջիկները չեն խուսափում Սյունիք այցելելուց, եթե անգամ հայաստանցիներն են խուսափում: Բայց եթե այդպես է, ապա դա լավ նշան է` պատերազմից հետո Սյունիքը դատարկվել էր, իսկ Գորիսի, Սյունիքի, Ջերմուկի հյուրանոցներն ու հանգստավայրերը մեծ վնասներ էին կրում:
Մարզպետարանից մեզ ասացին, որ Կապանում վերջին տարիներին կառուցվել է երեք հյուրանոց, ամենահայտնին ու հեղինակավորը` «Three Ways»-ն է: Մեզ հայտնեցին նաեւ, որ Սյունիքի Մեղրի քաղաքում երեք բազմաբնակարան շենք է կառուցվում, որից մեկի շինարարական աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Սյունիքի մյուս քաղաքներում բնակելի շենքեր չեն կառուցվում, սակայն շինարարական տարբեր ծրագրեր են իրականացվում:
Օրինակ Գորիսի համայնքապետարանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ գյուղերի կիսաքանդ շենքերի նորգմամբ է զբաղվում և դրանք տրամադրում անապահով, բազմազավակ ընտանիքներին: Նման մի ծրագիր էլ իրականացնում է Կապանի համայնքապետարանը` սակայն միայն արցախցիների համար:
Մեր այն հարցին, թե ո՞ր սահմանամերձ համայնքներում են նման աշխատանքներ իրականացվել, մարզպետարանից տեղեկացրին, որ, օրինակ, Շուռնուխում մի շարք կիսաքանդ շենքեր են նորոգվել և հանձնվել են անապահով ընտանիքներին: Այս ծրագիրն իրականացնում է Գորիս խոշորացված համայնքը` համայնքապետի` Առուշ Առուշանյանի ղեկավարությամբ:
Հարցին, թե հյուրանոցներ, ժամանցի կենտրոններ, Կապանից բացի էլ ո՞ր քաղաքներում են կառուցվում, մեր զրուցակիցը նշեց, որ հստակ ասել չի կարող, սակայն մարզում ընդհանուր առմամբ ակտիվություն է նկատվում, կան բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ:
Նկատենք, որ վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում ակտիվ շինարարական աշխատանքներ են տարվում` գրեթե բոլոր թաղամասերում բազմաբնակարան շենքեր և հյուրանոցներ են կառուցվում: Նմանատիպ պատկեր նաև Կոտայքի մարզում է, ուստի մեզ հետաքրքրում էր, թե այս շինարարական բումը որքանով է հասել մյուս մարզեր եւ հատկապես` Սյունիք:
Կարծիքներ