Հետպատերազմական շոկ, թանկացումներ, կյանքի բարդացում. հանրային ցասումը մեծանում է

Հետպատերազմական շոկ, թանկացումներ, կյանքի բարդացում. հանրային ցասումը մեծանում է

Վերջին շրջանում նկատելի է դարձել հասարակության շրջանում օր օրի մեծացող ցասումը: Նախ Ազգային ժողովի նախագահին են փողոցում դավաճան անվանում, դրան հաջորդում է բերձորցի կնոջ՝ անձրևանոցով հարվածը վարչապետին, երեկ էլ ոճաբան, դիզայներ Արամ Նիկոլյանը համալիրում այրեց Ադրբեջանի դրոշը, ինչը երեկվանից հասարակության քննարկման հիմնական և միակ թեման է դարձել: 

Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով՝ այն, ինչ մեզանում կատարվում է այսօր, հիմքն է այն բանի, որ ավելի քան հինգ տարի շարունակ Հայաստանը որևէ առումով որևէ զարգացում չապրեց. «Հետպատերազմական շոկ, թանկացումներ, կյանքի բարդացում, սրանք բոլորն այսօր արտահայտվում են ագրեսիվ տարբեր գործողություններով: Անկեղծ ասած՝ դրոշ վառելն ինձ բոլորովին չի ոգևորել, որովհետև սխալ է, երբ խոստանում են ադրբեջանցիների անվտանգությունը երաշխավորել, սակայն չեն կարողանում այն կյանքի կոչել: Կամ պետք է առհասարակ ադրբեջանցիներին Հայաստան մտնել չթողնեին, կամ եթե պայմանավորվել են, պետք է կարողանային զերծ մնալ նման միջադեպերից: Ինչո՞ւ եմ դրոշ վառելուն դեմ, որովհետև վաղը կարող են Հայաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառել, ինչը ոչ մի լավ բան մեզ տալ չի կարող: Տունտունիկային ձևերով քաղաքական հարցերին մոտենալ չի կարելի, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Ես հեղափոխական մոտեցումներին մշտապես դեմ եմ եղել, այսօր էլ դեմ եմ: Խուլիգանական պայքարի մոդելը բթացնում է անհատին, ուստի միշտ պետք է պայքարել քաղաքակիրթ ձևով:  Արդեն լրանում է հինգերորդ տարին, ինչ Հայաստանն ունի նոր իշխանություն, սակայն ոչ մի լավ բան գրեթե ոչ մեկն այս հինգ տարվա ընթացքում չտեսավ, բացառությամբ մի քանիսի: Հավանաբար բոլորս էլ հիշում ենք, թե 2018-ին մարդիկ որքան ոգևորված էին ու ինչ սպասելիքներ ունեին, սակայն դրանք չիրականացած տեսնելը, դեռ մի բան էլ հետպատերազմական ապրումներն ու սահմաններից եկող տագնապալից լուրերը, դրան գումարած սոցիալական ծանր վիճակն առաջացնում է ցասում: Անձը շատ դժվարությամբ է ներում իր սեփական սխալը: Ունենք մի ստվար բանակ, որն ընդունում է իր սխալ ընտրության դառը հետևանքները: Սա ևս անհատի մոտ առաջացնում է ագրեսիա ու հանգեցնում նման բարդ իրավիճակների»,- նշում է հոգեբանը:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ նշում է, որ չի կարելի անհատական՝ մեկ մարդու արարքը դատելով խոսել մի ողջ հասարակության մասին. «Այսօր տեղի ունեցող պրոցեսները խիստ անհատական են: Հասարակության մոտեցման և վերաբերմունքի փոփոխության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ լինեն թիմային գործողություններ: Օրինակ՝ Վայոց Ձորում կինն անձրևանոցը նետել է վարչապետի վրա: Սրանից չի կարելի ենթադրել, որ հասարակության վերաբերմունքը վարչապետի հանդեպ փոխվել է: Այ եթե մոտ տասը կին այսպես վարվեր, դա այլ հարց կլիներ: «Մենք»-ը վերածվել է «ես»-ի և դա լավ չէ: Իհարկե, սա ևս ընդվզում է, սակայն ոչ հանրային», - պնդում է հոգեբանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներին այսօր Հայաստան հրավիրելը մեծագույն սխալ էր: «Հերիք չի ադրբեջանցիներին կանչել են Հայաստան, մի հատ էլ դրոշ են վառում: Ռամիլ Սաֆարովից պետք է տարբերվել և ցիվիլ լինել»,- խոսքը եզրափակեց հոգեբանը: