ԵԽ կոնգրեսի դիտորդները՝ Երևանի ընտրությունների մասին

ԵԽ կոնգրեսի դիտորդները՝ Երևանի ընտրությունների մասին

Կոնգրեսի ինը հոգանոց դիտորդական պատվիրակությունը երեկ ավարտել է իր առաքելությունը՝ կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին Հայաստանի մայրաքաղաքի 12 թաղամասերում կայացած Երևանի ավագանու ընտրություններում։
Այդ մասին նշված է Կոնգրեսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ․

«Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմեր՝ Կառլա Դեժոնգեի (Բելգիա, ILDG) գլխավորությամբ այցելել են Երևանի բոլոր թաղամասերի՝ պատահականության սկզբունքով ընտրված մոտ 113 ընտրատեղամասեր՝ այտեղ գտնվելով բացման պահից մինչև փակում և հաշվարկ: Տեղում այս առաքելությանը նախորդել էին սեպտեմբերի 15-16-ը հանդիպումները ընտրական հիմնական շահագրգիռ կողմերի, դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների հետ:

Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրություններ՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների: Պատվիրակությունը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչների աջակցությամբ ընտրողների իսկությունը հաստատող սարքերն ու տեսախցիկները անխափան գործել են քվեարկության ողջ օրվա ընթացքում՝ նվազեցնելով կեղծիքների հնարավորությունները և ամրապնդելով ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ։ ԵԽ պատվիրակությունը ողջունել է նաև քվեաթերթիկների փոփոխությունը, որը նպաստել է ընթեռնելիության բարելավմանն ու նվազեցրել այսպես կոչված կարուսել քվեարկության հնարավորությունը։

Մենք ողջունում ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում առաջացած բարելավումները, ինչպես նաև ԿԸՀ-ի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այս փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ դասընթացների ներդրումը, և մենք խորհուրդ ենք տալիս դրանք հետագայում պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն էլ ավելի ստանդարտացնելու նպատակով։

Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում հետաքրքրության պակասի համար, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Ի լրումն, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին բազմաթիվ ընտրողների և մրցակիցների կողմից Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հասկանալիորեն արտահայտված անվտանգության մտահոգությունների պատճառով: Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը։

Քարոզարշավը բևեռացված էր  այն գլխավորում էին քաղաքապետի թեկնածուները: Պատվիրակությանը զեկուցվել է իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսի չարաշահման և ԶԼՄ-ների կողմնակալության վերաբերյալ հայտարարությունների մասին։ Այդ առումով և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք հավատում ենք պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությանը, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ Կոնգրեսի կողմից առաջարկվել էր, ընտրատեղամասերի հասանելիությունը մնում է կարևոր խնդիր, որը պահանջում է հետագա հրատապ միջոցներ: Մենք ափսոսանք հայտնեցինք, որ չափազանց շատ ընտրատեղամասեր մատչելի չէին հաշմանդամություն ունեցող ընտրողների, տարեցների և փոքր երեխաներ ունեցող ծնողների համար։

Մենք նշեցինք, որ կային մի քանի ոլորտներ, որտեղ, թեև իրավական դաշտը համարժեք էր թվում, օրենքի ոգով որոշ դրույթների իրականացումը կարող էր ավելի բարելավվել: Օրինակ, թեև բոլոր ցուցակներում պահպանվել է կին թեկնածուների 30% քվոտան, ցուցակների ղեկավարները շատ քիչ են եղել կանայք և, հետևաբար, թերներկայացված են հանրային քննարկումներում:

Ի վերջո, մենք նաև իշխանություններին հրավիրում ենք դիտարկել ամբողջ երկրում տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրությունների քվեարկության միասնական օր սահմանելու հարցը, ինչն արդեն մատնանշվել էր Կոնգրեսի վերջին զեկույցում։

Կոնգրեսի առաքելությունից հետո հանձնարարականի նախագիծը կքննարկվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա)»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելություն պատվիրակության անդամները տարբեր երկրներից են՝ Բելգիայից, Դանիայից, Հունգարիայից, Վրաստանից, Շվեդիայից, Սերբիայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից։