Նիկոլը հաջորդ ցավոտ զիջումներն ու կորուստներն է պատրաստում` արդեն ՀՀ-ի համար

Նիկոլը հաջորդ ցավոտ զիջումներն ու կորուստներն է պատրաստում` արդեն ՀՀ-ի համար

Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված Hraparak.am-ը զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ , ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ, ով մի խումբ ՀՀԿ-ականների հետ երեկվանից գտնվում է Արցախում։

- Պարոն Զաքարյան, Արցախում եք։ Տեղեկացանք, որ Արցախի Ազգային ժողովի կողմից հրավիրված եք եղել լսումների, սակայն լսումների փոխարեն Ազգային Ժողովում գումարվել է արտահերթ նիստ։ Ինչն է պատճառը։

- Դեռ պարզ չի։ Այսօր երեկոյան խմբակցությունների հետ կհանդիպենք, կհասկանանք տրամադրությունները և մտադրությունները։ Մեզ համար պարզ չի, թե ինչու են որոշել լսումները փոխարինել արտահերթ նիստով։

- Իսկ ինչ տրամադրություններ են Արցախում։

- Արցախցիների տրամադրությունը ամուր է, կայուն, վճռական։ Այն ազդանշանները, որ նրանք ստանում են Հայաստանի Ազգային Ժողովի դահլիճի դավադիր ու պարտվող, թրքամետ, այլևս կարող ենք նաև ասել` «Միլի մեջլիս» խմբակցությունից, բնականաբար, կարող ենք ասել դրական ոչ մի հետևանք չի կարող թողնել։ Իրենք իրենց գործողություններով արդեն թաղել են հայ ժողովրդի պայքարը, նպատակներն ու շահերը։

-Ի՞նչ օրակարգով եք գնացել։

- Հատուկ օրակարգ չկա։ Եկել ենք Արցախի վաղվա ճակատագրով հանդիպելու մեր գործընկերներին։ Մեր պատգամավորները և կուսակցության ներկայացուցիչները Արցախի հետ պարբերաբար կապի մեջ են եղել։ Այսօրվա ընթացիկ քաղաքական իրավիճակով պայմանավորված` փորձում ենք հասկանալ քաղաքական տրամադրությունները, հնարավոր ելքերը և անելիքները։

- Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո Հայաստանյան քաղաքական դաշտում լարվածություն, շփոթմունք կա։ Ի՞նչ սպասել առաջիկայում։

- Ալիևը, երևի ավելի շատ հայանպաստ նախադասություններ է ասում, քան Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ելույթում ասաց։ Երեկ հստակ ասաց, որ Արցախից մենք հրաժարվում ենք, արցախյան պայքար չի եղել, ամբողջը անիմաստ է եղել, հայ ժողովուրդը սխալ ճանապարհի վրա է եղել։ Եվ հիմա խաղաղության անվան տակ պատրաստվում են և Արցախի և Սյունիքի մասնատումն ու հանձնումը Ադրբեջանին։ Եթե Հայաստանում լիներ Ադրբեջանի դեսպանատուն՝ դեսպանը կասեր նույն բանը, ինչ Նիկոլն ասաց երեկ։

- Դելիմիտացիոն հանձնաժողովը կորոշի Հայաստանի սահմանները։ Ի՞նչ եք կարծում` հայանպաստ կլինի այդ գործընթացը, թե՝ ոչ։ Հաշվի առնելով, որ առջևում կա ևս մեկ կանխորոշիչ հանդիպում՝ Մոսկվայում։

- Այն, ինչ որ կախված է Փաշինյանից` ոչ մի դրական ակնկալիք չունեմ, չի եղել և չի լինելու։ Այս ամբողջ պատմությունը հենց նրա միտումնավոր կազմակերպված, ստեղծած պատմությունն է։ Տեսաք, թե ինչպես երեկվա ելույթի ժամանակ իր մեղքը գցեց իրեն ընտրած ժողովրդի վրա՝ ասելով, որ եթե այսքան վատ է,  և մենք Արցախը հանձնում ենք, իմ ընտրողներն են մեղավոր, որովհետև նրանք ինձ Արցախը հանձնելու մանդատ տվեցին։ Ցինիզմի և քաղաքական տգիտության հետևանք։ Պետք է համաժողովրդական շարժում սկսել և ժողովրդին ոտքի հանել։ Ժողովուրդը պետք է իր վճռական խոսքն ասի՝ կամ նա պատրաստ է ձեռքերը վեր հանձնվելու թուրք-ադրբեջանական տանդեմին, կամ պետք է այս իշխանություններից ձերբազատվի։ Ուրիշ տարբերակ չկա։ Խաղաղությունը միֆ է, խաղաղություն չի լինելու այս պարագայում։ Նիկոլը հաջորդ ցավոտ զիջումներն ու կորուստներն է պատրաստում` արդեն Հայաստանի Հանրապետության համար։ Մեր ժողովուրդը՝ նրա գիտակից, մտավոր հատվածը,  պետք է հասկանա, որ սա շատ վճռական պահ է, հետոն շատ ուշ է լինելու։