«Հրապարակ». Փոխանակ իրենք ջանքեր թափեն, որ այդ ցլերը դառնան եզ, բտում են ցլերին

«Հրապարակ». Փոխանակ իրենք ջանքեր թափեն, որ այդ ցլերը դառնան եզ, բտում են ցլերին

Փետրվարի 20-24-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ, որի ավարտին հայտարարություն են տարածել` անդրադառնալով նաեւ Սահմանադրության հնարավոր փոփոխություններին. Գերագույն հոգեւոր խորհուրդը «խիստ տարակուսելի է համարում նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաեւ որպես հետեւանք արտաքին հարկադրանքի»։

Նիկոլ Փաշինյանն այս առումով՝ Հանրային ռադիոյին տված իր հարցազրույցում ասել է, որ եթե չհանենք «կարմիր շորը», այսինքն՝ չհրաժարվենք Անկախության հռչակագրով սահմանված ազգային նպատակներից, ապա երկու ցլերը՝ Ադրբեջանն ու Թուրքիան, չեն թողնի, որ մենք ճանապարհ անցնենք, այսինքն՝ պատերազմ կսկսվի։
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հարցրինք, թե արդյոք խորհուրդը քննարկե՞լ է Սահմանադրության փոփոխության եւ հնարավոր նոր պատերազմի կապը։ Հարցրինք նաեւ՝  որքանո՞վ է հավանական համարում, որ եթե Հայաստանը չփոխի իր մայր օրենքը, ապա Ադրբեջանի համար լեգիտիմ հնարավորություն կստեղծի՝ հարձակվելու Հայաստանի վրա՝ նկատի ունենալով, որ հենց սա է իշխանության արդարացումը։ ««Կհարձակվի»-ն չի նշանակում, որ լեգիտիմ հնարավորություն կունենա հարձակվելու, ոչ մի լեգիտիմ հիմք չունի հարձակվելու։ Չէ, սա մեր ընդհանուր քաղաքականության մասն է կազմում` վախեցնել հանրությանը պատերազմի ուրվականով եւ բոլոր հնարավոր- անհնարին զիջումներն անել։ Հիմա սա է այս մարդկանց քաղաքականությունը, ի՞նչ ասես։ Փոխանակ իրենք ջանքեր թափեն, որ այդ ցլերը դառնան եզ, ավելի բտում են այդ ցլերին»,- պատասխանեց սրբազանը։

Եթե, այնուամենայնիվ, Սահմանադրությունը փոխելու հանրաքվե նշանակվի, ի՞նչ դիրքավորում կունենա եկեղեցին՝ հարցրինք Միքայել արքեպիսկոպոսին։ Հնարավո՞ր է, որ եկեղեցին ընդդեմ այդ փոփոխության դիրքորոշում հայտնի, թե՞ տեղի կտա «Եկեղեցին քաղաքականությանը չպետք է խառնվի» իշխանության կողմից տարածվող խոսույթին։ Սրբազանը պատասխանեց․ «Նախ պետք է առաջարկվող տեքստին ծանոթ լինենք։ Հիմա որեւէ անհրաժեշտություն չկա նոր սահմանադրության, բայց եթե իրենք անհրաժեշտ են նկատում, ապա գոնե տեքստը պետք է հայտնի լինի, չէ՞։ Առանց տեքստին ծանոթ լինելու հիմա ի՞նչ ասենք»։

Դիտարկմանը, որ ամենաշատ շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ ցանկանում են Սահմանադրությունից վերացնել Հայ առաքելական եկեղեցու բացառիկ նշանակությանը վերաբերող դրույթը (ըստ ՀՀ գործող սահմանադրության 18-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում), Միքայել սրբազանն արձագանքեց․ «Եթե նման բան լինի, բնական է, որ դեմ պիտի արտահայտվենք, չնայած որ դա չէ միակ հիմքը դեմ արտահայտվելու, բայց եթե նման բան կա, ապա, բնականաբար, պիտի դեմ արտահայտվենք»։

Չնայած  եկեղեցու նկատմամբ իշխանության վատ վերաբերմունքին եւ երբեմն կազմակերպվող հարձակումներին, այնուամենայնիվ, շաբաթ օրը Մայր Աթոռի տարածքը բազմամարդ էր, այսինքն՝ կարելի է ասել, որ եկեղեցին շարունակում է ունենալ բարձր հեղինակություն, համախմբել մարդկանց։ Սակայն վերջիններս չարժանացան Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը, Վեհափառը նրանց հետ չհանդիպեց, չնայած մարդիկ գնացել էին եկեղեցուն եւ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանելու։ Միքայել սրբազանին հարցրինք՝ ինչո՞ւ Վեհափառը չհանդիպեց ի աջակցություն եկեղեցու Մայր Աթոռ գնացած մարդկանց հետ։

«Ես տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ անհրաժեշտությունը չի եղել, եւ չեմ էլ կարծում, թե հավաքվածներն այդ ակնկալիքն ունեցել են, որ անպայման Վեհափառը պետք է իրենց ընդունի, բայց ես մանրամասնություններին տեղյակ չեմ»։ Ինչո՞վ է սրբազանը  բացատրում վերջին շրջանում եկեղեցու դեմ իրականացվող ակցիաները, ինչի՞ համար են դրանք արվում։ «Ո՞ւր է այդտեղ շարժում, որ Դուք «նոր շարժում» եք ասում, ինչ-որ մարդիկ են` երեւի հոգեկան խնդիր ունեն։ Երեւի հոգեբույժները չեն բավականացնում»,- պատասխանեց սրբազանը։