Լռությունը ոսկի է

Լռությունը ոսկի է

Ժամանակին մենք ունեինք երկրի չխոսկան ղեկավարներ, հիմա ունենք չափից դուրս շատ եւ չափից դուրս հաճախ խոսող ղեկավար: Նախկին բոլոր նախագահները տարիներ շարունակ չէին խոսում` ասուլիս ու հարցազրույց չէին տալիս, հայտարարություններ չէին անում, ժողովրդի մեջ դուրս չէին գալիս, եւ շատ հարցեր մնում էին անպատասխան, կամ դրանք հանրությանն էին հասցվում տարբեր խողովակներով. խոսնակների, իշխանական լրատվամիջոցների, կառավարության անդամների եւ ՀՀԿ-ական պատգամավորների խոսքի միջոցով: Հիմա ճիշտ հակառակ պատկերն է` բոլորի փոխարեն եւ բոլորից շատ խոսում է Նիկոլ Փաշինյանը: Նա հարցազրույցներ է տալիս արտերկրյա լրատվամիջոցներին եւ Հանրային հեռուստատեսությանը, կառավարության բոլոր նիստերն օգտագործում է մենախոսելու համար, գնում է մարզեր եւ տարբեր հայտարարություններ է անում: Եվ որքան շատ է խոսում, այնքան շատ սխալներ է թույլ տալիս: Որքան հաճախ է հանդես գալիս, այնքան շատ հարցականներ են ծնվում, խոսքի հակասություններ են ի հայտ գալիս: Նրա յուրաքանչյուր հայտարարությունից հետո պատասխան հայտարարություններ են հնչում Ադրբեջանից ու Ռուսաստանից:

Բոլոր ելույթներն օրեր շարունակ դառնում են սոցցանցերի եւ լրատվամիջոցների քննարկման առարկան: Նա կարող է ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից անմիջապես առաջ հայտարարել. «Այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա», եւ ազդել ԱԽ որոշման վրա: Կամ հայտարարել` թող արտագնա աշխատանքի մեկնողները «մերձդաշտյա ճանապարհներով հնձեն եղեգներն ու այդպես հասնեն օդանավակայան կամ Զանգուի ձորով, բնաշխարհը վայելելով, ոտ-ոտ հասնեն Երեւան»: Այս տարիներին այնքան շատ նման հայտարարություններ ենք լսել, որ կորցրել ենք զարմանալու ունակությունը: