«Դեկտեմբեր ամսվանից մինչեւ այսօր Արմեն Գևորգյանն աշխատավարձ չի ստանում»

«Դեկտեմբեր ամսվանից մինչեւ այսօր Արմեն Գևորգյանն աշխատավարձ չի ստանում»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այժմ ընթանում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների բողոքի քննությունը։

Պաշտպանական կողմը բողոքարկել է քննիչի որոշումը, ըստ որի՝ Արմեն Գևորգյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։ 

Դատախազությունն այս որոշումն անփոփոխ է թողել։

Արմեն Գևորգյանն այսօրվա դատական նիստին չէր մասնակցում, պաշտպանը նշեց, որ չի ցանկացել ներկայանալ։

Դատարանում նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացնելիս նշված չէ, թե որ հիմքերով է դա արվել․ «Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու հիմքով։ Այս մեղադրանքի դեպքում որպես պատիժ չի սահմանվում գույքի վրա կալանք դնելը»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանք է դրվել Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա, ինչը խախտել է վերջինիս սեփականության իրավունքը․ «Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել գոյություն չունեցող հիմքով»։

Պաշտպանն ասաց, որ քննիչի որոշման հետևանքով Արմեն Գևորգյանը զրկված է աշխատավարձ ստանալու, և՛ իր, և՛ ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից։

Պաշտպանական խումբը հայտարարեց՝ քննիչի և դատախազության որոշումներն անհիմն են և ենթակա են վերացման։

Մեղադրող Հայկ Պետրոսյանն էլ նշեց, որ ձևական որոշումների շարան կստացվեր, եթե դատախազությունը վերացներ կալանքի որոշումը՝ ելնելով նախկին մեղադրանքի վերացումից, և նոր որոշում ընդուներ գույքը կալանքի տակ դնելու վերաբերյալ փոփոխված մեղադրանքների հիմքով։
Դատարանի հարցին, թե ինչպես կարձագանքի դատախազը պաշտպանի այն հայտարարությանը, որ արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքի դեպքում որպես պատիժ չի կարող կիրառվել գույքի վրա կալանքի կիրառումը, Հայկ Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ փուլում դատական ծախսերի անհրաժեշտության հիմքեր են եղել, իսկ հետագա մեղադրանքն էլ բերել է նոր հիմքեր և անհրաժեշտություն՝ գույքի վրա կալանք կիրառելու համար»։

Պաշտպաններից մեկը հակադարձեց, որ դատական ծախսերի մասին խոսք լինել չի կարող, և հավելեց․ «Արմեն Գևորգյանը փորձել է աշխատավարձ ստանալ, պարզվել է՝ արգելք է դրված եղել, դեկտեմբեր ամսվանից մինչեւ այսօր աշխատավարձ չի ստանում»։

Դատախազն ասաց, որ ներկայացված բողոքը հիմնազուրկ է և ենթակա է մերժման։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):