Մարդիկ շարունակում են դուրս գալ Կիեւից, այդ թվում` հայերը

Մարդիկ շարունակում են դուրս գալ Կիեւից, այդ թվում` հայերը

Պատերազմական իրավիճակը ռուս-ուկրաինական ֆրոնտում մեզ հետաքրքրում է նախ եւ առաջ հայ համայնքի տեսանկյունից` ինչպես են զգում իրենց Ուկրաինայում ապրող հայերը, որտեղ են, ինչի կարիք ունեն եւ այլն: Չէ որ մոտ 500 հազարանոց հսկայական համայնք կա Ուկրաինայում, որը եւս տուժում է այս իրավիճակից: Այդ նպատակով ամեն օր կապվում ենք Ուկրաինայում հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանի հետ եւ հետաքրքրվում ենք իրավիճակի փոփոխություններով:

«Այսօր գիշերը Կիևում նորմալ է անցել։ Հիմնականում ժողովուրդը ապաստարաններում են եղել։ Խնդիրներ ունենք Խարկով քաղաքում։ Այսօր առավոտյան Խարկովի կենտրոնական հրապարակն են ռմբակոծել։ Ուկրաինացիների մեջ կան զոհեր, հայ համայնքից զոհեր և վիրավորներ չունենք։ Տրանսպորտն աշխատում է։ Խանութները բաց են, հերթեր են մեծ։ Աշխատում են նաև դեղատները։ Ժողովուրդը շարունակում է դուրս գալ Կիևից դեպի Արևմուտք։ Ուղեկցում ենք բոլորին, բայց և հիմնականում առաջարկում ենք մնան տեղերում՝ մինչև կայունություն կստեղծվի»,-մեզ հետ զրույցում ասաց Կիևի հայ համայնքի նախագահ Նորիկ Գևորգյանը։ 

Մեր այն հարցին, թե որքան հայ է այս պահին ծառայության մեջ գտնվում ուկրաինական բանակում, համայնքի ղեկավարն ասաց՝ շատ։  «Ուկրաինական բանակում գտնվող մեր հայրենակիցների թվի մասին էլ դեռ տեղեկություններ չունենք, բայց շատ են։ Չունենք նաև տեղեկություններ վիրավորների և զոհերի մասով»,-ասաց Նորիկ Գևորգյանը։

Կիևի հայ համայնքի ղեկավարը նշեց նաև, որ այս պահին Կիևում չկան ռմբակոծություններ։ Դրանք հիմնականում սկսվում են երեկոյան և վաղ առավոտյան։