Շինարարության հերթական հասցեն՝ Գյումրի

Շինարարության հերթական հասցեն՝ Գյումրի

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերն այցելել են Գյումրի՝ հերթական ընտանիքին աջակցելու համար: Հայրենակիցներից շատերի նման, Հովհաննիսյաններն էլ իրենց տունը կորցրել են 1988թ. երկրաշարժի հետեւանքով: Դրան հաջորդել են մի փոքրիկ ավտոտնակում ապրելու, ապա քարաշեն կիսակառույց գնելու եւ այն տուն դարձնելու փորձերի երկարուձիգ տարիները: Արմենին հաջողվել է բազմանդամ ընտանիքի հոգսերին զուգահեռ՝ տանիք կապել, բայց քսան տարվա ձեռքբերումները շատ չեն եղել. վերանորոգման աշխատանքները մնացել են անավարտ:

Գյումրեցի ընտանիքի համար բնակարանային պարզ եւ հարմարավետ պայմաններ ստեղծելը թվացել է անհավանական: Ֆինանսական եւ առողջական խնդիրներով պայմանավորված՝ շինարարությունը, կիսաքանդ խոհանոցի եւ սանհանգույցի խնդիրներն աչքաթող են արվել:

Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինությվան ծրագրո, Հովհաննիսյանների խնդրի լուծման իրատեսական ճանապարհը գտնվել է: Գործընկեր կառույցների կամավորները մասնակցել են շինարարությանն ու կատարել հատակի բետոնացման աշխատանքներ։
«Գաղտնիք չէ, որ մենք մեր ծրագրերի մեջ զգալի տեղ ենք հատկացնում սահմանամերձ գյուղերին: Այնուամենայնիվ, չենք կարող սահմանափակվել դրանով եւ ձգտում ենք հնարավորության սահմաններում օգտակար լինել նաեւ մյուսներին: Բնակարանային խնդիրը, ցավոք, արդիական է հանրապետության տարբեր բնակավայրերում:  Գիտեմ, որ շատերը «Գյումրի» բառն ասելիս, անկախ իրենց կամքից, քանդված քաղաքի պատկեր են հիշում: Ուզում եմ հավատալ, որ կգա մի օր, երբ կիսաքանդ պատեր այլեւս չեն լինի, բոլորը կունենան կառուցված ու գեղեցիկ տներ՝ անկախ իրենց բնակության վայրից: Մեր ծրագրի նպատակներից մեկն էլ դա է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տարիների գործընկերության արդյունքում կողմերին հաջողվել է լուծել ավելի քան 200 ընտանիքի բնակարանային խնդիր: Ավարտին են հասցվել կիսակառույցների եւ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տների շինարարական աշխատանքներ:

«Մենք ընտանիքներին օգնում ենք, որպեսզի բարեկարգ պայմաններ ստեղծեն եւ բարեկեցիկ ապագա կառուցեն իրենց երեխաների համար: Այս ընտանիքի երեք անչափահասներն արժանի են մեծանալու ավելի լավ պայմաններում: Դա անհրաժեշտ է նաեւ կայացած, պատասխանատու քաղաքացի ունենալու տեսանկյունից»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միայն Շիրակի մարզում կառուցվել է 12 տուն։