Մի շարքային ադրբեջանուհու հարգանք էլ չես վայելում

Մի շարքային ադրբեջանուհու հարգանք էլ չես վայելում

Նախկինում՝ արցախյան պատերազմից առաջ, կոմունիստների օրոք Գորիսից Լաչին հաճախ էինք գնում։ Ոտ-ոտ ճանապարհ էր։ Մարտի 8-ին հայ կնոջը նսեմացնելու Աննա Հակոբյանի փորձից հետո ադրբեջանցիների հետ կապված մի պատմություն եմ ներկայացնելու, որի ականատեսն եմ եղել։ 

Ադրբեջանական թաղամասերից մեկում մեծ կռիվ էր։ Տղամարդիկ բախվել էին իրար։ Քաշքշուկ, ծեծ, դանակահարություն։ Կռվողներն ամբողջովին արյան մեջ էին։ Մի քանի ոստիկան էին մոտեցել ու քարացած կանգնել։ Հնարավոր չէր այդ մեծ քաշքշուկի մեջ սանձել նրանց։ Ու հանկարծ որտեղից որտեղ մի ադրբեջանցի մեծահասակ կին հայտնվեց ու առանց վախենալու մոտեցավ կռվողների խմբին, արձակեց լաչակն ու յայլախ (թաշկինակ) նետեց կռվողների վրա։ Նման բան չէինք տեսել։ Հանկարծ ոնց որ կախարդական կինոներում՝ կռիվը դադարեց։ Տղամարդիկ մաքրում էին իրենց դեմքի ու մարմնի արյունը, մոտեցավ շտապ օգնության մեքենան, վիրավորներին հիվանդանոց տարավ։ Ոստիկաններն էլ կենդանության նշան ցույց տվին։ 

Հետո մեզ ասացին, որ Ադրբեջանում կնոջ, մոր նկատմամբ նման պետական քաղաքականություն կա։ Եթե մայրը գլխի լաչակը շպրտում է տղամարդկանց վրա, նրանք, ինչպիսի քաշքշուկի, կռվի մեջ էլ լինեն, դադարեցնում են կռիվը, արյունահեղությունը։ Մայրը  նման հարգանք ու պատիվ ուներ։

Իսկ այսօր Հայաստանի՝ չգիտես որտեղից հայտնված ամուսինները, ցանկանում են փոխել պետական քաղաքականությունը։ Հերոսներին առոչինչ դարձնելուց հետո հիմա էլ սկսել են հերոսների մայրերին նսեմացնել։ «Հնարավորություններ եւ խոչընդոտներ» Կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովի ժամանակ վարչապետի կինն ասում է․ «Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի, գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը»: 

Ուզում եմ հարցնել՝ վատ բա՞ն են սովորեցրել, տիկին։ Հայ կնոջ երջանկությունը հենց դրա մեջ է եղել, որը դու հասկանալ չես կարող։ Հասկանալ չես կարող, որովհետև դու ոչ թե հայ կնոջ երջանկությունն ես փնտրում, այլ պետական մակարդակով քարոզչություն ես անում, նվաստացնում, ստորացնում հայ կնոջ դերը։ Դարերից եկող մեր ազգային սրբությունները մտացածին ձևով ես նկարագրում՝ «մեզ անուղղակիորեն սովորեցրել են, որ երջանկությունը անառակների բանն է»: Նման բաների անդրադառնալը նույնիսկ ամոթալի է, չեմ ուզում նման ամոթալի վիճակում հայտնվել։ Պարզապես ադրբեջանցի մոր պատմությունը հիշեցի, որի առաջ գլուխ խոնարհեցին իրար դանակահարող կողմերը։ Պետական քաղաքականությունը դա է։ Արժևորել մոր դերը։ Որ մայրն իր պատմական առաքելությամբ պետություն կերտի, իրեն արժևորված զգա։ Մի շարքային ադրբեջանուհու հարգանք էլ չես վայելում քո երկրում։ ․․․ Համոզիր մարդկանց, որ դու «լիդեր կին ես»՝ քեզ լսող կա, այլ ոչ թե վատաբանիր հայ կնոջը։