Մի ծառը՝ լրիվ փտած, կարող էր վաղն ընկնել մեկի գլխին, մյուսը` 2-3 տարի մնար, հետո մի բան լիներ

Մի ծառը՝ լրիվ փտած, կարող էր վաղն ընկնել մեկի գլխին, մյուսը` 2-3 տարի մնար, հետո մի բան լիներ

Օրեր առաջ Թումանյան փողոցի ծառերի համատարած հատումը մեծ աղմուկ եւ դժգոհություն առաջացրեց ոչ միայն մասնագետների, այլ նաեւ քաղաքացիների շրջանում, եւ հասկանալի է, թե ինչու։ Ամռանն ընդառաջ քաղաքապետարանը հատում է բոլոր հաստաբուն ծառերը՝ դրանք փոխարինելով նոր տնկիներով, որոնք ստվեր չեն ապահովելու այնպես, ինչպես հին ծառերի դեպքում էր։ Չնայած այս ակնհայտ էկոցիդին, քաղաքապետարանը դեռ շաբաթներ առաջ հայտարարել էր, որ երեւանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը։

Իսկ թե որ ծառերն են կենսունակ կամ ոչ կենսունակ, դրա մասնագիտական հիմնավորումը տվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդը, որը կոչված է հսկելու ողջ գործընթացը: Գիտատեխնիկական խորհրդի նախագահը բուսաբան, ծառագետ Ժիրայր Վարդանյանն է, ով մեզ հետ զրույցում քաղաքացիների մտահոգությանը թերահավատորեն արձագանքեց՝ նշելով, որ դա ոչ թե մտահոգություն է, այլ՝ շահարկում, եւ որ կանաչապատման ՀՈԱԿ-ը մանրամասն իրենց հետ խորհրդակցել է եւ ծառերի վիճակին ծանոթացել։ Այդուհանդերձ, մենք մի քանի հարց ուղղեցինք Ժիրայր Վարդանյանին։

- Պարոն Վարդանյան, Ձեր տեսակետին հակադրվող մասնագետներն ասում են՝ հնարավոր է մի քանի ծառ իր կենսունակությունը կորցրած լիներ, բայց Թումանյան փողոցի ոչ բոլոր ծառերն էին ոչ կենսունակ, որ համատարած արմատախիլ արվեցին ու փոխարինվեցին նորատնկիներով...

- Մի մասն էլ կենսունակության ավարտին մոտ էր․․․ ես այդ մասնագետներին լավ գիտեմ, մի մասին դաս եմ տվել, բայց արդյո՞ք բոլորն են մասնագիտական գիտելիքներով ապահովված, մեկը ծառագետ պրոֆեսոր է, մեկն էկոլոգ է, մյուսը գինեկոլոգ է, էն մյուսը՝ ուռոլոգ, հաջորդն էլ՝ պատմաբան, բայց բոլորը խոսում են հավասար ձայնով։ Դա ճի՞շտ է․․․

- Ճիշտ է այնքանով, որ սա վերաբերում է բոլորիս, երեւանցիներին, ու չկա այս ծառերի սպանդի այլ հիմնավորում, բացի նրանից, որ դրանք կենսունակ չէին։ Մինչդեռ առջեւում ամառ է, իսկ Թումանյան փողոցը վերից վար «քաչալ» վիճակում է։

- Թումանյան փողոցը մինչեւ այդ էլ էր քաչալ ու անհուսալի քաչալ էր, հիմա հուսալի քաչալ է, որովհետեւ այս ծառերը կմեծանան, իսկ նրանք ծերացած էին․․․

- Հնարավոր չէ՞ր գոնե մեկումեջ փոխարինել այդ ոչ կենսունակ ծառերը, որպեսզի, նախ, փողոցն ամբողջովին չծառահատվեր, եւ հետո՝ ամռանն ընդառաջ քաղաքը չկանգներ անապատացման վտանգի առաջ։

- Մեկումեջ հնարավոր չէ, ասֆալտը քանդեն, արանքները բացեն, ծառը տնկեն, հետո՝ հաջորդ տարի նորի՞ց քանդեն այդ ասֆալտը։ Դա տեխնիկապես էլ հնարավոր պետք է լինի․․․ ես երկար ճաապարհ եմ անցել, ծառագիտության գծով գրքեր ունեմ եւ մասնագիտության շահերից ելնելով հասկանում եմ, թե ծառն ինչքանով է հուսալի, եւ արժե՞, որ այդ թեղին էլի մնա, որովհետեւ այդ ծառերն արդեն ծառ չեն։ Մեկը՝ լրիվ փտած, կարող էր վաղն ընկնել մեկի գլխին կամ մեքենայի վրա, էն մեկն էլ կարող էր 2-3 տարի այդպես մնալ ու հետո մի բան լիներ, բայց եթե փոխվում են, միանգամից բոլորը պետք է փոխվեն։ Ես կարծում եմ՝ այստեղ մի քիչ ավելի շահարկում է գնում, քան սրտացավություն՝ ոլորտի վերաբերյալ․․․

- Ովքե՞ր են շահարկում եւ ինչի՞ համար, սա այն հարցն է, որտեղ բոլորը միակարծիք են՝ ունենալ կանաչ տարածքներով հարուստ Երեւան, որ ամռանն ընդառաջ քաղաքում շնչելու օդ լինի եւ տապից պատսպարվելու համար՝ ստվեր։

- Այսինքն՝ բոլորն ուզում են, բացի այն կառույցից, որը պատասխանատու է դրա համար։ Կլինի՞ այդպես, այսինքն՝ այդ կառույցն ազգի թշնամին է, իսկ մնացածը սրտացա՞վ են։ Ով հասնում է, բոլորն այդ թեմայով խոսում են, ասում են՝ բա ծառը ե՞րբ կլինի։ Երբ ծառը կտրում են ու նորը տնկում են, պետք է մի քիչ սպասենք, որ մեծանա, փոխարինման ուրիշ ձեւ կա՞։

- Սակուրաների օրինակով խոսենք․ ակնհայտ չէ՞ր, որ մեր քաղաքի բնակլիմայական պայմանների համար դրանք այնքան էլ հարմար ծառատեսակներ չեն, հատկապես որ շատ քիչ տնկիներ են կպել։

- Ճիշտ չէ, նախ՝ սակուրաները մի 40-50 հատ են՝ այդ մի քանի հարյուրի մեջ, եւ գրեթե մի տարի է նախընտրական սակուրայի դարաշրջանը սկսվել։ Սակուրան քիչ է, ես կենտրոնում եմ ապրում, Մալիբուի այգու՝ Մաշտոց-Սարյան հատվածում տեսեք ինչ գեղեցիկ, սլացիկ սակուրաներ են։ Այսինքն՝ նորմալ աճում են, ուրիշ բան, որ ամեն տեղ չի կարելի դնել, սակուրան դնում են այնտեղ, որտեղ մայթը նեղ է, փոքր է, հաշվի է առնվել այդ հանգամանքը, քննարկվել է․․․

- Հիմա Թամանյանի արձանի հարեւանությամբ տնկած սակուրաները կպե՞լ են:

- Այո, շուտով կծաղկեն բոլորը, ուղղակի շահարկում են թեման․․․

- Ովքե՞ր են շահարկողները։

- Այս կամ այն կուսակցությունից, ավագանու խմբից, ես ամբողջ կյանքս գիտության մեջ եմ եւ քաղաքական որեւէ հարցում չկամ։ Այն, ինչ ասում եմ, տվյալ ծառի, բույսերի շահերից եմ խոսում․․․․

- Երեւի կհիշեք՝ 3 տարի առաջ ոստիկանությունը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում բացահայտեց մի շարք չարաշահումներ, որի հետեւանքով արձանագրվել էին պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Անընդհատ խոսվում է ինքնարժեքից բազմակի թանկ տնկիներ գնելու մասին: Սրանք փաստ չե՞ն կամ մտահոգվելու առիթ․․․

- Ես նրանց փաստաբանը չեմ, եթե նման բան կա, թող բացահայտեն, դատեն, ես գիտնական եմ ու բույսի շահերից ելնելով՝ մասնագիտական կարծիք եմ արտահայտում, խորհրդատվություն եմ տալիս, ես բոլոր քաղաքապետերի օրոք էլ խորհրդատվություն եմ տվել, բայց առաջ չի եղել այսքան քննարկում։ Իսկ կաշառվելու մասին խոսակցությունները նոր եմ լսում, ո՞ւմ կողմից կամ ինչո՞ւ կաշառվեն․․․, դրանք անվանի մարդիկ են, միայն 6 դոկտոր, պրոֆեսոր կա այդ խորհրդի մեջ, իսկ խորհուրդն էլ խորհրդատվական մարմին է, թե ինչ կանեն կամ չեն անի՝ դա արդեն իրենց գործն է, մենք չենք պարտադրում իրենց ոչ մի բան։

- Բայց խորհուրդը կարո՞ղ է անկախ լինել՝ ՀՈԱԿ-ին կից գործելով։

- Մենք հասարակական հիմունքներով ենք եւ կախվածություն, կաշկանդվածություն չունենք, ամեն մեկս մեր հիմնարկում ենք։ Մենք ուզում ենք, որքան հնարավոր է՝ ուղղորդենք, որ ճիշտ անեն, եթե չեն անի, իրենց գործն է․․․․ իսկ թե այդ ծառերը որտեղից են ձեռք բերում, «լվանում» են, թե «լվացք են անում»՝ մենք չենք խորանում դրա մեջ, մենք ընդամենն ասում ենք՝ այս ծառը կաճի, թե չի աճի։

- Հիմա, օրինակ, Թումանյանի նորատնկիները քանի՞ տարի հետո կդառնան ծառ։

- Շատ շուտ, որովհետեւ դրանք 6-7 սմ տրամագծով, 5-6 մետր բարձրությամբ ծառեր են եւ 1-2 տարի հետո հունի մեջ կընկնեն ու կդառնան ավելի լավը, իսկ եղածները, որն էլ կենսունակ էր, 1-2 տարվա մեջ շարքից դուրս կգար։ Ինչ վերաբերում է Թումանյան փողոցին, ապա այն 3 հատվածի է բաժանվում՝ Սարյանից մինչեւ Մաշտոց, որն արդեն արվել է․․․ ամեն մի հատված, ելնելով իր իրավիճակից՝ միկրոկլիմայական, շենքային, մայթային գործոններից, ամեն մի հատվածում փոխվում է նաեւ ծառատեսակը։ Օրինակ, առաջին հատվածում հուդայածառ է տնկվել՝ այն սիրուն, ծաղկող ծառը, որի մասով ասում են՝ 2 շաբաթ է ընդամենը ծաղկում, բայց այդ ո՞ր ծառն է տարին 12 ամիս ծաղկում, մեր ծիրանը 2 շաբաթ չի՞ ծաղկում։

- Բայց խնդիրը ծաղկելու մեջ չէ, այլ որ այնպիսի ծառեր տնկվեն, որոնք սաղարթախիտ լինեն, ստվեր ապահովեն, փոշին կլանեն․․․

- Եթե ծառ է, կմախքային ճյուղեր ունի, սաղարթ է ձեւավորում, ուրեմն ամեն ինչ էլ ունի, բոլոր ծառերն էլ նույն հատկությունն ու բնավորությունն ունեն, մեկն իր կենսական կերպով մի քիչ մեծ ծառ է դառնում, մեկն էլ 5 մետր է դառնում։ Ուշադիր եղեք, մի 10-15 օր հետո Թումանյանով որ անցնեք, կտեսնեք, որ ծառերը բացվել են ու ծաղկել․․․