«Հրապարակ». Ես որ նշանակվեցի քաղաքապետ, անգամ շենքի հոսանքն էին պարտքի պատճառով անջատել

«Հրապարակ». Ես որ նշանակվեցի քաղաքապետ, անգամ շենքի հոսանքն էին պարտքի պատճառով անջատել

Մայրաքաղաք Երեւանն ակտիվ նախընտրական շրջան է մտել: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 14 ուժ: Բոլորը պնդում են, որ Երեւանն իրենց կարիքն ունի:

Իսկ թե իրականում ինչի կարիք ունի մայրաքաղաքն այսօր, այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք 2001-2003 թթ․ Երեւանի քաղաքապետ աշխատած Ռոբերտ Նազարյանի հետ:

- Մայրաքաղաքն ավագանու ընտրությունների քարոզարշավի մեջ է: Կա տեսակետ, որ սրանք հերթական, շարքային ընտրություններ չեն: Ի՞նչ եք կարծում` իսկապե՞ս սրանք վճռորոշ են, թե՞ հերթական ընտրություններ են, որից ոչինչ չի փոխվելու:

- Բնականաբար, մեր այսօրվա վիճակը ստանդարտ իրավիճակներից տարբերվում է: Ոչ սովորական իրավիճակում ենք, ուստի ընտրություններն էլ չեն կարող սովորական համարվել:

- Ի՞նչ առումով` ոչ ստանդարտ:

- Այսօր մենք կանգնած ենք արտաքին մարտահրավերների առաջ: Թերեւս, հենց այս առումով:

- Երեւանի քաղաքապետի ընտրությունները կարո՞ղ են իշխանափոխության հիմք դառնալ, ինչպես որոշ ուժեր են ասում, թե՞ սրանք քաղաքի մենեջերի ընտրություն են:

- Անկեղծ ասած, ես քաղաքական մարդ չեմ, երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, ուստի ոչ մի քաղաքական գնահատական չէի ցանկանա տալ:

- Այդ դեպքում խոսեք երեւանցու դիրքերից` որպես երեւանցի:

- Վիճակից շատ եմ կտրվել, բայց որ խնդիրներ կան, դա անվիճելի է ու ակնհայտ: Յուրաքանչյուր երեւանցի այդ խնդիրների մեջ է:

- Կնշե՞ք մի քանի խնդիր, որոնք նկատել եք:

- Մանրամասն պետք է փորձեմ նախ վերլուծել, որից հետո նոր միայն խոսեմ առաջնահերթությունների մասին:

- Իսկ ի՞նչ կասեք թեկնածուների մասին` Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան եւ այլք:

- Հայկ Մարությանի մասին կարող եմ միայն խոսել: Երբ Մարությանը քաղաքապետ ընտրվեց, այդ օրվանից սկսեց իմ զանգերին չպատասխանել: Ես իրեն շատ կարեւոր բան ունեի ասելու, մեկ ամիս շարունակ զանգահարեցի իրեն, բայց այդպես էլ ոչ մի զանգիս չպատասխանեց: Իսկ ես սովորական քաղաքացի չէի.... դե, եթե անգամ իմ զանգերին չի պատասխանում, երեւանցիների հետ էլ չի շփվի, ի՞նչ քաղաքապետ երեւանցիների համար: Իսկ ես ուզում էի որոշակի հարցեր քննարկել նրա հետ, որպես ոլորտում փորձառու մարդ, բայց նա այդպես էլ չխոսեց:

- Ի՞նչ հարցեր էին դրանք:

- Մասնավորապես ուզում էի խոսել Էրեբունի-Երեւան տոնակատարության մասին: Ուզում էի Երեւանի 2800-ամյակին նվիրված ուղերձ հղել երեւանցիներին: Ուղերձն էլ գրվել էր մագաղաթի վրա: Մագաղաթը դրվել էր փոքրիկ արկղիկի մեջ, իսկ արկղիկն ուներ երկու բանալի, մեկը տրվել էր Էրեբունի թանգարանին, մյուսը` Երեւանի պատմության թանգարանին: Ցանկանում էի հենց այդ օրը բացել ու իմ ուղերձը հղել, բայց այդպես էլ ո՛չ բացեցինք, ո՛չ էլ կարդացի, ո՛չ էլ այդ մասին խոսեցինք: Կյանքը սիրում է շարունակականություն, սիրում է նաեւ հաջորդականություն: Հիմա այդ արկղիկը թանգարաններից մեկում է պահվում:

- Ի՞նչ էր գրված ուղերձում, որ այդքան կարեւորում եք:

- Ուղերձը մեկ նախադասություն չէր: Բավականին լուրջ ուղերձ էր: Կարող եմ հետագայում ցույց տալ Ձեզ, ծանոթանաք:

- Իսկ չե՞ք փորձել կոնտակտ հաստատել Տիգրան Ավինյանի հետ: Նրա կարգախոսն է` «Ասեք` կանեմ»:

- Ցանկանում էի կոնկրետ այդ մի հարցով դիմել: Դա էլ արդեն անհրաժեշտ չէ: Երեւանի 2800-ամյակն անցել է: Փափագել էի այդպես: Հիմա անիմաստ է:

- Այս իշխանությունները, Հայկ Մարությանն էլ՝ նրանցից մեկը, երբ գալիս էին իշխանության, խոստանում էին թափանցիկություն, հասանելիություն: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա: Ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ դարձան այսքան անհասանելի:

- Չեմ կարող ասել, այդ հարցը պետք է իրենց տալ: Վատ է շատ, որ այդպես է:

- Երբ Դուք քաղաքապետ էիք, հասանելի՞ էիք, մարդկանց հետ զրուցում-հանդիպո՞ւմ էիք, նրանց զանգերին պատասխանո՞ւմ էիք:

- Երբ ես քաղաքապետ էի, գալիս էի աշխատանքի եւ անմիջապես հարցնում էի, թե ինձ ովքեր են զանգահարել: Հեռախոսահամարները տրամադրում էին, նրանց շարքերում թե՛ շարքային, հասարակ քաղաքացիներ էին եւ թե՛ մտավորականներ: Բոլորի զանգերին անխտիր պատասխանում էի: Գուցե աշխատանքային ժամից հետո, բայց անպայման խոսում էի բոլորի հետ:

- Քաղաքացու եւ պաշտոնյայի կապն այդքան կարեւո՞ր է:

- Եթե դա չի կարեւորվում ինչ-որ մեկի կողմից, եթե դու մտածում ես, որ բոլորից առավել ես, չես կարող ժողովրդի ընտրյալը լինել: Նման չինովնիկները, պաշտոնյաները չեն կարող ճշգրիտ պատկերացում կազմել տվյալ ոլորտի խնդիրների մասին: Պաշտոնյա-քաղաքացի կապը չափազանց կարեւոր է: Մարդկանց հետ շփվելով՝ ամեն ինչ ավելի օբյեկտիվ է ստացվում:

- Երեւանի քաղաքապետ շատերն են ցանկանում դառնալ: Թեկնածուներն այնքան շատ են, որ անգամ նրանց անունները հաճախ չենք կարողանում մտապահել: Այդքան հե՞շտ է մայրաքաղաք կառավարելը:

- Ես մինչեւ Երեւանի քաղաքապետ դառնալը տարբեր աշխատանքներ եմ տարել, նախ՝ Երեւան քաղաքի կապիտալ շինարարության վարչության պետն եմ եղել, հետո եղել եմ Երեւանի գործկոմի նախագահի տեղակալը` չորս տարի շարունակ, դրանից հետո նախարար եմ աշխատել: Նախքան գործկոմում աշխատելն էլ ղեկավարում էի հսկայական շինարարական ընկերություն` Երեւանի տնաշինական կոմբինատը, որտեղ աշխատում էր ավելի քան 2 հազար 700 մարդ: Ունեինք մեր նախագծային ինստիտուտը, ունեինք նաեւ շինինդուստրիայի երկու գործարան, կազմակերպություններ, որոնք շենքերը հանձնում էին բնակիչներին: Այդ շենքերն այսօր կազմում են Երեւանի բնակֆոնդի 14 տոկոսը: Ասեմ ավելին` այդ շենքերն այսօր ամենասեյսմակայունն են: Ինչ եմ ուզում ասել, որ անգամ այդ փորձից հետո ինձ համար դժվար էր Երեւանի պես քաղաք ղեկավարելը, որովհետեւ այն ուներ, այսօր էլ ունի բազում խնդիրներ, որոնք կանոնակարգելու համար նախ պետք է դրանց խորքային ծանոթ լինել: Պետք է ճիշտ կադրային ընտրություն լինի: Քաղաքապետ աշխատելը շատ բարդ է, այն ժամանակ էլ շատ բարդ էր, չկար բյուջե, ունեինք մեծ պարտքեր, մանկավարժները մոտ ութ ամիս աշխատավարձ չէին ստացել, ես որ նշանակվեցի քաղաքապետ, անգամ շենքի հոսանքն էին պարտքի պատճառով անջատել:

- Իսկ անփորձ մարդիկ ինչպե՞ս են խոստանում ամեն ինչ անել:

- Դա էլ գալիս է մարդկանց իմաստնությունից: Պետք է ճիշտ ընտրություն կատարել:

ՀԳ․ Մենք փորձեցինք զրուցեցել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ, ով հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, միայն հաջողություն մաղթեց այն ուժին, որը կհաղթի: