ԱՄՆ-ն «պաշտպանում» է Մոսկվային եւ «նեղացնում» անպաշտպան Կիեւին․ խաղադրույքը փոխվե՞լ է

ԱՄՆ-ն «պաշտպանում» է Մոսկվային եւ «նեղացնում» անպաշտպան Կիեւին․ խաղադրույքը փոխվե՞լ է

Երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատմական ու երկարամյա մրցակցությունը, եթե չասենք՝ գլոբալ հակամարտությունը, նոր շրջադարձ է ստանում՝ առաջին հերթին պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Վերջին ամիսներին Ուկրաինայի ղեկավարությունը՝ հանձին նախագահ Զելենսկու, լուրջ դժգոհություններ ունի Վաշինգտոնի կողմից լրացուցիչ օգնության ձգձգումների պատճառով։ Հարցը դարձել է նաեւ ներամերիկյան թեժ քննարկումների առարկա․ դեմոկրատներն ամեն ճիգ ու ջանք թափում են, որ համապատասխան օրինագիծն ընդունվի, մինչդեռ նրանց քաղաքական հակառակորդները՝ հանրապետականները, կասեցնում են գործընթացը՝ նշելով, որ իրենց համար նախընտրելի է միասնական աջակցության օրինագիծ, որը կվերաբերի Իսրայելին, Ուկրաինային եւ ԱՄՆ-ի անվտանգային խնդիրներին, այլ ոչ թե առանձին՝ զուտ Կիեւի մասով։

Իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ առանց այդ օգնության Ուկրաինան շուտով կպարտվի, ինչը կլինի ոչ միայն այդ երկրի, այլ նաեւ ամբողջ աշխարհի պարտությունը։ Հաղթել-պարտվելու ջանադրությամբ էլ իրենց քարոզարշավն են իրականացնում գործող նախագահ Ջո Բայդենն ու նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Առաջինն Ուկրաինայի աջակցության հաստատակամ կողմնակիցն է եւ նույնպես կոչ է անում արագացնել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը, երկրորդը, ով ռուսամետ գործչի համարում ունի, խոստանում է ռուս-ուկրաինական պատերազմի հարցը լուծել 24 ժամվա մեջ։ Սակայն խոսելով ԱՄՆ-ի մասին՝ նկատենք, որ ամեն ինչ այդքան հստակ ու թափանցիկ չէ, ինչպիսին փորձում է երեւալ այդ պետությունն ամբողջ աշխարհում՝ իբրեւ ազատության, ժողովրդավարության ջատագով։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, ռուս-ուկրաինական հակամարտության հարցում վերջին շրջանում Վաշինգտոնն ակամայից, թե դիվանագիտորեն հաշվարկված, նժարը թեքել է Կրեմլի կողմը։ Արդեն նշեցինք, որ Սպիտակ տունը լուրջ մարտահրավերների է բախվում Կիեւին տրամադրվելիք լրացուցիչ օգնության հետ կապված՝ որոշակի «հիասթափություն» առաջացնելով Ուկրաինայի իշխանական վերնախավում։ Որքան էլ մտահոգություններ, փաստարկներ, կոչեր հնչեն, փաստն այն է, որ ԱՄՆ-ն պարբերաբար ձախողում է այդքան անհրաժեշտ օժանդակությունը։ 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն արգելափակել է ՌԴ-ում մարտի 15-17-ը կայացած նախագահական ընտրությունները դատապարտող G7-ի հայտարարության տեքստը։ Այս մասին օրերս ազդարարեց La Repubblica թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Հայտարարության տեքստը պատրաստել էր կառույցում նախագահող երկիրը՝ Իտալիան։ Ըստ թերթի՝ այս որոշումը թելադրված է 2024 թ․ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Մոսկվային միջամտելու պատճառ չտալու հանգամանքով։ Չնայած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը տեքստի հետ կապված դրական կարծիք է հայտնել, Պետդեպը հայտարարության ձեւակերպումն անտեղի է համարել։ Սա եւս մեկ հիասթափեցնող քայլ էր, որից Ուկրաինան ակնհայտորեն դժգոհ է։

ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում է դադարեցնել հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այս մասին էլ հայտնում է Financial Times (FT) թերթը։ Ինչպես նշել են հեղինակի զրուցակիցները, ԱՄՆ-ն նախազգուշացրել է Կիեւին, որ անօդաչու սարքերի հարվածները ռուսական էներգետիկ ոլորտի ձեռնարկություններին կարող են հանգեցնել նավթի համաշխարհային գների բարձրացման։ Բացի այդ, ինչպես գրում է FT-ն, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է հակահարված տալ հակառակորդի ենթակառուցվածքին, որի վրա հենվում են նաեւ արեւմտյան երկրները։ Դրանց թվում են, օրինակ, Caspian Pipeline Consortium-ի նավթամուղը, որն օգտագործում են արեւմտյան ձեռնարկությունները, այդ թվում՝ ամերիկյան ExxonMobil եւ Chevron նավթային ընկերությունները։ «Մենք չենք խրախուսում կամ աջակցում հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա»,- մեջբերում է FT-ն Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքերը։ Ըստ թերթի՝ ուկրաինական հարվածների նպատակն է՝ նվազեցնել Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆինանսավորումը՝ էներգետիկ եկամուտների կրճատման միջոցով, ինչպես նաեւ մղել ԱՄՆ-ին՝ հաստատել ռազմական օգնության նոր փաթեթը։

Վաշինգտոնի այս դիրքորոշումը պակաս ուշագրավ չէ նաեւ այն տեսակետից, որ վերջին օրերին Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ենթարկվել են վերջին շրջանում լայնածավալ հարձակման։ Այս մասին ահազանգել է երկրի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Նրա խոսքով`ռուսական բանակի կողմից իրականացված օդային հարվածները զգալի վնաս են պատճառել այդ համակարգերին։ Բացի այդ, հրետակոծության պատճառով հոսանքազրկվել է Զապորոժիեի ատոմակայանը մատակարարող էլեկտրահաղորդիչ գծերից մեկը (կայանը գտնվում է Էներգոդար քաղաքում, այն վերահսկվում է ռուսական զորքերի կողմից): Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը պարզաբանել է, որ անջատվել է «Դնեպրովսկայա»-ի արտաքին օդային գիծը, որը Զապորոժիեի ԱԷԿ-ը միացնում է Ուկրաինայի միասնական էներգահամակարգին։

Ի՞նչ է ստացվում, Պուտինին եւ Ռուսաստանին մոլորակի «թիվ մեկ սպառնալիք» համարող ԱՄՆ-ն ոչ միայն մեղմացնում է հակառուսական հռետորաբանությունը, այլեւ, իբրեւ Ուկրաինայի թիվ մեկ աջակից, շարունակում է «նեղացնել» Կիեւին՝ նոր խաղադրույք կատարելով, թող որ ներքին ընտրությունների ու սեփական շահերի մարտավարությամբ։ Վաշինգտոնի գործողությունները, ի դեպ, կարող են կարեւոր ազդակ լինել այն երկրների համար, որոնք ինքնամոռաց նետվում են Արեւմուտքի ու ԱՄՆ-ի գիրկը։ Հայաստանը բացառություն չէ․․․