Ո՞վ է կոտրել Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը

Ո՞վ է կոտրել Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը

Մարտի 18-ին տեղեկացանք, որ կոտրել են քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը: Այս մասին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն էր տարածել․

«Այս առավոտ, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական-քաղաքական տևական գործունեության և, ըստ երևույթին, վերջին շրջանին իր ազատ արտահայտած թե՛ բանավոր, թե՛ գրավոր մտքերին, նրա «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը կոտրվել է այն մարդու կողմից, ով ամենաշատն է ազդվել իր ամենավերջին՝ երեկվա հայտարարությունից՝ «Ամեն ինչ ասված է, բայց՝ ոչ արված»։ Հովհաննիսյանի դիմագրքային էջը, որը երկար տարիներ օգտագործվում է սոսկ որպես պաշտոնական քաղաքացիական-ազգային, և ոչ թե անձնական հաղորդամիջոց, այժմ հնարավորության սահմաններում վերականգնման գործընթացում է։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեության՝ ներառյալ բոլոր հայտարարությունների մանրամասները հասանելի են www. heritage.am կայքում»,-ասվում է հաղորդագրությունում։

Մեզանում էջեր կոտրելը, նյութեր ջնջելը, հաքերային գործողություններով հայտնի անձանց ու քաղաքական գործիչներին շանտաժի ենթարկելը դարձել է սովորական մի բան։ Հատկապես այս մեթոդները շատ են կիրառվում ընդդիմադիր գործիչների և ոչ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ: Մի քանի օր առաջ էլ «Առավոտ»-ի յութուբյան էջն էին կոտրել, ջնջելով բոլոր տեսանյութերը: Այսօր տեղեկացանք, որ մասնագետները վերականգնել են լրատվամիջոցի բոլոր տեսանյութերը։ 

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջին, նրա օգնական Մամիկոն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ էջը դեռևս չի վերականգնվել. «Մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, էջի ադմինը փոխված է: Եթե չվերականգնվի ֆեյսբուքյան էջը, ստիպված կլինենք ջնջել այն» -, նշեց նա:

Հարցին, թե ում են կասկածում, կա՞ն կասկածյալներ, մեր զրուցակիցն ասաց. «Չկան, մենք որևէ մեկի վրա չենք կասկածում»:

Մենք փորձեցինք մուտք գործել Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ, այնտեղ 4 օրվա վաղեմության տարօրինակ տեսանյութեր են, որոնք ակնհայտորեն պրն Հովհաննիսյանի կողմից չեն տեղադրվել։