Հոկտեմբերի 27-ի հետքը, ըստ Անահիտ Բախշյանի, գնում է դեպի Թուրքիա

Հոկտեմբերի 27-ի հետքը, ըստ Անահիտ Բախշյանի, գնում է դեպի Թուրքիա

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով 15 տարի առաջ կարճված քրեական գործը 2020 թվականի հունվարին վերաբացվեց՝ տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը դեռ 2019թ․ աշնանը այս գործով խոստումնալից ընթացք էր կանխատեսում՝ ասելով, թե, հանդիպելով Հունանյանի հետ, «ստացել է պատասխաններ, որոնք էական տարբերություններ ունեն քրեական գործում տեղ գտած փաստագրումներից»։

Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն ու նրա փաստաբան Զարուհի Մեջլումյանն էլ սկզբնական շրջանում ակտիվ հանդիպումներ էին ունենում տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ «27»-ի գործով նախկին մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի, եւ ասում էին, որ հատկապես Արմենակ Արմենակյանի սպանությունը բացահայտված չէ, եւ դա ուղիղ ապացույց է, որ դրսում եղել են հանցակիցներ։ Հիշեցնենք, որ Արմենակ Արմենակյանը սպանվել էր ոչ թե ԱԺ դահլիճում, այլ՝ նախասրահում։ Ամիսներ անց այս լավատեսությունը, թե պատվիրատուներին կբացահայտեն, հօդս ցնդեց, քննչական որեւէ գործողություն այլեւս չէր կատարվում։

Ինչո՞ւ չի հաջողվել մեկուկես տարում նախաքննության սայլը տեղից շարժել։ Անահիտ Բախշյանն ասաց․ «Դա շատ երկար խոսելու թեմա է, կարճ կասեմ հետեւյալը․ Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել է Հայաստանում, բայց այն ուժերը, որոնք շահագրգռված էին, կարող է դրսում լինեն։ Ես չեմ կարող հիմա վստահ ասել, բայց էն, որ ես 100 տոկոսով համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ գիտեին, որ նախապատրաստվում է այդպիսի բան, ու դեմը չառան, կարեւոր չէ, թե որտեղ, ով էր ահաբեկչությունը կազմակերպել, բայց իրենք դեմը չառան՝ իմանալով, որ Նաիրի Հունանյանն ու իր բանդան պատրաստվում են նման ահաբեկչության։ Ես սա ասել եմ, ասում եմ, կասեմ, եւ հակառակում ինձ ոչ ոք չի կարող համոզել։ Ես ատում եմ Քոչարյանին էլ, իր բանդային էլ»։ Ակնարկում եք ռուսական ինչ-ինչ ուժերի՞, որոնց դեմ Նիկոլ Փաշինյանը չի կարող ինչ-որ քայլեր անել։ Պատասխանեց․ «Ոչ, ոչ միայն, որքան ես ուսումնասիրում եմ, հետքը միայն ռուսական չէ։ Բայց հիմա այդ մասին չեմ խոսելու։ Օրը կգա, կխոսեմ․․․ Մինչեւ վերջերս ունեի համոզմունք,  որ  «27-ի» ահաբեկչությունն ուներ  ռուսական հետք, բայց երբ շատ խորն ուսումնասիրեցի, սկսեցի  կարդալ նյութերը, տեսա շատ լուրջ թուրքական հետք։ Այն ակնհայտ է։ Այնպես որ, այսօրվա իշխանությունը եթե իսկապես ուզենա այս գործը բացահայտել, պիտի աշխատի թուրքական հետքի ուղղությամբ։ Եթե դա չի անի, ուրեմն ես իրավունք ունեմ լուրջ կասկածներ ունենալ»:

Ո՞վ կկարողանա բացահայտել Հոկտեմբերի 27-ը։ «Պիտի գտնել մի այնպիսի ուժ, որը կարողանա բացահայտել, որպեսզի պետությունը պաշտպանի նման ահաբեկչություններից։ Տեսեք․ ես՝ որպես տուժողի իրավահաջորդ, բավարարված եմ, որովհետեւ իմ ամուսնուն սպանող Կարեն Հունանյանն էսօր բանտում է, Նաիրի Հունանյանը՝ նույնպես։ Ես ուրիշ բան եմ ուզում, ես ասում եմ՝ որպես տուժող ճանաչեք պետությունը։ Պետությունն է տուժել, ոչ միայն մենք»։

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանն օրերս կիսվել էր Պրահայում բնակվող Շուշան Ղազարյանի գրառմամբ, թե Քոչարյանն արտասահմանից իրեն ընտրել ցանկացողներին արդեն ինքնաթիռի տոմսեր է բաժանում, որ գան եւ մասնակցեն ընտրություններին։ Բախշյանը միացել էր Ղազարյանի կոչին՝ այն անվանելով «սթափության ճիչ» եւ փոթորիկ առաջացնելով սոցցանցերում։
Նրան դատապարտել էին «անհեթեթություններ ու ցնդաբանություններ տարածելու» համար։

Անահիտ Բախշյանն ի պատասխան ասաց․ «Կարծում եմ՝ բոլոր էն մարդիկ, որոնք ինձ ուղղված՝ վիրավորելու աստիճան դիտարկումներ են արել, էդ բոլոր մարդիկ գիտեն իմ անձնական վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։ Իմ անձնական վերաբերմունքը չի փոխվել եւ չի փոխվելու։ Ես իրեն համարում եմ արյունով եկած, արյունով գնացած։ Եվ հիմա զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ կիսել եմ Շուշան Ղազարյանի կարծիքը։ Ի՞նչ կար զարմանալու։ Բայց էդքանի հետ մեկտեղ, ես հարգում եմ իրենց կարծիքը։ Ես իմ կարծիքն եմ գրել, իրենք էլ իրենց կարծիքն են գրել իմ կարծիքի վերաբերյալ»։