Փաշինյանն ու Ալիեւն արժանի են իրար

Փաշինյանն ու Ալիեւն արժանի են իրար

Այլեւս անհնար է լսել ու մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «մտքի գոհարները»՝ մեկը մյուսից անհեթեթ ու անտրամաբանական: Բայց, կամա թե ակամա, բոլորս դառնում ենք դրանց ունկնդիրը: Որպես կանոն, պարտված երկրի ղեկավարը կա՛մ հրաժարական է տալիս, կա՛մ ինքնասպանություն գործում: Իհարկե, այս չգրված կանոնը գործում է արժանապատվություն ունեցող եւ հայրենիքը սիրող ղեկավարների դեպքում:

Հասարակության զգալի մասն ուզում է գտնել հոգեբանական այն գաղտնիքը, թե պատերազմում պարտված երկրի ղեկավարը ոնց է կարողացել բունկերից դուրս գալ, ոնց է շարունակում առանց ամոթի պաշտոնավարել, նայել մարդկանց երեսին, խաբել, մատ թափ տալ իրեն քննադատողների վրա, սպառնալ եւ դեռ հույս փայփայել՝ նորից հայտնվելու երկրի ղեկին: 
Փաշինյանն ուրիշ է. նա օրերս տվեց մեզ հուզող հարցերի պատասխանը. բանից պարզվում է, որ մենք կարող ենք հպարտանալ մեր պարտությամբ… Մինչ ազգի գիտակից հատվածն այս նվաստացուցիչ պարտությունից հետո չգիտի, թե որ քարով տա գլուխը, երեսը որտեղ թաքցնի, ինչպես հաղթահարի այս հոգեբանական ընկճախտը, Փաշինյանը ոչ միայն յոթը գոմեշի կաշի երեսին քաշած շարունակում է անվրդով ապրել, այլեւ հպարտանում է մեր պարտությամբ։ Սա տրամաբանական շարունակությունն է պատերազմի սկզբին հնչեցրած նրա թեզի. «Եկեք պայմանավորվենք… ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարում»: 

Իհարկե, հաղթանակն էլ, պարտությունն էլ մարդկության համար են: Մարդիկ ու երկրները պատմության տարբեր փուլերում ունեցել են հաղթանակներ, ունեցել են նաեւ պարտություններ: Բայց երկուսն էլ պետք է կարողանալ արժանապատվորեն տանել: Պարտության ցավն էլ պետք է ուղիղ մեջքով ու առանց ծնկելու տանել: Բայց պարտությամբ հպարտանալու համար պետք է զուրկ լինես մարդկային որեւէ տրամաբանությունից:  

Ինչպես Փաշինյանն արժանապատվորեն չտարավ պարտությունը, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չկարողացավ արժանապատվորեն տանել իր երկրի հաղթանակը. նա իրեն պահեց անլուրջ, սկսեց ծաղրել հայերիս, Փաշինյանին դարձրեց ծաղրուծանակի առարկա, եթերում ծիծաղում եւ մատ է թափ տալիս հայերի վրա: Նա ստեղծեց մի պուրակ, որտեղ իբր հայ զինվորների մանեկենների նկատմամբ «բռնություններ գործադրելով»՝ ինքնահաստատվում են ադրբեջանցիները, ինչը միջազգային հանրությունը դատապարտեց։

Ալիեւի այս պահվածքը պայմանավորված է այն հոգեբանական բարդույթով, որով ինքն ու իր երկիրն ապրել են երեսուն տարի շարունակ: Նրանք 30 տարի զգացել են այն ցավն ու նվաստացումը, որը մենք զգում ենք արդեն վեց ամիս: Իսկ հիմա այդ բարդույթներից վերջնականապես ազատագրվելու ճանապարհին Ադրբեջանի ղեկավարն իրեն պահում է փողոցում մեծացած ու չկայացած պատանու նման: Օրերս  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում ասաց, որ հաղթող կողմը լինում է մեծահոգի: Տեր-Պետրոսյանը եղել է հաղթող կողմ եւ գիտի, թե ինչ է դա նշանակում: Բայց Ալիեւն այդպես էլ դուրս չի եկել պարտվողի բարդույթից, նա վախենում է, որ մի օր այս հաղթանակը կարող է իր ձեռքից խլեն, ուստի վայելում է այն ամեն օր: Կրտսեր Ալիեւը, ով պարզապես ժառանգություն է ստացել երկրի նախագահի պաշտոնը, շատ տարբերվում է հորից՝ Հեյդար Ալիեւից, ով բավականին լուրջ ու կայացած պետական գործիչ էր…

Փաշինյանն ու Ալիեւը նման են իրար. երկուսն էլ չկայացած, երկուսն էլ անլուրջ, երկուսն էլ պետական գործիչներ չեն։ Ուստի պատահական չէ, որ Փաշինյանն ի սկզբանե հատուկ համակրանք ուներ «կիրթ ու կառուցողական» Ալիեւի նկատմամբ: Ալիեւն էլ ցավոտ է տանում, որ Փաշինյանը կարող է այլեւս ՀՀ ղեկավար չլինել եւ իր խոստումները չիրականացնել: Ցավալին այն է, որ նրանց այս փոխադարձ համակրանքը ծառայում է ի շահ Ադրբեջանի եւ ի վնաս Հայաստանի: Ալիեւն իր բոլոր «փոքրություններով» հանդերձ՝ աշխատում է ի շահ Ադրբեջանի… Փաշինյանը՝ նույնպես…