Բողոքի քննությունը հանձնարարվել է դատախազի քրոջ ամուսնուն

Բողոքի քննությունը հանձնարարվել է դատախազի քրոջ ամուսնուն

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին պատկանող Արամի 23 շենքը 2018-ից հայտնվեց փլուզման եզրին։ Պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունը վտանգվեց «Հին Երեւան» թաղամասի համալիրի մի հատվածում՝ ստորգետնյա ավտոկայանատեղիի եւ հասարակական սպասարկման տարածքի շինարարական աշխատանքների հետեւանքով։ Շենքին հարակից կառուցապատումը կատարվել էր քաղաքապետարանի թույլտվությամբ` առանց մշակույթի նախարարության թույլտվության քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտմամբ:  Ապօրինի շինարարության հետեւանքով մասնակի փլուզվեց Արամի 23 հասցեի շենքը։ Այս կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, որի հիմնական քննությունը կատարեց քննիչ Խաչատուր Գալստյանը։ Նա մոտ 5 տարի գործն անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գեւորգ Մաչանյանին, մնացած մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա այդ մասն անհիմն կերպով կարճեց։

«Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները եւ դիմումները մնացին անհետեւանք»,-մեզ հետ զրույցում նկատում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանն ու հավելում, որ երգչախմբի փաստաբան Արթուր Մանուկյանն այդ քրեական գործը վերաբացելու եւ Գեւորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հարցով դիմել է դատարան:
«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օբյեկտիվ եւ արդարամիտ դատավորներ Դավիթ Բալայանը եւ Նելլի Բաղդասարյանը որոշումներ կայացրին Գեւորգ Մաչանյանի եւ ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին։ Դրանից հետո ձեւական նախաքննություն կատարվեց, սակայն քննիչն ու դատախազը դարձյալ անհիմն կերպով կարճեցին քրեական գործը եւ վերացրին Գեւորգ Մաչանյանի մեղադրանքը։ ՀՓԵ-ի փաստաբանը դարձյալ բողոքարկել է այս որոշումները դատարան։ Տարօրինակ կերպով այս անգամ բողոքի քննությունը հանձնարարվել է դատավոր Հ. Ավագյանին, ով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի քրոջ ամուսինն է»,- նշում է Տիգրան Հեքեքյանն ու հավելում, որ այսօր՝ հունվարի 26-ին, ժամը 16.30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի կունենա Երեւանի Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի հարակից հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ դատական նիստը։