Որտե՞ղ է Գեւորգ Ալթունյանը

Որտե՞ղ է Գեւորգ Ալթունյանը

Արցախյան պատերազմն իր ողբերգական ավարտով հիմնական մեղավորների շարքերից, բնականաբար, առաջ մղեց քավության նոխազների, որոնցից մեկ-երկուսը ինքնազոհաբար իրենց ուսերին առան այդ «առաքելությունը»։ Եվ հիմա արդեն ակնհայտ է, որ հասարակությանը ստով ու կեղծիքով տոգորելու նպատակադրության մեջ ներգրավված էին իշխանության գրեթե բոլոր օղակները՝ ընդհուպ երկրի ղեկավարը։ Հանուն այդ նպատակի էր աշխատում ոչ միայն իշխանական քարոզչամեքենան, այլ նաեւ անկախ կոչված լրատվամիջոցները՝ ընդհուպ «Հայկական ժամանակը»։

Վերջինիս նոյեմբերի 7-ի խմբագրական-հրապարակումը ցինիզմի գագաթնակետն էր, երբ բանակի ոչնչացումը հստակորեն տեսնող եւ ժամեր անց կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրող «խմբագրի» կողմից նույն բանակը, կեղծիքի իներցիայի ուժով, դեռ ոգեւորիչ կոչ ու քաջալերություն էր ստանում, «․․․ որովհետեւ որքան էլ այդ հեռանկարը (Ռուսաստանի հնարավոր օժանդակությունը՝ Լ․ Ս․) իրատեսական լինի, մենք պիտի ապավինենք բացառապես մեր ուժերին։ Առավելեւս, որ այդ հեռանկարն իրատեսական է դարձել միայն մեր կանոնավոր բանակի, պահեստազորի եւ կամավորականների բացառիկ մարտունակության ու հերոսության շնորհիվ»։
Վերադառնանք նոխազներին։ Հիմա, երբ խայտառակության խորությունները մեր ժողովրդի կողմից նույնիսկ մինչեւ վերջ գիտակցված չեն, երբ պարտության դառնությունը բեկել է համազգային կամքն ու մեզ վերստին դարձրել «Դեր Զորի անապատի ճամփորդ», պարտության քավության նոխազներից մեկն արդեն հստակորեն մատնացուցված է, դեպի նա են արդեն ուղղվել համազգային հիասթափությունից ծնված դատապարտող բառերը, ամոթանքի խոսքերը։ 

Խոսքն Արծրուն Հովհաննիսյանի մասին է։ Նրան այսօր դատապարտում ու դատափետում են բոլոր կողմերից, բոլոր հարթակներից՝ մոռանալով, որ մարդը ոչ թե պատերազմական քարոզչամեքենան վարողն էր, այլ ընդամենը դրա մի պտուտակը։  Ա․ Հովհաննիսյանը ՀՀ պաշտպանության նախարարության «ներկայացուցիչն» էր, այսինքն՝ քարոզչությունն իրականացնողը, բայց ոչ հեղինակը կամ քաղաքականություն մշակողը։ Մենք, անշուշտ, գիտենք՝ ովքեր էին քաղաքականության հեղինակները։ Բայց, չգիտես ինչու, բոլոր հայտնի պատասխանատուների շարքում բոլոր այս դժնդակ  օրերին կուսական լռություն է պահպանվում նույն նախարարության մի ստորաբաժանման՝ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասին։ 
Հիշեցնեմ՝ այս վարչության ղեկավարը փորձառու լրագրող Գեւորգ Ալթունյանն է։ Բայց՝ որտե՞ղ է Գ․ Ալթունյանը, ինչո՞ւ ձայն-ծպտուն չի հանում համազգային խայտառակության թեմաներով։ Մասնավորապես՝ ինչո՞ւ չի մեկնաբանում, թե Արծրունն ինչի «ներկայացուցիչն» էր, վերջինիս գործառույթներն արդյո՞ք իր ղեկավարած վարչության շրջանակներում չէին։

Ակնհայտ է, որ Ա․ Հովհաննիսյանի տեղեկատվական գործունեությունը պատերազմի օրերին ուղղակի առնչություն ուներ այդ վարչության գործառույթների հետ, հետեւաբար, տեղեկատվական հարթակից նրա ամենօրյա ելույթները չէին կարող առնվազն ծանոթ, իսկ մեր կարծիքով՝ խմբագրված եւ մանավանդ «սրբագրված» չլինել վարչության բազմահմուտ պետի կողմից։ Նկատենք, որ Շուշան Ստեփանյանը ՊՆ մամուլի քարտուղարն էր՝ ընդամենը, նա չէր կարող տեղեկատվական պատերազմի ո՛չ քաղաքականություն մշակել, ո՛չ էլ դրա վրա որոշիչ ազդեցություն ունենալ՝ ի պաշտոնե․ դա պետք է աներ եւ իրականացներ վերը նշված վարչությունը, որի ղեկավարը, հետեւաբար՝ Արծրունի անմիջական «շեֆը», տրամաբանության բոլոր օրենքներով, վստահ եմ՝ նաեւ ՊՆ ներքին կառուցվածքային օրինաչափություններով, Գեւորգ Ալթունյանն էր։
Բայց որտե՞ղ է Գեւորգ Ալթունյանը։