Միասնություն Նիկոլի հե՞տ… Երբեք

Միասնություն Նիկոլի հե՞տ… Երբեք

Մտքովս երբեք չի անցել, որ մի օր դեմ կլինեմ միասնականության կոչերին: Բայց Փաշինյանը հասավ նաեւ դրան, եւ ես միանշանակ դեմ եմ նրա հետ որեւէ միասնականության առաջարկի: Առհասարակ, միասնականությունը մի այնպիսի բան չէ, որ երբ քեզ հարմար լինի, մեջտեղ նետես ու կեղտոտ ոտքերդ մաքրես վրան: Միասնականության ջատագովը կյանքով է ապացուցում, որ միասնականությունն ապրելակերպ է, առաջընթացի, հաղթանակների ճանապարհ: Փաշինյանն արել է հակառակը՝ պառակտել է, բաժանել, իրար դեմ հանել մարդկանց, խաբել, ստել, խորամանկել, որ կարողանա պահել մի հրաշքով ձեռքն ընկած իշխանությունը՝  հանուն իր ընտանիքի եւ յուրայինների բարեկեցության:

Վերջին օրերի նրա գրառումները, որոնք վերաբերում էին ստեղծված իրավիճակը միասնական ջանքերով հաղթահարելուն, պարզապես հոգեվարքի մեջ գտնվողի զառանցանք են եւ շանտաժ, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ կազմակերպել հայ ռազմագերիների ու անհետ կորած զինծառայողների վերադարձը, հնարավոր չէ կանխել կապիտուլյացիոն համաձայնագրում առկա բացթողումների պատճառով առաջացած մարտահրավերները: Ես ինչպե՞ս հավատամ Փաշինյանին, եթե նա է ամենաշահագրգռված մարդը Հայաստանում, որ ռազմագերիներն ու անտառներում թաքնված անհետ կորածները չվերադառնան: Ի վերջո՝ ինչո՞ւ են նրանք հայտնվել ադրբեջանական գերության մեջ, ինչո՞ւ են մնացել հակառակորդի թիկունքում, եթե ոչ Փաշինյանի՝ պատերազմ վարելու անընդունակության, թշնամու հետ ունեցած նախնական պայմանավորվածությունների, դավաճանական քայլերի եւ այլ պատճառներով: Կարող եք վստահ լինել, որ ադրբեջանական կողմն այնքան լավ է աշխատել մեր գերիների հետ, որ Հայաստան վերադառնալուց հետո նրանք դառնալու են մի-մի ռումբ Փաշինյանի եւ նրա կառավարության համար: Ձեռնտո՞ւ է Փաշինյանին նրանց վերադարձը: Իհարկե՝ ոչ: Դուք կփորձե՞ք Փաշինյանի հետ միասնաբար աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, իհարկե՝ ոչ:

Ուրեմն գրել էր, թե՝ ինչպես էլ հանձնեի տարածքները, ինձ դավաճան էին ասելու: Այո, այդպես է, ուրիշ ի՞նչ պետք է ասեին այն ղեկավարին, որ ստորագրել է կապիտուլյացիոն համաձայնագիրը՝ անկախ այն բանից՝ խաղա՞ղ ճանապարհով է հասել դրան, թե՞ հազարավոր մարդկանց արյան գնով: Թե բա՝ կային մադրիդյան սկզբունքները, որոնք նախկինների ժամանակ էին մշակվել, որոնք ինքն ընդամենը իրագործել է: Եվ այս ջրիկն ինձնից պահանջում է, որ իր հետ միասնակա՞ն լինեմ: Նա պետք է իմանա, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իսկ ինքը քաղաքականությունից հեռու է այնքան, որքան «խոզը պտտաձողից»: Նախկինները, որոնց վրա է փորձում մեղքը բարդել Փաշինյանը, հազար ու մի հնարներ են բանեցրել, որպեսզի ազատագրված տարածքներն ու տասնամյակներով ամրագրված ստատուս քվոն պահեն: Թե ինչքանով է դա հաջողվել, ինչ հսկայական աշխատանք է կատարվել աշխարհում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ, բոլորս գիտենք: Թե քանի անգամ է Ադրբեջանը փորձել զենքի ուժով վերանվաճել Արցախի Հանրապետության տարածքները, եւ ինչով են ավարտվել այդ փորձերը, դա էլ գիտենք: Թող Փաշինյանին չթվա, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կարող ժողովրդին համոզել, որ տարածքների վերադարձն անխուսափելի է, եւ պետք է դրանք խաղաղ ճանապարհով վերադարձնել: Բայց նրանք դա չէին անում եւ չէին անի, որովհետեւ լավ գիտեին, թե ինչ գնով է այդ ամենը ձեռք բերվել, ինչ նպատակով, ինչ են նշանակում ազատագրված տարածքները ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության համար:

Իսկ ի՞նչ արեցիր դու, Նիկոլ Փաշինյան: Դու կասեցրիր տասնամյակներ տեւած բանակցային գործընթացը՝ լավ իմանալով, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է: Եվ առաջին հարվածն Արցախին հասցրիր դու, պարոն Փաշինյան՝ Արցախի հերոսների նկատմամբ քո անվերջանալի հետապնդումներով եւ դե ֆակտո անկախ պետության ղեկավարին քո երկրում «մարզպետ» հռչակելով: Թքած քո ճղճղոցի վրա՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Դա, եթե կուզես, կոչ էր Ալիեւին՝ սկսելու պատերազմը, որին Հայաստանն ու Արցախը պատրաստ չէին քո «խելացի» բարեփոխումների պատճառով: Եվ ինչպե՞ս ես քեզ հետ միասնական լինեմ, եթե ոչ մի երաշխիք չկա, որ զոհասեղանին Հայաստանի Հանրապետության անկախությունը չի դրված այս պահին: Դու քո խայտառակ գրառումներով ինձ ստիպում ես անել մեկ բան՝ պահանջել քո հրաժարականը, ստիպել քեզ մաքրվել քաղաքական դաշտից: Դու շարունակում ես ստել, ստել եւ ստել: Քեզ ոչ մի Մոսկվա էլ չեն հրավիրել, Մոսկվայում վաղուց պարապ ականջներ չկան քո ստերի համար, դու այլեւս ոչինչ չես որոշում, Մոսկվայում ոչ ոք չի պատրաստվում քեզ հետ քննարկել արցախյան խնդիրը, որ քո անտաղանդ էությամբ դարձրիր Ռուսաստանի ներքին հարցը:

Լապշաներ, լապշաներ… Թե բա՝ ես Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձրի, բայց նա հրաժարվեց գնալ Մոսկվա՝ Պուտինի հետ խոսելու: Լսիր, այ Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան գիտես, բա ե՞ս ինչքան բան կիմանամ: Այ ստախոս, մոռացե՞լ ես, որ քեզնից պահանջվել է նաեւ լիազորագիր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողանան բանակցել ՀՀ անունից: Տվե՞լ ես: Չես տվել, չէ՞, առաջարկել ես Մեդվեդեւի հետ հանդիպել, մասնավոր հանդիպումներ ունենալ Ռուսաստանում: Աթոռդ կորցնելո՞ւց վախեցար, հեղինակությո՞ւնդ չներեց, թե՞ այդպիսի պայմանավորվածություններ չունեիր թիվ մեկ քիրվայիդ հետ: Հիշեցնեմ՝ այդ օրերին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատրաստակամ էին Մոսկվա մեկնել, դու շարունակում էիր Արծրուն Հովհաննիսյանի շուրթերով զգետնել ու հօդս ցնդեցնել հակառակորդին…
Ասում ես՝ այսպես թե այնպես, քեզ դավաճա՞ն էին ասելու… Հիմա էլ, երբ դու ուզում ես արդարանալ այս ամեն ինչի համար, ես քեզ ասում եմ՝ «Նիկոլ, դավաճան»: Դու այս խարանից չես պլստալու, որովհետեւ այն քո ճակատին դրել է հայ ժողովուրդը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ֆրանսիան, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Անգլիան, ողջ միջազգային հանրությունը: Եվ ես այլեւս չգիտեմ՝ ինչ անել քեզ համար, որ դու հեռանաս ու չխանգարես մեզ՝ գտնելու մեր հավաքական ուժը:

Քո մնալով՝ գրգռում, թուլացնում ես նաեւ Սփյուռքը, որից այնպես վախենում է Թուրքիան: Սփյուռքն այլեւս մեր վերջին հենարանն է, որ դիմակայում է Հայաստանը ոչնչացնելու Թուրքիայի նկրտումներին: Գնա վերջապես եւ մի խորտակիր երբեւէ միացյալ Հայաստան ունենալու մեր գալիք սերունդների միասնական երազանքը: