Տոնական միջոցառումը անցկացվել է առանց մրցույթի, քաղաքապետարանը օրե՞նք է խախտում

Տոնական միջոցառումը անցկացվել է առանց մրցույթի, քաղաքապետարանը օրե՞նք է խախտում

Դեկտեմբերի 21-ին հանդիսավոր և մեծ շուքով տեղի ունեցավ նոր, 71 մլն դրամանոց տոնածառի բացման արարողությունը։ Շոուն, ինչ խոսք, լավն էր ու շատերին դուր եկավ։ Սակայն, արի ու տես, որ ամեն բան նույնքան լուսավոր չէ, որքան նոր տոնածառը։ Պարզվում է, որ միջոցառման իրականացումը հանձնվել է կոնկրետ կազմակերպության՝ առանց օրենքով սահմանված կարգով մրցույթ անցկացնելու։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեց «Ազդ Փրոդաքշն» ընկերության տնօրեն Հայկ Հարությունյանը։

Ընկերությունը զբաղվում է նմանատիպ միջոցառումների կազմակերպմամբ։ Տնօրեն Հայկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթ չի հայտարարվել, դեռ ավելին՝ իրենք այդ հարցով դիմել են քաղաքապետարան և պատասխան չեն ստացել․

«Մրցույթ չի կազմակերպվել, մենք սպասում էինք, որ կլինի համապատասխան մրցույթի հայտարարություն, ընդ որում այդ հարցով գրավոր դիմել ենք քաղաքապետին և կառավարություն, որևէ պատասխան չենք ստացել։ Երկու հարցում էր, մեկին պատասխանեցին, մյուսը անտեսեցին։ Վերջին մեկ տարում 7-8 պետական միջոցառում ենք կազմակերպել, և սպասում էինք, որ այս մեկին նույնպես կմասնակցենք։ Նման միջոցառում կազմակերպելու համար առնվազն 30-ից 40 օր է պետք, բայց մեզ բանավոր պատասխանել են քաղաքապետարանից, որ դեռ չեն որոշել՝ մրցույթ անելո՞ւ են, թե՞ չէ, այն պարագայում, երբ որ ենթադրվող միջոցառմանը մնացել էր 15 օր։ Դա նշանակում է, որ շատ վաղուց սկսել էին պատրաստվել այդ միջոցառմանը։ Եթե չեմ սխալվում, կոչվում է հրատապ կարգով, այսինքն՝ եթե ժամանակը քիչ է, պետք է հրատապ կարգով մրցույթ անցկացվեր՝ 3-ից 4 օրվա ընթացքում, և ընտրվեր միջոցառումը ամենամատչելի գնով կատարողը»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ նշեց, որ իրենք նույնպես տեղյակ են, որ մրցույթ չի անցկացվել․

«Մենք այդ հարցը տալու ենք քաղաքապետին, կա ՀՀ օրենքը, կարող եք նայել։ Քաղաքապետի պարզաբանումից հետո կարող ենք խոսել։ Այո, մենք նույնպես արձանագրել ենք, որ մրցույթ չի իրականացվել, և բողոքներ ունենք կազմակերպություններից, որ իրենք հնարավորություն չեն ունեցել բաց և թափանցիկ մասնակցել այդ մրցույթին։ Ես այդ հարցը հրապարակային տալու եմ քաղաքապետին»։

Քաղաքապետարանի գնումների վարչությունից ցանկացանք պարզաբանում ստանալ, բայց բաժնի պետ Էդգար Կիրակոսյանը հայտարարեց, որ մամուլի հետ շփվելու լիազորություններ ունի միայն լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը, և վերջինիցս պետք է պարզաբանում ստանալ։ Իսկ այդ բաժինն էլ, որի պետը Իոսիֆ Կուբատյանն է, 2 օր է, մեր զանգերին չի պատասխանում։ Քաղաքապետարանի, թերևս, միակ հասանելի մարդը՝ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ առաջարկեց գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկվել է, բայց պատասխան դեռ չենք ստացել։