Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ վերջին գործողություններից․ Մալթայի ԱԳՆ

Մտահոգված ենք Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ վերջին գործողություններից․ Մալթայի ԱԳՆ

Մալթան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ վերջին գործողություններից։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Մալթայի արտաքին գործերի նախարար Իան Բորգը:

«Մի քանի շաբաթ առաջ էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր կողմերին կոչ արեց կառուցողական երկխոսությւոն ծավալել: Նման գործողությունները խոչընդոտ են խաղաղության ճանապարհին: Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը: Կրկին կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին:

Տեղի բնակչության տեղահանությունը, ավիրածությունները, մարդկային կորուստները դատապարտելի են: Կոչ ենք անում առանց խոչընդոտների հրատապ մարդասիրական օգնություն հասցնել նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն»,- նշել է Բորգը:

Նա կոչ է արել ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները և հարգել հրադադարը:

«Վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ցանակացած համաձայնություն կողմերի միջև պետք է պաշտպանի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունը»,- եզրափակել է Մալթայի ԱԳ նախարարը: