Մխիթարյանը մեկնարկում կլինի պահեստայինների նստարանին․ la gazzetta dello sport

Մխիթարյանը մեկնարկում կլինի պահեստայինների նստարանին․ la gazzetta dello sport

Այսօր, Երևանի ժամանակով 23։00-ին մեկնարկելու է աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ստամբուլում ականջավոր գավաթը վիճարկելու են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մխիթարյանի «Ինտերը»։ Երեկ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին անդրադառնալով Մխիթարյանի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին, նշել էր, որ միայն վերջին մարզման ժամանակ կարող է հստակ հասկանալ՝ Մխիթարյանը կխաղա մեկնարկում, թե ոչ։

«Մխիթարյանն ու Կորեան արդեն մի քանի մարզում անցկացրել են ու շատ մոտ են լիարժեք ապաքինմանը։ Հենց վերջին մարզման ժամանակ մենք հասկանանք՝ ի վերջո նրանք ինչ վիճակում են գտնվում։ Դրանից հետո ես միայն կհասկանամ՝ արդյոք Մխիթարյանի պիտի օգտագործել հանդիպման մեկնարկից, թե հետո խաղաժամանակ տրամադրել։ Տևական ժամանակ է՝ նման դեպք չէր պատահել։ Ես հիմա անկեղծ չգիտեմ՝ ում ընտրել՝ Մխիթարյանի՞ն, թե՞ Բրոզովիչին»,- ասել էր նա։

Քիչ առաջ մարզական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ la gazzetta dello sport-ը հոդված է հրապարակել՝ պնդելով, որ Ինձագին ամեն դեպքում որոշել է ռիսկի չդիմել, ուստի հայազգի ֆուտբոլիստը խաղը կսկսի պահեստայինների նստարանից։