Տարվա ամենաանազնիվ բառը մեդիայում

Տարվա ամենաանազնիվ բառը մեդիայում

Եթե ընթերցողը, առանց հրատարակվելու պայմանավորվածության և առանց որևէ ակնկալիքի, Ամանորի այս կենցաղային խուճապի մեջ նստում և գրում է, ուրեմն երևի արժանի է ուշադրության: Եվ ուրեմն, հրաշափառ այս հաղթանակը, որը աննկուն մարտիկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացրեց հայաստանցի ժողովուրդը, թիկունքում ունենալով սփյուռքի ջերմ աջակցությունը, իսկապես Արցախյան հաղթանակի պարտադրված շարունակությունն էր: Հեղափոխության հաղթանակը զարմանալիորեն խթանեց նույն հայ ժողովրդի անկասելի հայհոյախոսությանը՝ մեդիայում:

Ընդ որում, այս դեպքում կատարելապես միևնույնն է՝ ուղղորդված, թե ինքնաբուխ է հայհոյանքը, անեծքը, լուտանքը: Երևի թե երբևէ հայերեն լեզվով հայհոյանքը, քֆուրն այսքան կյանքի իրավունք չէր ստացել: Դիտարկումը վերաբերում է միայն մեդիային /սոցցանցում չկամ/ և միայն հայերեն գրվածքներին: Լատինատառ հայերենը ոչ թե չեմ կարդում, այլ չեմ կարողանում: Սյուրռեալիստական անեծքների, սեռական հայհոյանքների, այս ճահճի մեջ ատելություն սերմանող մի բառ կա, որն ամենից սարսափելին է: Ալբանացի…

Այս իդիոմատիկ արտահայտությունը, ատելության այս վիրուսը կյանքի է կոչվել տասը տարի առաջ, ամենալայն կիրառությունը ստացել վերջին տասն ամիսներին, ամենամեծ սեպն է համայն հայության ջանքերի ու կյանքերի գնով ազատագրված հայրենիքի մի հատվածի հասցեին: Առարկել միշտ էլ կարելի է՝ իսկ դուք մի նույնացրեք: Սառնասիրտ, անհոգի, անազնիվ մղումով ստեղծված բառը՝ իբրև նշավակ, փոխանցվել է մասսաներին, ու թվում է, պրծում չկա:

Գայանե Մկրտչյան