Լռիր, Նիկոլ, շատ ենք խնդրում՝ լռիր

Լռիր, Նիկոլ, շատ ենք խնդրում՝ լռիր

Այսօր նորից մի ստատուս երկնեց երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը։ Պարզ է, որ համառությունը՝ համոզելու, որ ինքը մեղավոր չէ, արդեն հիվանդագին դրսեւորումներ է ստանում, վերածվում է կպչուն մտքի, որից նա չի կարողանում ազատվել։ Եթե նման համառությամբ ու հետեւողականությամբ մեկ այլ՝ երկրի համար օգտակար գործով զբաղվեր, ասենք, վերջին մեկուկես ամսում ինչքան ստատուս է գրել, այդ ժամանակը տրամադրեր մեր գերիների վերադարձին, կամ՝ սահմանների հետ կապված քննարկումներ նախաձեռներ կոմպետենտ մարդկանց ու կառույցների հետ, մենք մի քիչ ավելի լավ վիճակում կլինեինք այսօր։ Բայց մարդը վարչապետի աթոռը զբաղեցնելով այդպես էլ երկրի ղեկավար չդառավ, մնաց թերթի խմբագիր, որն օրը մի քանի նյութ է գրում՝ խմբագրականներ, վերլուծականներ ու փորձում է իր «ճիշտն» առաջ տանել։ 

Կարդալով նրա վերջին «խմբագրականը»՝ «ճկուն» քաղաքականության եւ պատերազմից խուսափելու մասին, հասկացա, որ այսօր իր հրաժարականը պահանջողները մեկ այլ՝ ավելի կարեւոր պահանջ պետք է դնեն։ Պետք է ցույցեր անեն՝ «ստատուսներ մի գրի» կարգախոսով։ 
Որովհետեւ ամեն մի ստատուսը հերքում է նախորդը։ Ամեն մի ստատուս հունից հանում է մարդկանց։ Ամեն մի ստատուսից հետո մենք ավելի ենք հիասթափվում, թե ինչքան սխալ մարդու ենք կարգել վարչապետ։ 

Այս անգամ նա իբրեւ թե հերթական հայտնագործությունն է արել, երեւի իր կարծիքով երկաթյա փաստարկ է գտել, թե ինչու չի կարելի մեղադրել իրեն պարտության մեջ։ 
Ասում է․ «Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից։ 

Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան։ Երկար տարիներ Հայաստանի վարած «ճկուն» քաղաքականությունը բերեց նրան, որ 2016 թ․ հունվարին շրջանառության մեջ դրվեցին ռուսական առաջարկները, որոնք ենթադրում էին 7 տարածքների (5+2) վերադարձ առանց ԼՂ կարգավիճակի որեւէ ճշգրտման»։ 

Ապա հերքելով իր բոլոր նախկին պնդումները՝ Ռուսաստանի հետ փայլուն հարաբերությունների մասին գրում է․  «Եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր եւ սա էր պատերազմի պատճառը, ինչո՞ւ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները եւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը»։ 

Իսկ հետո արդեն անցնում է տարրական ստորության, որ «պատերազմից խուսափելու միայն մի տարբերակ կար՝ վերադարձնել տարածքները, մոռանալով Արցախի կարգավիճակի մասին»։ Ու որպես հակափաստարկ ասում է, բայց այդ դեպքում էլ «Գորիսի հարեւանությամբ գտնվող Էյվազլիի հատվածում հայտնվելու էր ադրբեջանական ցուցանակ»։ 

Այսինքն, այն 5-6 հազար զոհերն էլ՝ հեչ, բոլորովին կարեւոր չեն։ Այսինքն՝ մինչ պատերազմը կնքվելիք համաձայնությունն ու պատերազմի արդյունքում կնքված համաձայնությունը, Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, լրիվ նույնն են, ուրեմն՝ իրեն մեղադրելու պատճառ չկա։
Ապա կրկին մանիպուլացիա՝ տգետ խավի ուղեղը լվանալու համար․ «Ժամանակին մեզ մեղադրում էին «հողերը ծախելու» մեջ։ Հիմա էլ՝ կասկածելի հայտարարություններով վտանգի տակ են դնում մեր գերիների կյանքը»։ Այս արտահայտություններն ու ակնհայտ ստերն են պատճառը, որ նման ստատուսների տակ հազարից ավելի քոմենթ են գրում մարդիկ, որոնց մեծ մասը հայհոյանք է ու անեծք։ Ինչքա՞ն կարելի է խաբել ու կեղծել, ի՞նչ կապ ունեն գերիները՝ ընդդիմության հայտարարությունների հետ, այդ կապի գեթ մեկ ապացույց կա՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի քարոզչական հայտարարությունները պետք է հիմք ընդունենք ու հավատանք։ 

Իսկ վերջում՝ կրկին թալանի, դեռ ետ չբերված ու պատերազմին պատրաստ չլինելու ծեծված թեզը։ 
Նախ, եթե կարողանայիք՝ այդ գումարները բերած կլինեիք։ Ում կարողացաք այս երկու տարում՝ ռեկետով, առանց դատ ու դատաստանի, առանց դատարանի օրինական վճիռների ստիպեցիք ձեզ մուծվեցին եւ չիմացանք, թե այդ գումարներն ուր գնացին։ Երկրորդը՝ կյանքը ցույց տվեց, որ թալանի մասին խոսակցությունները խիստ չափազանցված էին, երրորդը՝ եթե նախկինները թաքուն էին թալանում, դուք՝ բացահայտ եք արել՝ բյուջեից պարգեւավճարների եւ անօրինական վարձատրությունների, մութ գործարքների տեսքով՝ մեկ անձից գնումներ, անհասկանալի պետական հատկացումներ, որոնց ելքն ու արդյունավետությունը չի երեւում, վարչապետի տիկնոջ հիմնադրամների հաշվին անհայտ ծագման ու անհայտ անձանց կողմից մեծ փոխանցումներ եւ այլն։

Եւ վերջապես՝ եթե զինծառայողների ծնողներին կաշառելու համար բանակին ելակ ու տաք խորտիկներ չմատակարարեիք, ՍՈՒ-30 անիմաստ ինքնաթիռները չգնեիք, բանակի կոմպետենտ զինվորականներին չհեռացնեիք ու ապաշնորհներին չհանձնեիք՝ գուցե պատրաստ լինեինք պատերազմին։ Իսկ պատերազմի ընթացքում էլ մարտերը ոչ թե վարչապետի տիկինն ու 90-ականների կամանդույուշչին վարեին, գերագույն հրամանատարն էլ այդքան անհանդուրժող ու բանակը կառավարելու անընդունակ ապաշնորհ անձ լիներ, գուցե չպարտվեինք, կամ՝ գոնե այդքան զոհ ու կորուստ չունենայինք։
Այնպես որ լռիր, Նիկոլ, խնդրում ենք՝ լռիր։

Սվետա Մարտիրոսյան