Միգուցե իշխանությունները թողեցին, որ ԱԱԾ-ի նյութերը ոչնչանան

Միգուցե իշխանությունները թողեցին, որ ԱԱԾ-ի նյութերը ոչնչանան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե նախկինո՞ւմ էլ է հնարավոր եղել ԱԱԾ-ում ոչնչացնել կարեւոր նյութեր։
«Չէր կարող լինել, որովհետեւ մենք դրանց ոչնչացման կարիքը չունեինք»,- արձագանքեց Գուրգեն Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մամուլի ասուլիսում երեկ հայտարարել էր, որ ՀՀ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ում  կարեւոր նյութեր  են ոչնչացրել։ Նաեւ հայտարարել էր, որ այդ նպատակով ծառայողական քննություն է կատարվում,  եւ հնարավոր է, որ փաստի առթիվ քրեական գործ հարուցվի։

Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե պե՞տք է պատասխանատվության կանչվի ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը։

«Դուք այնքան նուրբ հարց եք տալիս։ Կարող են կանչել պատասխանատվության, եթե պարզվի, թե կոնկրետ ինչն են ոչնչացրել։ Ես չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները դա կանեն, որովհետեւ միգուցե թողեցին, որ այդ ամենը ոչնչանա, որովհետեւ իրենք էլ ունեին խնդիրներ՝ կապված այդ փաստաթղթերի հետ։ Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ունեին խնդիրներ»,- ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալը։

Մեր հարցին, թե ինչու այդ դեպքում վարչապետը նման հայտարարություն արեց, Գուրգեն Եղիազարյանն արձագանքեց․ «Այդ մասին խոսվում էր, գիտեին այդ մասին, երեւում է, որ ինքն էլ ուներ որոշակի խնդիրներ»։