Դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը պիտի լինի

Դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը պիտի լինի

«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն է:

-Փետրվարի 7-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցիք կառավարությանը՝ առաջարկելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցն առանձնացնել այդ փաթեթից և ներկայացնել առանձին, որպեսզի նրանց ազատ արձակման հարցն ավելի արագ լուծվի: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գերիների, պատանդների ու պահվող անձանց խնդիրը շարունակում է մնալ իշխանության հանդիպումների օրակարգում, մշտապես անդրադառնում են դրան։ Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, ապա ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն ընդհանուր փաթեթից առանձնացնելու հարցին նա չի կարող պատասխանել, քանի որ իրավական վերլուծության կարիք կա։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանին գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագիրն այնքան էլ հետաքրքիր չէ: Ի՞նչ տպավորություն ստացաք Դուք Փաշինյանի պատասխանից:
 
-Բացառիկ զգայուն թեմա է։ Իրավական գործընթացներին զուգահեռ, Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների, այլ անձանց և ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը քաղաքական և դիվանագիտական ջանքերի գերլարում և սևեռում է պահանջում, ամենօրյա աշխատանք։ Իմ խորին համոզմամբ՝ դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը պիտի լինի։ Ցավով եմ բարձրաձայնում, բայց ես այդ նախանձախնդրությունը չեմ տեսնում, մինչդեռ սա մեր՝ իբրև պետություն և ժողովրդի, արժանապատվության հարցն է։ Բայց արժանապատվությու՞ն է մնացել։ Հայաստանի կամազուրկ, պարտված իշխանությունները Բաքվի խոսափողն են դարձել՝ լեգիտիմացնելով նրանց պահանջները, վերաձևելով ու հարցականի տակ դնելով Հայաստանի ապագան։ Հիշու՞մ եք՝ «գերիները կարող են մի երկու ամիս մնալ Բաքվի բանտերում» խոսույթը։ Ի վերջո, այս ողբերգական իրականությունը այս քաղաքական ուժի վարած արտաքին և ներքին քաղաքականությունների հետևանքն է, Արցախն ուրանալու հետևանքը։ Քաղաքագիտական անքննելի ճշմարտություն է՝ պարտվողից կորզում են ամեն բան, մանավանդ եթե պարտվողը շարունակում է մնալ բանակցողը։ Ադրբեջանը հակամարտությունը լուծված և փակված է համարում ռազմական ագրեսայի, ուժի և ցեղասպանության ճանապարհով, նա բացահայտորեն մերժել և անտեսել է Մարդու իրավունքների, Արդարադատության միջազգային դատարանների որոշումները։ Հայաստանը Եվրոպական դատարանում միջպետական 4-րդ գանգատն է ներկայացրել, ուր ներառված են համալիր հարցեր՝ Լաչինի ապաշրջափակում, փախստականների իրավունքներ, մշակութային ժառանգության պաշտպանության, ներառյալ գերիների և պատանդառված  Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։  Բացառիկորեն գնահատում եմ Եղիշե Կիրակոսյանի գործունեությունը, բայց կրկնվեմ՝ խնդիրը ոչ միայն միջազգային իրավական,այլ հատկապես քաղաքական և դիվանագիտական ջանքերի համադրում է պահանջում։ Դա պիտի լինի ՀՀ օրակարգային առաջնահերթություն։

-Ի՞նչ կարող է անել կառավարությունն այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու ուղղությամբ:  

-Օբյեկտիվորեն ենթադրելի է, որ վերը նշված ամբողջությամբ և ծավալով հայցը կարող է տարիներ ձգձգվել, ինչը նախադեպեր ունի։ Թե գերիների, թե ռազմաքաղաքական ղեկավարության Ադրբեջանական գերեվարության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը ապտակ է Հայաստանին։
Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ, որ ռազմաքաղաքական ղեկավարության հայցը առանձնացվեր և առանձին հայցով ներկայացվեր դատարանին, ավելի արագ հանգուցալուծման հասնելու ակնկալիքով․ այլապես կարող է տարիներ ձգձգվել։ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, տևական շփման մեջ է եղել Եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ  հայտարարություններ են ստորագրվել Արցախի առնչությամբ, ուր տվյալ երկրների նախագահների ստորագրություն կա։ Նրանք հաշվի են նստել չէ՞ Արցախի գոյության, ինքնորոշման իրավունքի, ընտրված ղեկավարության, փաստացի գործող պետական ինստիտուտների հետ։ Միանշանակ է՝ հատկապես ԱՀ ռազմական ղեկավարությունը պարզապես քաղաքական պատանդ է, ռեժիմի պատանդը։ Իմ կարծիքով՝ 8-ի հարցով, պատանդառության հիմքով կարող ենք դիմել ՄԱԿ-ի արդարադատության դատարան, ինչո՞ւ չօգտվել նաև այս հնարավորությունից։ ՀՀ-ն «Պատանդառության դեմ միջազգային կոնվենցիայի» անդամ է։ Այդ կոնվենցիան ունի նաև վեճերի լուծման մեխանիզմներ։ Իրավական մարտավարության դիրքերից պետք է քննարկել հարցը, բայց նորից եմ կրկնում՝ սա առավելապես քաղաքական օրակարգի խնդիր է։
Ի վերջո, Արցախի պետականությունը կերտած մարդկանց  ճակատագիրը մեր բոլորի ցավի և արժանապատվության խնդիրը պիտի լինի։

-Եթե իրավական միջոցները արդյունավետ չեն, քաղաքական լուծման ի՞նչ ճանապարհներ եք որդեգրել, բանակցային գործընթացներում ի՞նչ արդյունքներ և տեղաշարժեր ունենք։

-Այս պահին տեսանելի չեն․․․
 
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ նրանց կալանքը ևս չորս ամսով երկարաձգվեց:

-Բնականաբար, երբ ասում եմ, որ նրանք ռազմաքաղաքական պատանդներ են, նկատի ունեմ, որ Բաքուն ի շահ իրեն է գործադրելու և փորձելու է խաղարկման առարկա դարձնել։