Ակունքում կպայքարեն նախկին գյուղապետը, գյուղապետի ժ/պ եւ իր ազգականը

Ակունքում կպայքարեն նախկին գյուղապետը,  գյուղապետի ժ/պ եւ իր ազգականը

Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Ակունք համայնքի բնակիչները շրջափակել էին գյուղապետարանի շենքը և թույլ չէին տալիս աշխատակիցերին ներս մտնել: Գյուղի բնակիչները պահանջում էին համայնքապետի հրաժարականը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ գյուղապետ Արծրուն Ղարիբյանը պաշտոնավարման տարիներին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2017 թվականների ընթացքում իր մտերիմներից հինգ հոգու համայնքապետարանում աշխատանքի է ընդունել։

Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են իրենց անվամբ դուրս գրված աշխատավարձերը։ Ապօրինության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 22․297․000 դրամ վնաս։ Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարականի դիմում ներկայացրեց: Օգոստոսի 28-ին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կարեն Սիմոնյանը, որը իր թեկնածությունը առաջադրել է առաջիկա համայնքի ղեկավարի ընտրություններում: Բացի Սիմոնյանից՝ գյուղապետի աթոռի համար կպայքարեն նախկին գյուղապետ՝ Սպարտակ Ղազարյանը, մշակույթի տան տնօրեն՝ Նորիկ Հայրապետյանը, որը ներկայիս գյուղապետի ժ/պ Կարեն Սիմոնյանի ազգականն է, եւ համագյուղացի՝ Արեգ Մկրտչյան: 

Կարեն Սիմոնյանից հետաքրքրվեցիք, թե սատարելո՞ւ է մշակույթի տան տնօրենին. «Մշակույթի տան տնօրենը մեր ազգությունից է, ես կարող եմ ասել, որ ավելի լուրջ մրցակից է, հովանավորչության խնդիր չկա: Յուրաքանչյուրը պայքարում է իր եւ իր թիմի համար»:

-Պարո´ն Սիմոնյան, հասցրե՞լ եք ծանոթանալ համայնքի խնդիրներին։

-Ես երկար տարիներ զբաղվել եմ մանկավարժությամբ, այս ոլորտին ծանոթ չէի: Բայց փորձեցի այս ժամանակահատվածում ծանոթանալ համայնքի խնդիրներին: Ավելին ասեմ, ե´ւ ծանոթացա, ե´ւ հասկացա, միաժամանակ նաեւ աշխատանքներ եմ կատարել: Հին աշխատակազմի հետ եմ աշխատում: Եթե ընտրվեմ համայնքապետարանում միանշանակ լինելու են կադրային փոփոխություններ:

-Ծանոթ եք նախկին գյուղապետի չարաշահումներին, ինչ-որ ձեւով համայնքին պատճառած վնասը փոխահուցե՞լ է:

-Մենք ընդհանուր գրություններին պատասխանել ենք, ես չգիտեմ, թե գործը, որ փուլում է: Մոտ 22 մլն. դրամի չափով համյանքապետարանը վնաս է կրել, թե ի՞նչ տեսքով այդ գործը ավարտ կունենա, չեմ կարող ասել:

Ակունք համայնքի նախկին ղեկավար՝ Սպարտակ Ղազարյանը եւս մասնակցելու է փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններին: Նա պաշտոնավարել է 1991-2004 թթ-ին:

Մեզ հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ ունի գյուղացիների աջակցությունը, եւ որոշել է առաջադրվել, քանի որ մարդիկ արդեն ինքնուրույն են որոշում, թե ում ընտրեն, չկա վախի մթնոլորտ. «Ժողովուրդը որոշել ա, ես էլ իմ թեկնածությունը առաջադրել եմ: Արդեն բոլորս էլ քայլ արեցինք, բոլորիս երազանք էր, որ ունենանք նոր աշխատելաոճ: Ես այս տարիների ընթացքում միշտ էլ մասնակցել եմ ընտրություններին եւ հաղթել եմ, բայց ԿԳԲ եւ ոստիկանությունը մտել ա քվեաթերթիկները դրել են մյուս թեկնածուի վրա, որպես հանրապետական, անցելա: Էսօր ճանապարհը ազատ է, էլ չկա էդ վախի մթնոլորտը: Մարդիկ ինքնուրույն որոշում են գնալ ընտրություն անել: Հենց այդ թափանցիկ եւ ազատ ընտրության համար, ես կմասնակցեմ ընտրություններին: Անելիքներ շատ կան: Ակունք համայնքը հանրապետության մեջ եզակի համայնքներից է, որ բնակիչները հողի, ջրի սեփականություն վկայական չունեն: Դա մի քանի շաբաթվա գործ է, սրանք 14 տարի չկարողացան անել: ԲՀԿ-ի անդամ եմ, իմ հայացքներով ժողովրդավարական եմ, կուսակցության գերի չեմ, հայացքներով էլ՝ ազատ եմ:

-Թավշյա հեղափոխությունից անցել է 7 ամիս, համայնքում դրական տեղաշարժ նկատվու՞մ է:

-Եթե օվկիանոսում դատարկ նավակ է լողում, եւ դրա մեջ մի փայտի կտոր դնենք, էդ դատարկ նավակը ո՞ւր պետք է գնա: Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հին կազմի հետ, որը ՀՀԿ-ի շարունակությունն է, ինչը պետք է փոխի: Սրան- նրան էլի օգություններ են գրում իրենց բաժինը վերցնում եմ: էդ հարցը ինձ չպետք է տայիք, այլ գյուղացիներին: Ոնց հին գյուղապետը է արել, որ էսօր դրա տակից չի կարողանում դուրս գալ, հիմա էլ նույն աշխատելաոճով աշխատում են: Որպես մարդ, ինքը լավ տղայա, բայց ինքը չի էլ կարող ուրիշ բան անել: Կազմակերպում են բարեգործական կազմակերպությունից կովեր են բերում կամ սառնարան, բաժանում են բնակիչներին, ասում են գյուղապետարան է անում, ասում են՝ ձայն կտաք էս մարդուն: Ի՞նչ անելու բան ա էսօր, եթե նորից նույն ոճով են աշխատում:

Ղազարյանը հավաստիացնում է, որ ընտրվելուց հետո կհավաքի գյուղացիներին, կներկայացնի համայնքի խնդիրները, կլսի գյուղացիների առաջարկները. «Գյուղացիների հետ կպլանավորենք առաջնային եւ երկրորդային խնդիրնեը, որից հետո հաշվի առնելով մեր ֆինանսական հնարավորություները կկատարենք կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործերի բաժանում: Ես աշխատանքի առաջարկներ ստացել եմ, սակայն եղել եմ ժողովրդիս կողքը: ԲՀԿ էդքան իդեալական չի, բայց ես տեղից-տեղ չեն փախչում, իմ հայացներով կայուն եմ: Աշխատողը կապ չունի, որ կուսակցության անդամ է, աշխատողը պետք է նվիրվի իր համայնքին իր հող ու ջրին եւ աշխատի»: