Հայաստանը փորձում է երկու մոր ծիծ ծծել, բայց «մայրիկները» ստիպում են կողմնորոշվել

Հայաստանը փորձում է երկու մոր ծիծ ծծել, բայց «մայրիկները» ստիպում են կողմնորոշվել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

- Պարոն Արշակյան, Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ամենաակտուալ հարցը Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի քայլն է, որը շատերին զայրացրել, շատերին էլ հիացրել է: Ի վերջո` ի՞նչ է այն իրենից ներկայացնում և վերջապես մեզանում կա՞ մեկը, ով կարող է ձերբակալել Ռուսաստանի նախագահին:

- Իհարկե, Պուտինը Հայաստանում չի կարող ձերբակալվել մի քանի պատճառով: Առաջին պատճառն այն է, որ նա չի գա Հայաստան: Երկրորդ` եթե Պուտինը որոշի Հայաստան գալ, ապա ինքն ում ցանկանա կձերբակալի: Եթե որոշի չձերբակալել, ապա` կգնդակահարի: Նա Հայաստանում շատ ավելի ուժեղ է իր ազդեցությունով, քան ցանկացած մեկը:

- Հայաստանի իշխանությունները գիտակցո՞ւմ են Պուտինի և Ռուսաստանի ուժի մասին, թե՞ կարծում են իրենք Ռեմբոներ են, անպարտելի են:

- Կարծում եմ, որ իրենք գիտակցում են, որ իրենք շատ ավելի խեղճ են, քանի երևում է, ի՞նչ Ռեմբոյի մասին է խոսքը: Այստեղ կարևորն այն է, որ Հայաստանը տվյալ պահին զուտ օբյեկտ է: Արևմուտքի և Արևելքի միջև պայքարը տեղափոխվել է Հայաստան:

- Այդ դեպքում ինչո՞ւ ենք նման քայլերի դիմում: Ո՞րն է նպատակը:

- Հայաստանն աշխարհի անբաժանելի մասերից է: Հայաստանը պետք է ասի, թե ում հետ է` ժողովրդավարությա՞ն` Արևմուտքի հետ, թե՞ բռնապետների հետ: Հայաստանն այժմ խորամանկորեն երկու մոր ծիծ է ծծում` գառնուկի պես, սակայն դա չի ընդունվում և մենք ստիպված պետք է քայլեր անենք, այս մասով հստակություն մտցնելու համար: Նիկոլ Փաշինյանը դեմոկրատական ուժերի ֆորումում հայտարարեց, որ Հայաստանը դեմոկրատական երկիր է և շարունակելու է լինել դեմոկրատական` զարգացնելով այն:

- Հայաստանը փաստորեն, ըստ Ձեզ, փորձում է երկակի խաղ խաղալ:

- Հայաստանը փորձում է երկու մոր ծիծիկ ծծել` գառնուկի նման, սակայն այժմ «մայրիկները» նրան ստիպում են կողմնորոշվել, թե ում հետ լինել: Այժմ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով ցույց է տալիս թե ում հետ է: Նա ակնհայտորեն դիրքավորվել է արևմտյան դիրքերում:

- Բայց այդ դեպքում` Ռուսաստանի հետ հարաբերություններն են լարվում: Մենք գիտենք, թե ինչերի է ընդունակ Ռուսաստանը: Այս ամենի տակից ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները դուրս գալու: Ի՞նչ է մեզ տալու Ռուսաստանի նման թշնամի ձեռք բերելը:

- Հայաստանն այստեղ նախաձեռնող չէ: Հայաստանը չի կարող բարեկամություն կամ էլ թշնամություն նախաձեռնել: Հայաստանը զուտ օբյեկտ է և Հայաստանն այս պարագայում չի կարող թշնամանա ինչ-որ մեկի հետ: Ոչինչ չի կարող նախաձեռնել Հայաստանն այս պարագայում:

- Բայց կարող է բարկացնել:

- Հայաստանը բարկացնի, թե` ոչ, իրեն ճիշտ պահի, թե` ոչ, միևնույն է` մանրադրամ է: Շատ հարցերում մենք ուշացել ենք: Ժամանակին պետք է ինքնուրույն քայլեր անեինք, գնացքը գնացել է: Էլ չենք կարող: Մենք զոհ ենք այսօր: Անհեթեթություն է ասել, թե Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամանում է: Հայաստանի ձեռքից բռնած տանում են անտառ: Հայաստանն աղջիկ դեռահասի կարգավիճակում է: