«Հրապարակ». Հայկ Ղալումյանը, Վահրամ Դումանյանն ու Հայկ Չոբանյանը Բերդում քարոզարշավ էին անում

«Հրապարակ». Հայկ Ղալումյանը, Վահրամ Դումանյանն ու Հայկ Չոբանյանը Բերդում քարոզարշավ էին անում

Սեպտեմբերի 25-ին Բերդ խոշորացված համայնքում 51 տոկոսով հաղթել է գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, ով շուրջ 11 ամիս է՝ ազատազրկված է: ՔՊ-ն Նորաշեն, Չինչին, Վարագավան եւ Տավուշ բնակավայրերում է հաղթել «Զորավոր համայնք» դաշինքին, մյուս՝ 11 գյուղերում եւ Բերդ քաղաքում հաղթել է «Զորավոր համայնքը», եւ միայն մեկ գյուղում է հաղթել «Արժանապատիվ սերունդ» դաշինքը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Բերդի վերընտրված ղեկավար Հարություն Մանուչարյանի որդու` Անուշավան Մանուչարյանի հետ:

- Թեեւ Ձեր հայրն արդեն 11 ամիս է՝ կալանավորված է, սակայն Բերդ խոշորացված համայնքում նա ջախջախիչ հաղթանակ տարավ: Այժմ ի՞նչ քայլեր, գործողություններ եք անում Դուք:

- Այո, մենք հաղթել ենք: Ընտրություններն ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Փաստաբանի հետ կապի մեջ եմ, դատական նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 30-ին, սակայն օրն ու վայրը փոխվել են: Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, դատական նիստը տեղի կունենա Ճամբարակում, հոկտեմբերի 4-ին: Նոր դատավոր է աշխատում, հույս ունենք, որ արդար դատական պրոցես կընթանա, եւ արդարությունն իսկապես կհաղթի:

- Բերդում Ձեր հայրը բավականին սիրված է քաղաքացիների կողմից: Ես տեղեկություն ունեմ, որ քաղաքացիներն ուզում են բողոքի ակցիաներ սկսել, եթե պարոն Մանուչարյանը մնա կալանքի տակ:

- Դեռեւս չկա դրա անհրաժեշտությունը: Այդպես այնքան էլ ճիշտ չի լինի: Մարդիկ դուրս գան փողոց, որ ի՞նչ: Մեկ է՝ բոլորն էլ գիտեն, թե այս գործի հիմքում ինչ է ընկած: Ակցիաները չպետք է ինչ-որ բան փոխեն: Հորս գլխավորած թիմը հաղթել է, եւ սա արդեն որոշակիություն է մտցնում: Ընտրատեղամասերում թեպետ շատ ճնշումներ եղան, սակայն արդարությունը հաղթեց:

- Ի՞նչ ճնշումների մասին եք ասում:

- Ընտրատեղամասերում էնքան ոստիկան էին բերել, տպավորություն էր, թե կալանավայր է ընտրատեղամասը: Ուրիշ ոչ մի տեղ այդքան ոստիկան չի եղել, որքան Բերդ խոշորացված համայնքում: Մարդկանց տարբեր ճնշումների են ենթարկել: Գիշերը ժամը 11-ին մեր համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին կալանավորեցին, հետո Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավարին բերման ենթարկեցին: Գիշերվա կեսին ամեն հնարավոր բան արեցին, որ թիմում խուճապ ստեղծվի, սակայն ոչ մի բան նրանց մոտ չստացվեց: Ոչ մի արդյունքի չհասան: Ոստիկաններն իրենց էնպես էին պահում, այս ու այն կողմ գնում, որ նախկինում Բերդ քաղաքում 4 հազար մասնակցություն պարտադիր եղել է, այս անգամ ընտրություններին մասնակցել է 3 հազար 300 քաղաքացի, ինչը շատ վատ է: Էդքան ոստիկաններից ու ճնշումներից մարդիկ վախենում էին տներից դուրս գալ, սակայն մեզ ընտրող զանգվածը ոչ մի բանից չվախեցավ: Սա իշխանությունների համար հարված էր: Կալանավայրից երկրորդ հաղթանակն է արձանագրվում: Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթեց, Բերդում` հայրս: Հենց սրանից խուսափելու համար էլ ամեն ինչ արվեց, որպեսզի հայրս պարտվի, բայց ժողովուրդը սթափ է եւ ինքն է որոշում՝ իր քվեն ում տա:

- Ձեր հայրն արդեն 11 ամիս է՝ կալանավայրում է, ի՞նչ գործ է սա:

- Իհարկե, գործը քաղաքական է: Սա բոլորը գիտեն, գաղտնիք չէ: Չեմ ուզում նորից այդ մասին խոսել: Քաղաքական հետապնդումներ են սրանք, այն էլ ինչպիսի: Շատ-շատ բաներ կան, որոնց մասին ես չեմ ցանկանում խոսել: Ինձ մոտ այնպիսի ապացույցներ, փաստեր կան, որ դրանք տալիս են բոլոր հարցերի պատասխանները:

- Ի՞նչ ապացույցներ, եթե գաղտնիք չէ:

- Ճիշտն ասած` գաղտնիք է, իմ հարցերը ես կլուծեմ, կիմանաք ընթացքում....

- Կարծում եք մեր դատական համակարգն այն վիճակում է, որ դատարանն առանց ճնշումների, արդար որոշո՞ւմ կկայացնի:

- Մինչեւ հիմա շատ խոչընդոտներ են եղել: Երկու դատավոր է փոխվել: Դատարանների վրա կոնկրետ ճնշումներ են եղել: Մարդանյան Սամվել անունով դատավորն իշխանությունների կատարողն էր: Դրանից առաջ էլ Զաքինյան Զոյա անունով մի դատավոր էր, որն ինքնաբացարկ է ներկայացրել, դրանից հետո գործն ուրիշին է անցել: Գործով փաստաբանները մի քանի անգամ ինքնաբացարկ էին ներկայացրել դատարան, սակայն դատարանը դրանք չէր ընդունել, որից հետո ուրիշ երկու հոգի եւս կալանավորվեցին, ինձ էլ էին ուզում կալանավորել, չստացվեց: Այսպիսի խառը իրավիճակ է, իսկ ճնշումները միանշանակ են:

- Ընտրությունների ընթացքում իշխանական թեկնածուի հետ կապված վեճեր, տարաձայնություններ չե՞ն եղել:

- Մինչեւ ընտրությունները ժողովրդի հետ հանդիպումներ էր ունենում իշխանական թեկնածուն, նրան աջակցելու համար տարբեր նախարարներ ու պատգամավորներ էին գալիս եւ ուզում էին այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենք արդեն հաղթած են: Ամեն ձեւով փորձեցին խանգարել, բայց դե՝ մարդիկ հո գիտեն, թե իմ հայրն ով է: Բոլորն էլ արդար ընտրություն կատարեցին, մնաց իրենց վատությունը:

- Ո՞ր պատգամավորներն ու նախարարներն էին եկել Բերդ:

- Պատգամավորներին չեմ էլ ճանաչում կարգին:

- Մարզպետ Հայկ Ղալումյանն ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով:

- Մարզպետ Հայկ Ղալումյանը հենց ինքն է ընտրությունների օրը համակարգել: Ասեմ ավելին` Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Տավուշի նախկին մարզպետ, նախկին ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը սեպտեմբերի 21-ին Բերդում քարոզարշավ են արել: Մարզի բոլոր դպրոցների տնօրեններին հավաքել են մի տեղ, քարոզարշավ արել.... էլի անուններ տվեցին, անգամ չեմ էլ հիշում, կարեւոր չէ:

- Այս օրերին հանդիպե՞լ եք Ձեր հորը կամ խոսե՞լ եք նրա հետ:

- Հաղթանակից հետո չեմ հանդիպել նրան: Ընտրությունները փորձեցին նախ բողոքարկել, ընտրատեղամասերում վերահաշվարկ եղավ, բայց ոչ մի տարբերություն չգտան: Ընտրություն կազմակերպողն ու անցկացնողն իրենք են, իրենք են այսօր իշխանության ղեկին, իրենք են ամեն ինչ վերահսկում ու մեկ էլ, թե բա՝ վերահաշվարկ անենք.... լավ, էս մարդկանց ո՞նց կարելի է հասկանալ: Էս ի՜նչ երեւակայություն ունեն սրանք: Ամեն դեպքում, նման ճնշումներից հետո սա ուժեղ հաղթանակ էր, կարեւորը` ժողովուրդն ուրախ է: Մարդիկ իրենց հաղթանակած են զգում: Անգամ մեկը մյուսին շնորհավորում է: Սրանից մեծ հաղթանակ լինել չէր կարող....