«Հրապարակ». Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, 3 օր հետո թուրքերը կհարձակվեն

«Հրապարակ». Եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի, 3 օր հետո թուրքերը կհարձակվեն

Բանաստեղծ, հրապարակախոս Հուսիկ Արան, անդրադառնալով Ապարանում աշակերտների եւ բնակիչների ցույցին, ովքեր պահանջում էին ապարանցի զինվորներին շփման գծից հետ բերել Ապարան, ասաց, որ ապարանցիները պիտի պահանջեին իշխանություններից, որ զինվորներին կահավորված ու նորմալ խրամատավորված դիրքերում տեղակայեն։

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությանը՝ կապիտուլյացիոն նոր պայմանագրի վերաբերյալ, Հուսիկ Արան ասաց, որ Ադրբեջանը պատերազմելու է մեր դեմ միշտ, եւ նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց երեք օր անց թուրքերը նորից կհարձակվեն մեզ վրա։ Բանաստեղծը հիշեցնում է, որ պատերազմից անմիջապես հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին «ազգակործան պատուհաս» անվանեց, իսկ հիմա պնդում է, որ պետք է գնանք եւ այդ ազգակործան պատուհասի շուրջը համախմբվենք, կիսենք պատասխանատվությունը՝ այդ պայմանագիրը կնքելու հավանությունը տալով։

«Այլընտրանք կար՝ Արցախը չհանձնել, Արցախի կապիտուլյացիան չստորագրել, պատերազմ չբերել մեր երկիր։ Դա կապիտուլյացիայի, ոչ թե խաղաղության պայմանագիր է»,- ասաց հրապարակախոսն ու հավելեց, որ պայքարելով հնարավոր է նույնիսկ ամենահզոր թշնամու ծրագրերը ձախողել։ Հուսիկ Արան նկատում է, որ չնայած պաշտում ենք Նժդեհին եւ Անդրանիկ  Օզանյանին, բայց նրանց բացարձակ չենք ճանաչում, չէ՞ որ նրանք միշտ ասել են՝ երբեք մի վստահեք թուրքին։ Բանաստեղծը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն անգամ անակնկալի է եկել՝ Արցախը կործանելու վերաբերյալ համաձայնության էր եկել թշնամիների հետ, սակայն պարզվեց, նրանք հիմա էլ Հայաստանն են ուզում։ «Ի՞նչ ես ուզում մեզնից, ի՞նչ ես ձգձգում, խռխռալով սպանե՞ս մեզ, գնա, էլի, տղա ջան, գնա, էլի, քեզ մարդասիրական միջանցք էլ են առաջարկում՝ գնա, էլի, փողն էլ ունես, դղյակներն էլ ունես դրսում՝ ի՞նչ ես ուզում»,- ասում է հրապարակախոսն ու հավելում, որ Փաշինյանին իշխանության բերողները թույլ չեն տալիս նրան հեռանալ, քանի որ մինչեւ վերջ պետք է գործն ավարտին հասցնի։

Եվ մեղավոր է ժողովրդի այն 54 տոկոսը, որը 2021-ի հունիսին նորից ընտրեց Փաշինյանին։ Անդրադառնալով ճգնաժամային իրավիճակին՝ Հուսիկ Արան ասում է, որ մեր ժողովուրդը մերժում է Փաշինյանին փոխարինող ցանկացած մեկի թեկնածությունը, քանի որ «որոշել է կործանվել, բռնել է ինքնասպանության, մեռնելու ճանապարհը»։ «Փաշինյանը կարողանում է լավ խաբել, լավ կառավարել՝ պաչեմ ձեռքդ, ոտքդ եւ այլն, եւ այլն, մեր ժողովրդին էլ դա է դուր գալիս, մեր ժողովուրդը չի սիրում ուժեղ առաջնորդ»,- նկատում է Հուսիկ Արան եւ հավելում, որ չունենք պետության եւ պետականության զգացում։ Իսկ ժողովրդի մեծ մասն անտարբեր է զինվորների կորուստների նկատմամբ, ու նույնիսկ եթե բայրաքթարը հրթիռ գցի Երեւանի փողոցներից մեկում, հաջորդ օրը երեւանցիներն այդ մասին պարզապես չեն հիշի, ինչպես չեն հիշում 44-օրյա պատերազմն ու զոհված զինվորներին, որոնց այս իշխանությունը մատաղ արեց՝ թշնամուն մատուցեց որպես զոհ։ Իսկ հետո՝ 2022-ի ապրիլի 13-ին խոստովանեց, որ այս պատերազմը կարող էր չլինել, եւ կունենայինք նույն վիճակը, բայց առանց զոհերի։

«Ժողովրդավարությունը շատ լավ բան էր, բայց մեզ համար չէ։ Ժողովրդավարությունը բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող հասարակությունների, քաղաքակրթված ազգերի համար է, մեզ համար դարձավ չարիք»,- նշում է Հուսիկ Արան։ Հրապարակախոսը կարծում է, որ խոշոր արտաքին խաղացողներն էլ հուսալի չեն, ու դրա վառ օրինակն ունենք՝ ի դեմս դեռեւս 100 տարի առաջ ծավալված իրադարձությունների։ Իսկ երբ խոսում են ԱՄՆ-ից, Ֆրանսիայից հնարավոր օգնության մասին, Հուսիկ Արան նշում է, որ դա տգիտության արդյունք է, քանի որ այս երկրներից եւ ոչ մեկի հետ Հայաստանը փոխօգնության պայմանագիր չունի, իսկ Ռուսաստանը ոչինչ չարեց մեզ համար, քանի որ մենք՝ ինքներս, ոչինչ չենք անում ՝ նույնիսկ սեփական ժամկետային զինծառայողների համար խրամատ փորելու ունակ չենք։

Բանաստեղծը շեշտում է, որ սեփական պատերազմից փախչող ռուսը Հայաստանում հայի համար կռիվ չի տա։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուն, վստահ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ապա խաղաղության պայմանագիրն անպայման կստորագրվի։