«Հրապարակ». Աշխատավարձերի մեջ կներառվեն պարգեւավճարները

«Հրապարակ». Աշխատավարձերի մեջ կներառվեն պարգեւավճարները

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը երեկ կառավարության նիստին մի շատ պոպուլիստական նորություն հայտնեց՝ հուրախություն հայ հասարակության․ 2023 թվականի տարեկան բյուջեի նախագծով կավելանա բազային աշխատավարձի չափը՝ 66 հազար 140-ից դառնալով 83 հազար 200 դրամ։ Այսինքն՝ գործակիցներով վարձատրվող պաշտոնյաների աչքը լույս։ Եթե որեւէ մեկը 7 գործակցով սահմանված աշխատավարձ է ստանում, հունվարից նրա աշխատավարձը կլինի որ թե 66 հազարը բազմապատկած 7-ով, այլ 83 հազարը բազմապատկած 7-ով։

«Պետք է պարզաբանեմ, որ այս փոփոխությամբ վերահաշվարկված աշխատավարձի ֆինանսավորումը որոշ չափով փոխհատուցվելու է ներկայումս սահմանված պարգեւավճարների եւ հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով։ Արդյունքում աշխատավարձերի ավելացման նպատակով բյուջեից լրացուցիչ հատկացումները կկազմեն 21 մլրդ դրամ, սակայն գալիք տարվա բյուջեով սահմանված են լինելու այս տարվա համեմատությամբ ավելի քիչ պարգեւավճարներ եւ հավելավճարներ»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։ Սա նշանակում է, որ կառավարությունը որոշել է այդքան քննադատված պարգեւավճարները ներառել աշխատավարձերի մեջ՝ բարձրացնելով դրանք կամ ուղղակի պարգեւավճարների ֆոնդից հատկացում անել աշխատավարձի ֆոնդ՝ այդպիսով կոմպենսացնել պետական սեկտորի ծառայողների չստացած պարգեւավճարները։

Նկատենք, սակայն, որ պետական ապարատի միջին ու միջինից ցածր օղակների աշխատակիցները դժգոհում են, որ այդ պարգեւավճար կոչվածներից հիմնականում օգտվում են ամենավերին օղակների պաշտոնյաները, այդ թվում՝ մյուսների համեմատ առանց այդ էլ բարձր աշխատավարձ ստացող նախարարներն ու փոխնախարարները, ովքեր ոչ միայն թվանոց աշխատավարձեր, այլեւ ամենամսյա կտրվածքով էլ պարգեւավճարներ են ստանում եւ շատ ավելի մեծ չափով, քանի որ իրենց բուն աշխատավարձն է։ Իսկ ստորին օղակների աշխատակիցներին այդ ամենից գրոշներ են հասնում, այն էլ՝ մի քանի ամիսը մեկ պարբերականությամբ։

Բացի 2023 թվականի բյուջեի նախագծից՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը «զեկուցեց» կառավարության նիստում հաստատված մի չզեկուցվող նախագծի մասին, որով հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 75 հազար դրամ։ Սրա վրա Նիկոլ Փաշինյանն իր հերթական հայտնագործությունն արեց, որով հերթական քննադատության ալիքը բարձրացրեց իր դեմ։

«Եթե մարդն ամիսը 75 հազար դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք, թե դա ինչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլեւ՝ մասնագիտական»,- ասաց Փաշինյանը։ Այս ելույթից հետո մարդիկ համացանցում հիշեցնում էին, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող եւ երկրում ամենաբարձր աշխատավարձն ստացող, պետական բյուջեն ըստ հայեցողության ծախսող Փաշինյանը նորմալ մասնագիտական կրթություն չի ստացել՝ բուհի դիպլոմ չունի, եւ երկիրը ղեկավարում է, ըստ էության, միջնակարգ կրթության վկայական ունեցող անձ, ով այսօր խոսում է նորմալ կրթություն ստանալուց։