Լուրջ չարաշահումներ բուհերում․ 1 միլիոն դոլար ետ է բերվել պետական բյուջե

Լուրջ չարաշահումներ բուհերում․ 1 միլիոն դոլար ետ է բերվել պետական բյուջե
«Պետական վերահսկողական ծառայությունը ՏԻՄ գործերին չի խառնվում»։ Այս մասին այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։



Նա նշեց, որ ավարտական փուլում են Անի համայնքում, ինչպես նաեւ Ազատամուտ գյուղում ուսումնասիրությունները, հայտնաբերվել են չարաշահումներ Ազատամուտում եւ Անի համայնքում։



Անդրադառնալով Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հայտարարությանը, թե Սանասարյանը իր վրա ճնշում է գործադրել, որ հրաժարական տա, նշեց, որ դա հերյուրանք է. «Հերյուրանք է, որեւէ ճնշում չի գործադրվել, ուղղակի տեղեկացրել ենք, որ ուսումնասիրություն է իրականացվելու, ասեմ ավելին՝ գյուղապետը 10 տարիների ընթացքում այդքան հարգանքի արժանի վերաբերմունք չի ստացել։ Վարագույրները թափթփված էին գետնին, որը նա բացատրում էր հետեւյալ կերպ՝ թող գան տեսնեն, որ ցուցարարները մտել եւ այսպիսի բան են արել, ասում էր՝ բոլորը իմ թշնամիներն են»։



ՊՎԾ պետը նաեւ հայտնեց, որ Ագրարային համալսարանում ստուգումները վերջացրել են, իսկ Երևանի պետական համալսարանում ավարտի փուլում են. «Ագրարային համալսարանի նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամ վճարել պետբյուջե պետությանը վնաս հասցնելու համար, և հիմա իրավապահների հետ փորձում ենք հասկանալ ճանապարհները։ Լուրջ խախտումներ ԵՊՀ-ում ևս կան, որևիցե բան չեմ կարող ասել, բայց նախնական տվյալներով՝ երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանում»։



Ըստ Դավիթ Սանասարյանի՝ երկուշաբթի ինքը վարչապետին կներկայացնի 1 միլիոն դոլարին համապատասխան համարժեք դրամի հետբերումների տեղեկանքներ․ «Բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են։ Այս տարվա աշնան եւ ձմռան ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավելի միլիոն դոլարի մուտքեր»։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**