Մենք ողջունում ենք վարչապետի սթափ և մտահոգ դիրքորոշումը․ հայտարարություն

Մենք ողջունում ենք վարչապետի սթափ և մտահոգ դիրքորոշումը․ հայտարարություն
Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք տնտեսական հարցերի, մասնավորապես՝ հանքարդյունաբերությանը:



«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունն այս կապակցությամբ արձանագրում է.



«Տարիներ ի վեր երկրում արմատավորված տնտեսական և ֆինանսական համակարգերն այլևս ոչ միայն կենսունակ չեն, այլև ենթակա են հիմնովին վերափոխման։ Մի կողմից՝ հիմնականում մենաշնորհային դիրք գրավող սուբյեկտները ներկրել են սպառողական ապրանքներ, մյուս կողմից՝ այդ ապրանքների համար վճարունակ պահանջարկ ապահովելու համար ՛՛արտահանվել են՛՛ աշխատունակ մարդիկ, որոնք արտերկրում իրենց վաստակած գումարներով ապահովել են, ըստ էության, այդ փոքրաքանակ ներկրողների ահռելի եկամուտները: Ավելորդ չէ նշել նաև, որ այսպիսի տնտեսական մոդել սպասարկելու համար Կենտրոնական բանկի կողմից տասնամյակներ շարունակ ընտրվել է դրամի կայուն փոխարժեքի քաղաքականությունը, որը միանշանակ միտված է եղել ոչ թե երկրում արտադրությունը զարգացնելու, այլ ընդամենը ներկրումը խրախուսելու:  



Իսկ արտադրական ոլորտներից գերակայությունը հիմնականում տրվել է հանքարդյունաբերությանը, ինչը գրեթե ոչնչացման եզրին է կանգնեցրել ՀՀ անտառածածկ տարածքների զգալի մասը։ Մեկընդմիշտ հիշենք, որ ազգի կարևորագույն բնորոշիչներից մեկը պատասխանատվությունն է սեփական բնության նկատմամբ: Մեզանում ամրագրված մոդելը, սակայն բերել է հանքերի ուղղակի բարբարոսական շահագործման՝ բնապահպանական նորմերի հակամարդկային խախտումներով զուգորդված: Այս ամենն արվել է պետական ողջ համակարգի բացարձակ թողտվության պայմաններում: Մենք ողջունում ենք վարչապետ Փաշինյանի սթափ և մտահոգ դիրքորոշումը և տարակուսում քաղաքացիական հասարակության՝ այս հարցում առավել մեղմ դրսևորումների կապակցությամբ: Ոչ մի աշխատատեղ չարժե այն գինը, որը մենք և մեր ապագա սերունդները վճարում ենք՝ քայքայելով մեր բնությունը:



Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք և Երջանկություն բոլորին»։