Տրանսպորտի սակագինը ոչ այնքան տնտեսագիտական կատեգորիա է, որքան՝ քաղաքական

Տրանսպորտի սակագինը ոչ այնքան տնտեսագիտական կատեգորիա է, որքան՝ քաղաքական
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով տրանսպորտի գնի թանկացման մասին, ասաց բաներ, որը հետո ստիպված եղավ հերքել կամ պարզաբանել։ Տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարող երբեմնի ակտիվիստին քաղաքապետի պաշտոնն էր պակասում, որ արդարացնի նախորդ իշխանությունների որոշումները, որոնց դեմ ժամանակին պայքարում էր ինքը։ «Իհարկե, չեմ ասում, որ թանկանալու է եւ այլն, բայց շատ զավեշտալի է, իրականում, որ 2013 թվականից՝ 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից։ Սա նաեւ ինչ-որ տեղ զարմանալի է, էն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի՛ թանկացրեք։ Այս անգամ, արդեն, ըստ իս, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չի։ Ինձ թվում է՝ նախորդ իշխանություններն ուղղակի վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար։ Միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու։ Բայց շատ կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտը, տրանսպորտային միջոցները պետք է փոխվեն, նոր խոսենք գների մասին»,- ասել է Մարությանը։



Այնուհետեւ հայտարարել է, թե գների բարձրացումը պետք է որոշի ժողովուրդը, ոչ թե ինքը՝ միանձնյա։ «Այսինքն՝ մենք ներկայացնելու ենք Երեւանի բնակիչներին, ասում ենք՝ գիտե՞ք, տրանսպորտը փոխվեց, հիմա ինքնարժեքը, տոմսը էսքան է, հիմա մեր տարբերակը՝ մենք սուբիսիդավորենք դա, եւ քաղաքացիների համար չթանկանա, իսկ սուբսիդավորումը, միեւնույն է, քաղաքային բյուջեից է գնալու, եւ ինչ-ինչ հարցեր չի լուծվելու․․․ այսինքն՝ էդ հարցերը չեն լուծվելու, եւ մենք սուբսիդավորելու ենք տրանսպորտը, թե՞ ուզում ենք մի փոքր թանկանա տրանսպորտը, բայց էդ հարցերը լուծվեն»։ Իսկ երբ հարց է հնչում, թե ինչպես են իմանալու՝ հանրությունն ուզում է, որ տրանսպորտը թանկանա, թե ոչ, Հայկ Մարությանը պատասխանում է՝ հանրաքվեների միջոցով։



Ժողովրդի վստահության քվեին արժանացած պաշտոնյաները փաստացի փորձում են իրենց վրայից գցել պատասխանատվությունն ու դնել ժողովրդի ուսերին, որ վաղը ասեն՝ ժողովուրդն ուզեց, մենք էլ թանկացրինք։ Այդ դեպքում թող ամեն հարց որոշեն ժողովրդի հանրաքվեով։ Հայկ Մարությանը չգիտի՞, թե ժողովրդի համար ինչքան էժան ու որակով, այնքան լավ, եթե դնեն հանրաքվեի, եւ ժողովուրդը մերժի, պիտի ասի՝ դե որ չեք ուզում թանկանա, ուրեմն մանկապարտեզներն ու դպրոցները չենք նորոգելու։ Եվ վերջապես, Մարությանը տեղյա՞կ է, որ հանրաքվեն բյուջեի վրա հսկայական ծախս է, եւ հազիվ թե օպտիմալ է այդքան ծախս անել՝ ընդամենը լոկալ տեխնիկական հարցեր որոշելու համար։



Նշենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք մեկնարկեց տրանսպորտային ցանցի արդիականացմանն ուղղված գործընթաց, որը ղեկավարում էր փոխքաղաքապետ **Վահե Նիկոյանը**։ Ծրագրի շրջանակներում մոտ 850 հազար դոլար է նախատեսված (Ասիական զարգացման բանկի վարկով), որ պետք է ծախսեն՝ ուսումնասիրություն եւ աուդիտ անցկացնելու, ցանցի արդիականացման ծրագիր մշակելու վրա, եւ արդեն աշխատանքի մեծ մասն ավարտված է։ Հարցրինք Նիկոյանին՝ այդ ուսումնասիրությունների եւ մշակված ծրագրի հիման վրա նոր տրանսպորտային ցա՞նց է ստեղծվելու, եւ առաջարկելո՞ւ են նորընտիր քաղաքապետին՝ օգտվել իրենց կատարած աշխատանքից։ Վահե Նիկոյանն ասաց, որ, բնականաբար, ինքը կառաջարկի նոր քաղաքապետին օգտվել դրանից։ «Կա առաջարկ՝ կոնցեպտ, արդյոք էդ կոնցեպտը լիարժեք ընդունելի կլինի՞ ինչպես նոր քաղաքային իշխանությունների, նաեւ մեր բնակչության համար, որովհետեւ այն դեռ հանրային քննարկումներ չի անցել։ Եթե հավանություն լինի, այո՝ սա որպես հիմք կարող է ծառայել։ Եթե հավանություն չլինի, կա՛մ կլինեն շտկումներ, ապա այդ շտկումները պիտի արվեն, նոր դառնա հիմք»,- ասաց փոխքաղաքապետ Նիկոյանը։ Նախնական հաշվարկներով՝ Երեւանի տրանսպորտային ցանցի արդիականացման համար անհրաժեշտ է մոտավոր 100-150 մլն ԱՄՆ դոլար, բայց դա կախված է նրանից, թե ինչ տեսակի տրանսպորտային միջոցներ կբերվեն, որտեղից եւ այլն։ Իսկ վերջնարդյունքում տրանսպորտի սակագնի թանկացում նախատեսվո՞ւմ է։ Նիկոյանը վերջնական ոչինչ չասաց՝ դեռեւս չկա հստակ թիվ, դա կախված է ներդրումների ծավալից եւ ընտրված չափորոշիչներից․ «Մենք ընտրել ենք ամենաարդյունավետ երթուղային ցանցը՝ իմ կարծիքով, որը բերելու է շահագործման ծախսերի նվազեցման, եւ դա մեզ հնարավորություն է տալու, որպեսզի մենք ունենանք առնվազն այս նոր երթուղային ցանցի պարագայում առավելագույն ցածր տեխնիկական սակագին։ Դա կլինի գործող սակագնից բարձր, ցածր, թե որքան, էս պահին չեմ կարող պատասխանել»։



Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է ճիշտ տարբերակ հանրաքվեի միջոցով տրանսպորտի գինը որոշելը, պարոն Նիկոյանն ասաց․ «Ամեն ինչ էլ հնարավոր է։ Ընդհանրապես, գոյություն ունեն տեխնիկական սակագին եւ սակագին։ Սակագինը ոչ այնքան տնտեսագիտական կատեգորիա է, իմ կարծիքով, որքան՝ քաղաքական։ Նման կատեգորիաները ցանկացած ձեւով հնարավոր է որոշել, իհարկե»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**