ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի վերջին 10 տարիների գործունեությունը

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի վերջին 10 տարիների գործունեությունը
2007թ.-ն շրջադարձային տարի էր Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների իրականացման ենթակառուցվածքների զարգացման համար, քանի որ ՀՀ կառավարության կողմից 2007թ. մարտի 7-ին ընդունվեց «Տնտեսագիտական ուղղվածություն ունեցող գիտական կազմակերպությունների վերակազմակերպման մասին» թիվ 271-Ա որոշումը, որով խնդիր էր դրվել ճյուղային ենթակայության 3 ինստիտուտներ՝ «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» եւ «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները միացման ձեւով վերակազմակերպել եւ միացնել «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին։ Արդյունքում ձեւավորված միացյալ տնտեսագիտության ինստիտուտը կարճ ժամանակ անց վերածվեց ժամանակակից թեմատիկայով, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման համար զարգացած ենթակառուցվածքներով կայացած գիտահետազոտական կենտրոնի, որի 10-ամյա գիտակազմակերպչական գործունեությունը ներկայացվում է ստորեւ։



ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեությունը եղել է խիստ հրապարակային եւ հասանելի հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Բավական է նշել, որ ինստիտուտի հրատարակած գրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ինստիտուտի էլեկտրոնային կայքի «Հրապարակումներ» բաժնում: Ինստիտուտի 2006-2016թթ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներն արտացոլված են նույնանուն հաշվետվության մեջ, որը նույնպես տեղադրված է էլեկտրոնային կայքի «Հրապարակումներ» բաժնում:



Ամփոփելով ինստիտուտի տասնամյա գիտակազմակերպչական գործունեությունը՝ կարելի է փաստել.



1. Հրատարակվել են`



• Գիտական հոդվածների 18 ժողովածու` նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին



• 105 գիրք (գիտահետազոտական աշխատանք)



• 1585 գիտական հոդված, 231-ը` միջազգային հանդեսներում։



2. Ինստիտուտի 2 երիտասարդ գիտաշխատողներ պաշտպանել են դոկտորական ատենախոսություն։



3. Ինստիտուտի 154 հայցորդ ու ասպիրանտ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն. 7-ն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։



4. Ինստիտուտի գիտաշխատողներից մեկի մենագրությունն արժանացել է Մ. Գոշի անվան 1-ին, մյուսինը` 2-րդ կարգի մրցանակի։



5. Ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից մեկի գիտահետազոտական աշխատանքը 2013թ. ճանաչվել է լավագույն գիտական աշխատանք։



6. Ինստիտուտի 3 գիտաշխատողներ դարձել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի կրկնակի հաղթողներ (Աշոտ Բայադյան, Վլադիմիր եւ Դավիթ Հարությունյաններ):



Հիշատակության է արժանի նաեւ ինստիտուտի եռալեզու նորացված էլեկտրոնային կայքը (www.economics.sci.am)։ Կայքի դիզայնն իրականացվել է ինտերնետ միջավայրի ժամանակակից պատկերացումներին եւ պահանջներին համահունչ։ Ըստ որդեգրած քաղաքականության` կայքում բաց մատչելիությամբ տեղադրվում են ինստիտուտի հրատարակած հոդվածների եւ գրքերի էլեկտրոնային տարբերակները։ Կայքն ըստ էության վերածվել է հայ տնտեսագիտական հանրության՝ տեղեկատվություն ստանալու եւ մտքեր փոխանակելու միասնական հարթակի։



Ինստիտուտի գիտակազմակերպչական գործունեության վերջին տասնամյակը կարելի է գնահատել որպես «պատվավոր տարեգրություն», որը բնութագրվում է գալիք սերունդներին ավանդվող հետեւյալ հիշարժան հետազոտություններով.



• «Ազգային տնտեսություն: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական հետագիծը (2007-2017)․ եզրակացություններ, կիրառական առաջարկություններ» գիրք-ժողովածուն (շուրջ 500 էջ), որը բացառիկ է ե՛ւ գիտական, ե՛ւ բուհական համակարգում: Ի դեպ, ժողովածուում ընդգրկված կիրառական առաջարկություններն ամեն տարի ներկայացվել են ՀՀ կառավարությանը: 2008թ. օգոստոսին ՀՀ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ է ներկայացրել, եւ 2009թ. հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքը եւ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի առանձին դրույթներ: Իսկ որոշ կիրառական առաջարկություններ արտացոլվել են ՀՀ կառավարության որոշումներում եւ ընդունված ռազմավարական փաստաթղթերում:



• Ռ. Սարինյանի եւ Վլ. Հարությունյանի «Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը. գիտակենսագրական հանրագիտարան» (երկհատոր) աշխատությունը։ Այն միակն է հանրապետությունում բոլոր մասնագիտությունների գծով եւ ամփոփում է XIX դարի կեսերից սկսած «հայ տնտեսագիտական մտքի անցած ուղին, հետազոտական շրջանակների հետագիծը, տնտեսական հարցերի բարդ ու հակասական լուծումները, վերելքների ու վայրէջքների պատմությունը»: Աշխատությունը կարող է օգտագործվել որպես հանրագիտարանային տեղեկատու. այն ունի նաեւ աղբյուրագիտական նշանակություն:



• Վլ. Հարությունյանի եւ Ռ. Սարինյանի «Տնտեսագիտության ինստիտուտը՝ 10 տարում: 2006-2016թթ. հետազոտական արդյունքների ուրվագիծ» (տեսական հետազոտությունների համատեքստում) գիրքը։



• Տնտեսագիտության ինստիտուտի 2006-2016թթ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին վերաբերող ստվարածավալ հաշվետվությունը (շուրջ 574 էջ):



• «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտական հոդվածների 18 ժողովածուները:



• Վլ. Հարությունյանի, Տ. Հարությունյանի եւ Դ. Հարությունյանի «Հարկեր եւ հարկագանձում» աշխատությունը (շուրջ 600 էջ): Սույն աշխատության մեջ մանրամասն ներկայացված են հարկերի անհրաժեշտությունը, ծագման ու ձեւավորման էվոլյուցիան, գործառույթները եւ տեսակները, ինչպես նաեւ հարկման սկզբունքները եւ տեսաիրավական հիմքերը: Այնուհետեւ բարեխղճորեն վերլուծվում են հարկային օրենսդրության ձեւավորման ու բարեփոխման էվոլյուցիան՝ ըստ հարկատեսակների (բարդ ու աշխատատար գործ), հարկային պարտավորությունների հաշվառման օրենսդրական եւ մեթոդաբանական հիմքերը ՀՀ-ում (կրկին ըստ հարկատեսակների): ապա միանգամայն տրամաբանորեն ներկայացված են հարկային պարտավորությունների հաշվարկման կատարելագործման օրենսդրական եւ մեթոդաբանական մոտեցումները ՀՀ-ում (ըստ հարկատեսակների):



Հետազոտության վերջում հեղինակները կարեւորել են ՓՄՁ-ների տեղն ու դերը տնտեսության զարգացման մեջ, հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ ՓՄՁ-ները հարկելու հիմնախնդիրներին:



Քննարկված հարցերի համատեքստում էլ կարեւորվում են նշված հետազոտության կարեւորությունն ու օգտակարությունը:



• Տ. Հարությունյանի «Հարկման եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» աշխատությունը (266 էջ), որում ամբողջականորեն դիտարկվում են տնտեսության զարգացման եւ կարգավորման հարկային լծակների ձեւավորման եւ կիրառման տեսական եւ մեթոդաբանական հիմքերն ու առանձնահատկությունները եւ հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու հիմնահարցերը:



• Դ. Հարությունյանի «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» գիրքը (շուրջ 464 էջ), որում հեղինակն անդրադառնում է վճարային հաշվեկշռի ձեւավորման ու կարգավորման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ վերլուծում ընթացիկ հաշվի պետական կարգավորման եւ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում:



• Յու. Սուվարյանի եւ մյուսների «Գիտակրթական համակարգը եւ տնտեսական զարգացումը» աշխատությունը (շուրջ 150 էջ):



• Վլ. Հարությունյանի «Հարկային եւ մաքսային մարմինների գործունեության կատարելագործման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը:



• Ռ. Սարինյանի եւ Վլ. Հարությունյանի «Նշանավոր տնտեսագետների տողանը (մինչքեյնսյան շրջան): Գիտակենսագրական ուրվագծեր» աշխատությունը (շուրջ 280 էջ), որը վերաբերում է մինչքեյնսյան շրջանի տնտեսագետներին՝ սկսած մերկանտիլիստներից: Հարկ է նաեւ հավելել, որ հետազոտության մեջ ընդգրկված անունները ենթադրում են որոշակի պայմանականություն. շատերը կարող էին տեղ զբաղեցնել այս գրքում, սակայն ներկայացված գիտակենսագրական ուրվագծերն ամբողջացնում են մինչքեյնսյան շրջանի տնտեսագիտական միտքն ընդհանուր առմամբ:



• 2017թ. գիտահետազոտական աշխատանքների կիրառական արդյունքները, որում ներկայացված կիրառական առաջարկությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության ստվերային տնտեսությունը կրճատելուն, միջուկային էներգետիկան զարգացնելուն եւ այլն:



• Վլ. Հարությունյանի եւ Ռ. Սարինյանի «ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական ուղին» աշխատանքը (152 էջ), որում ինստիտուտի հետազոտական ուղին ներկայացված է երկու՝ խորհրդային եւ շուկայական տնտեսությունների շրջաններով:



Ինստիտուտի գիտահրատարակչական գործունեությունը հարստացնելու քայլ պետք է համարել միջգիտակարգային հետազոտություններ իրականացնելը, որ առնչվում է ցեղասպանության նյութական կորուստները գնահատելուն եւ փոխհատուցելուն. հրատարակվել են ստորեւ բերվող աշխատանքները:



• Ա. Խ. Աստոյան, Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը եւ նյութական կորուստները հայոց ցեղասպանության տարիներին, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, 320 էջ + 40 էջ ներդիր։



• Է. Նավոյան, Հայկական հարցը միջազգային խորհրդաժողովներում եւ պայմանագրերում (1878-1923թթ.), (պատմական, իրավական եւ տնտեսական վերլուծություն), Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016, 166 էջ։



• Ա. Հ. Ոսկանյան, Ադանայի նահանգի հայերի տնտեսական վիճակը, 1909թ․, Ունեզրկում: Գիրք Ա, Եր., «Գիտություն» հրատ., 2017, 208 էջ + 24 էջ ներդիր։



• «Հայ ժողովրդի ժողովրդագրական եւ նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում եւ դրանց հատուցման հիմնախնդիրները» գիտական հոդվածների ժողովածու, խմբ.-մբ՝ Ա. Մարուքյանի, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, 184 էջ:



Ի դեպ, ինստիտուտի հրատարակած գրքերը փոստային տարբերակով առաքվել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը, ՀՀ ԳԱԱ նախագահության բոլոր անդամներին, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի բոլոր ինստիտուտների տնօրեններին, ԼՂՀ եւ ՀՀ բոլոր բուհերի ռեկտորներին եւ գրադարաններին, հանրապետության հայտնի տնտեսագետներին, ԱԺ ղեկավարությանը եւ հանձնաժողովների նախագահներին, իսկ հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերը` նաեւ դեսպանատներ։



**Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ**



_ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր_