Պրոֆեսիոնալիզմ, կրեատիվություն և հոգևոր նախասկիզբ

Պրոֆեսիոնալիզմ, կրեատիվություն և հոգևոր նախասկիզբ
**Hraparak.am**-ին իր դիտարկումներն է ներկայացնում Պահպանողական կուսակցության նախագահ **Միքայել Հայրապետյանը**։



**-Պահպանողական կուսակցությունը պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով։**



-Անշուշտ, կցանկանայինք մասնակցել և պատրաստվում ենք: Մեզ համար, իհարկե, ամենից նախընտրելին կլիներ ԱԺ արտահերթ ընտրություններին գնալ մեր վաղեմի գործընկերների հետ՝ Վարչապետի առաջնորդությամբ, սակայն դա միայն մեզնից չէ, որ կախված է: Առաջիկան ամեն բան կպարզի:



**- Հայաստանի իշխանությունները հայտարարել են անցումային արդարադատության մասին։ Ինչպե՞ս եք պատկերացնում անցումային արդարադատության իրականացումը. անկախ Հայաստանի ո՞ր ժամանակահատվածից պետք է այն սկսել իրականացնել, եթե նկատի ունենանք, որ նախկին երեք նախագահների օրոք էլ եղել են մարդու իրավունքների տոտալ խախտումներ, ընտրակեղծիքների միջոցով իշխանության ձեւավորում։**



-Այո՛, Հայաստանի անկախության տարիների բոլոր ընտրություններում էլ եղել են աղաղակող խախտումներ, սակայն դա ունեցել է մշակութաբանական հենք, որ գալիս էր խորհրդային համակարգից: Եթե այդ կտրվածքով նայենք, ապա անցումային արդարադատությունը պետք է առաջին հերթին ներառի հենց չարիքի արմատը՝ լյուստրացիա իրականացնելով: Սակայն չեմ կարծում, թե անցումային արդարադատության հրապարակված օրակարգը խնդիր է առաջադրել մշակութաբանական հարց լուծելու. դա գուցե մի փոքր հետաձգվի: Կան օրահունչ, հրատապ, անհետաձգելի մարտահրավերներ, որոնց հաղթահարելուն է կոչված լինելու անցումային արդարադատությունը: Նրա հիմնական խնդիրը, ըստ իս, լինելու է նախորդ իշխանությունների քաղաքական թարախապալարի հեռացումն ու վարակի կանխարգելումը, ինչը պետականության համար անգնահատելի է: Թավշյա հեղափոխության հաջորդող օրերից դրա հիմքերը բավականին ամուր արդեն դրվում են՝ ներկա և ակնկալվող բացահայտումներով: «Նոր գինին՝ նոր տակառներում»,- ասվում է Ավետարանում: Պատահական չէ, որ դրանով ի պաշտոնե մասնագիտորեն զբաղվողները մինչև 50 տարեկաններն են, որոնց մասին Թումանյան ասում էր, թե չեն պղծել իրենց շուրթերն անեծքով: Այս մոտեցումը ողջունել և խնկարկել է անհրաժեշտ:



**-Ըստ Ձեզ՝ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվի նորընտիր կառավարությունը կադրային քաղաքականություն իրականացնելիս։**



-Ճանաչելով Վարչապետին՝ կարծում եմ, թե կկարողանա շարունակել իր ընտրած գիծը՝ հնարավորինս երիտասարդ և հնարավորինս չպղծված անձանցով կառուցել նոր կառավարությունը՝ մի փոքր ավելի ուշադրություն հատկացնելով պրոֆեսիոնալիզմին, կրեատիվությանն ու հոգևոր նախասկզբին: Մեծ հաշվով՝ կադրային քաղաքականության խնդիր են լուծելու նաև նոր Խորհրդարանում ներկայացվելիք կուսակցական ցուցակները, որոնք ևս ցանկալի կլիներ, որ կազմված լինեին պրոֆեսիոնալիզմի, կրեատիվության և, մանավանդ, հոգևոր նախասկզբի հաշվառմամբ:



_ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ_