ՏԻՄ ընտրությունները կլուսաբանեն epress.am-ից 108, «armrusinfo» կայքից՝ 88 ներկայացուցիչ

ՏԻՄ ընտրությունները կլուսաբանեն epress.am-ից 108, «armrusinfo» կայքից՝ 88 ներկայացուցիչ
Նախկին իշխանությունները ժողովրդավար երեւալու հետաքրքիր գործեալոճ էին որդեգրել։ Ընտրությունների ժամանակ հավատարմագրում էին տարբեր, այլազան, չլսված-չտեսնված անուններով ԶԼՄ-ների ու ՀԿ-ների, նրանք էլ ընտրությունների օրը գույնզգույն բեյջերով շրջում էին ընտրատեղամասերում՝ իբր հսկում էին, որ խախտում չլինի։ Իրականում, սակայն, իրենց աչքի առաջ երբ լրագրող էր բռնության ենթարկվում՝ ոչ մի ձայն-ծպտուն, խախտումներ էին լինում՝ դարձյալ ձկան լռություն։ Ակնհայտ է, որ ապրիլյան հեղափոխությունից հետո նրանք այլեւս պետք չեն նոր իշխանություններին, եւ կեղծ դիտորդները կամաց-կամաց դուրս են մղվելու ասպարեզից։



Հետաքրքիր է, սակայն, թե հոկտեմբերի 21-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում որ հասարակական կազմակերպություններն են իրականացնելու դիտորդական առաքելություն, եւ որ ԶԼՄ-ներն են դրանք լուսաբանելու հայտ ներկայացրել։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ elections.am-ի, ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու հինգ հասարակական կազմակերպություն՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»՝ 14 դիտորդով, «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ 116 դիտորդով, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»՝ 99 դիտորդով, «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբը»՝ 106 դիտորդով, «Արմավիրի զարգացման կենտրոնը»՝ 315 դիտորդով։ Իսկ ահա ՏԻՄ ընտրությունների օրը քվեարկությունը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների ցանկը բազմազան ու խայտաբղետ է։



«Ազատություն» ռադիոկայանը ՏԻՄ ընտրությունները կլուսաբանի իր 23 ներկայացուցիչներով, «Հետք» ինտերնետային պարբերականը՝ 10 ներկայացուցիչներով, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ 35 ներկայացուցիչներով, «Սիվիլնեթ» լրատվական կայքը՝ 16 ներկայացուցիչներով, «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ 18 ներկայացուցիչներով, «Միր» ՄՀՌԸ Հայաստանի մասնաճյուղը՝ 14-ով, «Շանթ» հեռուստաընկերությունը՝ 10-ով։ Սրանց կողքին հանրությանը ոչ հայտնի «Գործարար հայելի» թերթի երկու ներկայացուցիչ կզբաղվեն ՏԻՄ ընտրությունների լուսաբանմամբ, ՊԱՐԱ ԹՎ-ի վեց ներկայացուցիչ, «Զանգեզուր» հեռուստաընկերությունը հավատարմագրել է ինը ներկայացուցչի, «ԱԼՏ» հեռուստաընկերությունը՝ չորսին, «Hzham.am» կայքը՝ չորս ներկայացուցչի։ Եվ նրանց կողքին պատկառելի թվեր են ներկայացրել epress.am կայքը, որը հավատարմագրել է 108 ներկայացուցչի եւ armrus.info կայքը, որի 88 ներկայացուցիչներ կլուսաբանեն ՏԻՄ ընտրությունները։