Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո վարչապետ, քանի որ Երեւանի ավագանու եւ ներկայացուցչական մարմնի ընտրությունների նախընտրական ամբողջ քարոզարշավին մասնակցում էիք անձամբ՝ Ձեր հովանավորյալ դերասան-թեկնածուի փոխարեն, ով նախապես դռնեդուռ ընկած ծանուցում էր ընտրողի հետ այլեւս հերոսացած վարչապետի իրական, անմիջական ու բաղձալի շփման մասին եւ արդեն հանդիպման ընթացքում ներկայացնում բոլորի կողմից սիրելի, բայցեւայնպես բոլորի աչքի առաջ մշտապես անխնա բռնաբարված, իսկ հետո դանակահարված ու արյունաքամ լինող Երեւանը վերակենդանացնելու ծրագիրը, որը ոչնչով չէր տարբերվում ընչաքաղց ու որկրամոլ դաշինքների, պղծված կուսակցությունների, խուժան խմբավորումների ու այլ մարդակույտերի մշտապես կրկնվող ծրագրերից, ըստ որոնց՝ պետք է մայրաքաղաքի կենցաղային աղբը թափվի աղբանոցում, ավտոբուսները երթեւեկեն երթեւեկության համար նախատեսված փողոցներով, ծառերը պետք է աճեն իրենց տեղերում, իսկ վերելակները գետնին փռեն թույլատրելի չափից ավելի անձանցով իրենցից օգտվող բնակիչներին, ես այդ ընթացքում ինձ հարց էի տալիս, «Թե շունն ինչո՞ւ է հաչում Լուսնյակի, Սակայն ոչ երբեք Արեւի վրա»։



Եվ չգտնելով հարմար պատասխան՝ կրկին միտք էի անում, թե քարոզարշավին եւ, առհասարակ՝ ավելի ճիշտ չէ՞ր Համո Սահյանին հիշելուց առաջ, կամ թեկուզ հետո, հիշեիք Սեւակին, ով պատգամել էր, նաեւ պատվիրել՝ «Եվ այսուհետեւ պիտի`



Աթոռ ասելիս հասկանանք վարակ



Եվ զգուշանանք`



Ինչպես վարակից:







Ուստի եւ`



Աթոռից միշտ էլ զերծ պահել նրա՛նց,



Ում ինքը կյանքը դեռ չի սրսկել



Ա՛յն ախտականխիչ համապատասխան շիճուկով ցավոտ,



Որի մի ասեղն արժե... մի բանտարկություն Կամ մի այնպիսի... առաքինություն,



Որ ենթակա չէ առք ու վաճառքի։







Իսկ Ձեր թագավորության օրոք տիրող մթնոլորտը հարյուրամյակների վաղեմություն ունեցող մթնոլորտի հետ համեմատելու համար կխնդրեմ հիշել նաեւ հայ մեծանուն գուսանի՝ Աշուղ Ջիվանու՝ դեռեւս 1883թ. լույս աշխարհ բերած «խելքի աշեցեք» ստեղծագործությունը․ Երեխան ձեռն առած փտած, հին լարը, Բռնել կամի դարձող ջաղացի քարը. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը, Կողքը դեմ է տվել, խելքի՛ աշեցեք։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած. Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։ Այստեղ ներկայացված գանգատը դեռ շարունակում է ճիշտ համեմատականով վերաբերել մեր օրերին եւ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների տասնամյակների վաղեմություն ունեցող հանցավոր անգործությանն ու կիսագրագետ, փնթի գործելաոճին, որ Ձեր` վիճակահանության սկզբունքով ընտրված, տարրական իրավական գիտելիքներից զուրկ աշխատակազմի կողմից դրսեւորված անգործության պատճառով դեռ երկար ժամանակ կշարունակի թեւածող մնալ։



Իսկ հիմա՝ ըստ էության․ քանի որ ի լուր բոլորի նպատակադրվել եք գետնին փռել Ռոբերտի ու Սերժի ձեւավորած խորհրդարանը, որի մաս էիք կազմում ժամանակին նաեւ Դուք, ուստի վստահելով Ձեր եւ Ձեր թիմի, ինչպես նաեւ Ձեր վիրտուալ բանակի զինվորների ուժերին, ովքեր հանուն Ձեր բարի համբավի պատրաստ են գրել ցանկացած վիրավորանքով համեմված մեկնաբանություն եւ ոչինչ ավելին, կարծում եմ, որ ՀՀ-ում կմեկնարկեն նոր խորհրդարանական ընտրություններ, ուստի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված առաջարկ ներկայացնելու իրավունքով առաջարկում եմ նախ ականջալուր լինել իմ կողմից բազմիցս ներկայացված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին առաջադրվող օրենսդրական խղճուկ՝ 25 տարին լրացած, կաթից կտրված, լեզուն բացված, տակն այլեւս չիշիկ չանող կամ մեկ-մեկ անող եւ այլ ողորմելի պահանջները համապատասխան փոփոխության ենթարկելու վերաբերյալ առաջարկին, հետո նոր մտածել խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին։



Վերջում հավելեմ, որ պետական կառավարման ոլորտը համակարգող նախկին ու ներկայիս կիսագրագետ անդամների աշխատասենյակներում հայտնված ու այդպես էլ աշխատասենյակի դարակներում մնացած՝ անտեսված առաջարկներից մի քանիսը, որը վերաբերում է Ձեր հաջորդ նպատակին՝ ասֆալտին պատգամավոր պառկեցնելուն (գետնին փռելուն), ՀՀ կառավարության միջոցով Ձեզ հասցեագրված դիմումով կրկին այս օրերին ներկայացրել եմ Ձեր դատին, որոնք, իմ խորին համոզմամբ, այդպես էլ Ձեզ չի հասնի, այլ դիմումների բաժնի կողմից նախկին խունացած սովորույթով կվերահասցեավորվի որեւէ մարզի որեւէ համայնքի մանկապարտեզի դայակի կատարմանը կամ լավագույն դեպքում կգնա տրոլեյբուսի պարկ։



Արկադի ԳԱԼՍՏՅԱՆ