Ինչպես խուսափել գաղտնալսումից

Ինչպես խուսափել գաղտնալսումից
2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման պատմությունից հետո հայրենի իշխանությունները որոշել են ապահովագրվել նման տհաճ անակնկալներից եւ կապի ապահով միջոց են փորձում ընտրել՝ բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդակցությունը կազմակերպելու համար։ Տեղեկացանք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները՝ փոխնախարար Հակոբ Արշակյանի գլխավորությամբ, պաշտոնական այց են կատարել «Զանգի» ընկերություն, որը հայկական կապի միջոց է, եւ քննարկել են նախարարությանն ապակենտրոնացված կապ տրամադրելու հնարավոր լուծման եղանակներ: «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ անվտանգության արդի խնդիրներին, ինչպիսիք են, օրինակ, գաղտնալսման բացառումը, հաղորդակցության անվտանգությունը, նախարարության աշխատակիցների անվտանգ կապի ապահովման եւ այլ կարեւորագույն հիմնահարցերը»,- տեղեկացնում են «Զանգի»-ից: Հիշեցնենք, որ գաղտնալսման փաստով երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը ապօրինի գաղտնալսողներին հայտնաբերելու համար: Տեղեկություններ կան, որ պատկան մարմինները որեւէ կերպ չեն կարողանում դուրս գալ հետքի վրա, սակայն գրեթե վստահ են, որ գաղտնալսումը կատարվել է կապի միջոցով, որով հաղորդակցվել են պաշտոնյաները։ Ի դեպ, գաղտնալսման առաջին օրերին չէր բացառվում արտաքին միջամտությունը, հատկապես Մոսկվայի կողմից գաղտնալսումը։



Փորձեցինք մասնագետներից պարզել՝ հնարավո՞ր է արդյոք կապի մաքսիմալ ապահով միջոց ունենալ, եւ ինչպե՞ս կարելի է խուսափել գաղտնալսումներից․ խոսքն ապօրինի՝ առանց դատարանի որոշման գաղտնալսումների մասին է։ Հիշեցնենք, որ գաղտնալսումը պետության մենաշնորհն է, եւ պետությունն ամեն ինչ պետք է անի, որ նման հնարավորությունից զուրկ լինեն մասնավոր խմբերը, մինչդեռ Հայաստանում, ըստ որոշ տեղեկությունների, գաղտնալսող թանկարժեք սարքեր ունեն նաեւ որոշ օլիգարխներ։



ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ **Ֆելիքս Ցոլակյանը** կարծում է, որ եթե պաշտոնյաները Հայաստանում հեռախոսով զրուցեին միմյանց հետո, ապա գաղտնալսումը կկանխվեր, համակարգի հնարավորությունները, Ցոլակյանի խոսքով, ցույց կտային գաղտնալսումը․ «Կա նաեւ ներքին հեռախոսակապ, որ, ենթադրենք, ԱԱԾ աշխատակիցները միասին հաղորդակցվում են այդ կապով, եւ դա հասանելի չէ որեւէ մեկին, իսկ ներկայումս՝ տեխնոլոգիաների այս դարում, գաղտնալսելը մի բարդ գործ չէ»։ Պարոն Ցոլակյանն օրինակ է բերում․ «Աշխարհում շատ ղեկավարների են գաղտնալսել։ Մերկելին տասը տարի շարունակ իր կառավարությունից գաղտնալսել են, Օբամային գաղտնալսել են, էդ ինչի՞ պիտի այստեղ չկարողանային լսել, ինչո՞ւ են այսպես խառնվել իրար։ Այո, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի այլեւս այդպիսի բան չլինի, վերջ»։ Ցոլակյանը միաժամանակ ասաց, որ հեշտ չէ հայտնաբերել, թե որտեղից կամ ինչ ճանապարհով է իրականացվել գաղտնալսումը։



Տեղեկատվական անվտանգության փորձագետ **Սամվել Մարտիրոսյանը** նկատում է, որ Հայաստանում գործում է «կառավարական հատուկ կապ», որը մալուխային կապ է եւ բջջային հեռախոսազրույցների պաշտպանվածություն չի ենթադրում։ Եթե բարձրաստիճանները ցանկանում են չգաղտնալսվել, ապա, փորձագետի խոսքով, պետք է հատուկ ռազմավարություն մշակել պետական մակարդակով եւ պարտադրել բոլոր չինովնիկներին հետեւել այդ կանոններին․ «Կոնկրետ այս գաղտնագրումից մենք տեսնում ենք, որ չկա հայեցակարգ։ Եթե չինովնիկները կարող են իրենց թույլ տալ բաց հեռախոսով զանգել, նշանակում է՝ չկա հայեցակարգ, որն իրենց արգելում է տվյալ գործողությունը։ Մինչդեռ հայեցակարգի դեպքում հստակ պարզ կլինի, թե ինչ տիպի հեռախոսներով պետք է զրուցել, երբ, որտեղ։ Օրինակ, ոչ միանշանակ է, որ չինովնիկն իր հեռախոսը կարող է երկրից դուրս տանել եւ այլն»։ Մարտիրոսյանի գնահատմամբ, որեւէ կապի համակարգ բացարձակ չի ապահովագրի այս խնդրից, սակայն առավելագույնս կնվազեցնի գաղտնալսման հնարավորությունը։ Հետաքրքրվեցինք «Զանգի» կապի հնարավորությունների մասին։ ««Զանգի»-ի մասին ես ոչինչ ասել չեմ կարող, բացի նրանից, որ լավն է ու հայկական, բայց ես չեմ տեսել հանրային հրապարակված երրորդ կողմի՝ անվտանգության փորձագետի կամ կազմակերպության աուդիտ։ Այսինքն՝ «Զանգի»-ն չի ստուգվել անվտանգության տեսանկյունից, միգուցե արվել է փակ, որի մասին ես չգիտեմ, բայց հաստատ բաց չի եղել, ու այս տեսանկյունից չեմ կարող ասել՝ վստահելի՞ է, թե՞ ոչ»։



Մարտիրոսյանը խնդրո առարկա ձայնագրության ուսումնասիրությունից չի կարող ասել՝ դրսի՞ց է արվել, թե՞ ներսում․ «Հնարավոր չէ այդպես պարզել, հին ժամանակներով չէ, որ կարող ես հասկանալ՝ մոտի՞կ է նստած, թե՞ հեռու, առավել եւս, որ գաղտնալսողը կարող է աղմուկների տեղափոխություն անել, որպեսզի չմատնի իրեն»։



Ի դեպ, շարքային քաղաքացիների համար կապի առավել «ապահով» միջոցները, ըստ մասնագետի, «մեսենջերներն» են՝ Ֆեյսբուք, Տելեգրամ, Վայբեր, Վոտսաբ՝ ասում է Մարտիրոսյանը։ «Վայբերի զանգը չեն կարող լսել, բայց կարող են կոտրել հեռախոսը եւ մեջը տեղադրել, օրինակ, գաղտնալսող հավելված, իսկ այդ դեպքում հեռախոսի վրա ձայնը կգրվի։ Այս դեպքում պետք է ուշադրություն դարձվի հեռախոսին։ Օրինակ, եթե «Այֆոն» ես կրում, պետք է լինի միշտ թարմացված։ Անդրոիդի դեպքում էլ միշտ պետք է հետեւել թարմացումներին, կողքից անծանոթ ծրագրեր չքաշել, թույլ չտալ հեռախոսն ուրիշի ձեռքն ընկնի, որպեսզի չկարողանան որեւէ բան տեղադրել։ Պետք է հնարավորինս միացնել, այսպես կոչված՝ «երկփուլանի մուտք»։ Սա այն է, որ գաղտնաբառ մուտքագրելուց հետո եւս մի կոդ եք ներմուծում, նույնն ունի մեսենջերների մի մասը։ Վայբերն այս դեպքում փոքր-ինչ տկար է։ Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ եթե մարդուն հետապնդում են հատուկ ծառայությունները, իրենք կարող են «sms»-ը գողանալ եւ ձեր անունից գրանցել մեսենջերն ու ձեր նամակները ստանալ պրովայդերներից։ Իսկ երկփուլանիի դեպքում ազատվում եք այդ ռիսկերից»։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**