Ոչ թե չպետք է մեզ գաղտնալսեն, այլ չպետք է թույլ տանք, որ մեզ գաղտնալսեն

Ոչ թե չպետք է մեզ գաղտնալսեն, այլ չպետք է թույլ տանք, որ մեզ գաղտնալսեն
Գաղտնալսումների մասին իմանալուց եւ դրան հաջորդած զարգացումներին հետեւելուց հետո, չգիտեմ ում մոտ ոնց, բայց մեզ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ մենք քաղաքացին ենք մի երկրի, որը ղեկավարվում է ոչ թե իր ազգային, պետական շահերով, այլ առաջնորդվում է «աբսուրդի թատրոնի» կանոններով:



Հարցն այն է, որ հիմա, երբ ամենուր գաղտնալսումների մասին է խոսվում, իր պարտականությունները չկատարած (ինչքան մեզ հայտնի է՝ երկիրն անօրինական գաղտնալսումներից պաշտպանելու գործառույթն ԱԱԾ-ին է վերապահված) ղեկավարին պաշտոնանկ անելու փոխարեն իշխանությունները, հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ դա ազգային անվտանգությանը վերաբերող կարեւոր խնդիր է, քանի որ գաղտնալսված հեռախոսահամարը ոչ թե ինչ-որ մի մարզպետի կամ ինչ-որ նախարարի հեռախոսահամար է եղել, այլ մի կառույցի ղեկավարի, որին հասանելի է եղել ինչպես երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, այնպես էլ նրա պաշտպանությանն ու պաշտպանունակությանը վերաբերող ողջ ինֆորմացիան, իրենց գործողություններում վերանայումներ կատարելու փոխարեն ընդամենը զբաղված են ներհասարակական անհանգստությունն ու զայրույթն իրենցից հեռացնելու եւ այն օտարերկրյա հատուկ ծառայությունների կամ էլ, վատագույն դեպքում, այսպես ասած՝ «երկրում գործող հակահեղափոխական խմբավորումների» կողմն ուղղելու աշխատանքներով:



Սակայն այս առումով մենք վստահ ենք, որ երկրի իշխանությունները կա՛մ չեն հասկանում, կա՛մ էլ չեն ուզում հասկանալ, որ այլեւս այս պետության եւ նրա սովորական քաղաքացու համար ամենեւին էլ կարեւոր չէ, թե ով եւ ինչի համար է իրականացրել այդ գաղտնալսումը:



Կարեւոր չէ, որովհետեւ հիմա արդեն բոլորն են հասկանում, որ ո՛չ, այսպես ասած՝ «երկրի ներսում գործող հակահեղափոխական խմբավորումները» եւ ո՛չ էլ, առավել եւս, օտարերկրյա հատուկ ծառայությունները ամենեւին էլ պարտավորված չեն չգաղտնալսելու Հայաստանի թիվ մեկ հատուկ ծառայության ղեկավարի հեռախոսահամարները: Ճիշտ հակառակը՝ բոլորն էլ գիտեն, որ նրանք այստեղ են եկել հենց այդ գաղտնալսումներն իրականացնելու համար:



Բայց միայն այսքանը չէ, որ հասու է այսօրվա հայաստանյան հասարակությանը: Մենք համոզված ենք, որ այս հասարակությունը գիտի նաեւ, որ ոչ թե օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ թե երկրում գործող, այսպես ասած՝ «հակահեղափոխական խմբավորումներն» են, որ չպետք է «գաղտնալսեն» այս երկրի հատուկ ծառայություններին, այլ այս երկրի հատուկ ծառայություններն են, որ պետք է թույլ չտան, որպեսզի իրենց գաղտնալսեն:



Այնպես որ՝ «սիրո եւ համերաշխության հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած պետության կառավարիչները երկիրը «սպիտակների եւ սեւերի», «հեղափոխականների եւ հակահեղափոխականների» բաժանելու, Երեւանի փողոցներում երթեր եւ միտինգներ կազմակերպելու փոխարեն ավելի ճիշտ կանեն, եթե լրջորեն զբաղվեն պետության գործերով: Իսկ ասում ենք՝ ճիշտ կանեն, որովհետեւ համոզված ենք, որ չհաջողելու դեպքում ոչ միայն այս ժողովուրդը, այլ նաեւ պատմությունը նրանց չի ներելու:



**Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ**