Հայերը գիտակցում են, որ գործ ունեն ԿԳԲ-ի ոչ այնքան նախկին սպա Պուտինի հետ

Հայերը գիտակցում են, որ գործ ունեն ԿԳԲ-ի ոչ այնքան նախկին սպա Պուտինի հետ
Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, համացանցում անհայտ աղբյուրի կողմից շրջանառության մեջ դրված ձայնագրությունը ռումբի էֆեկտ ունեցավ: Թե որքանով գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը (ինչը, անշուշտ, օրենքի խախտում է եւ քրեորեն պատժելի արարք) հասավ այս փոքրիկ օպերացիան կազմակերպած մարդկանց, ուժերի քաղաքական նպատակներին, դժվար է ասել, սակայն աներկբա է, որ այս շաբաթվա գլխավոր սկանդալը սրեց Հայաստանի առանց այդ էլ լարված ներքաղաքական իրավիճակը եւ ազդեց հետագա զարգացումների վրա:



**Ի՞նչ են քննարկել Վանեցյանն ու Խաչատրյանը**



Յութուբում սեպտեմբերի 5-ին անհայտ անձի կողմից տեղադրված, սակայն սեպտեմբերի 11-ին (ի դեպ, Նյու Յորքի հայտնի ահաբեկչությունների հերթական տարելիցին) հանրայնացված ձայնագրությունից ակնհայտ էր, որ գաղտնալսվել եւ ձայնագրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որը, ըստ երեւույթին, տեղի է ունեցել ս. թ. հուլիսի վերջին՝ ՀՔԾ-ի կողմից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ 2008 թվականին Երեւանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալներ ներգրավելուց անմիջապես հետո: Բարձրաստիճան երկու պաշտոնյաները քննարկում էին Քոչարյանին եւ Խաչատուրովին կալանավորելու, ինչպես նաեւ 2008 թ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանին եւ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալներ ներգրավելու հարցերը:



**Բովանդակությո՞ւնն է ավելի կարեվոր, թե՞ գաղտնալսման փաստը**



Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումից հետո ոմանց Հայաստանում հետաքրքրում էր զրույցի բովանդակությունը, քանի որ այն ի հայտ բերեց մի քանի վիճահարույց փաստեր՝ կապված Մարտի 1-ի գործի հետաքննության եւ դատական գործընթացի հետ: Օրինակ այն, որ Վանեցյանն ու Խաչատրյանը որոշ դրվագներում անպարկեշտ բառերով են խոսում Քոչարյանի եւ Խաչատուրովի մասին: Երկրորդը․ պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Վաչե Մարգարյանը, որին Վանեցյանը սխալմամբ Հրաչ է անվանում, «վախեցած» զանգել է ԱԱԾ տնօրենին եւ նրա հետ քննարկել Հայաստանի երկրորդ նախագահին կալանավորելու մասին միջնորդությանը հավանություն տալու հարցը: Կամ էլ, օրինակ, այն, որ ըստ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին «փակել» Խաչատուրովին: Իսկ ոմանց էլ ավելի շատ հետաքրքրում է այն, թե ովքեր են գաղտնալսել եւ հրապարակել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, քանի որ կատարվածն ամեն դեպքում օրենքի խախտում է, առերեւույթ հանցագործություն: Ավելին, սա աննախադեպ երեւույթ է Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Ուստի այսօր ավելի շատ կքննարկենք այս վերջին հանգամանքը՝ ովքե՞ր են կազմակերպել ապօրինի գաղտնալսումը: Ավելացնենք, որ նույն օրը հայտնի դարձավ, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել հրապարակված ձայնագրության փաստի առթիվ:



**Մարտի 1-ի գործի բացահայտումը խոչընդոտելու փորձ**



Մինչ այդ, սակայն, խոսենք արձագանքների մասին: Հեռախոսազրույցի ձայնագրությունը սկսեց տարածվել լրատվական կայքերում եւ սոցցանցերում կեսօրից հետո, եւ սկզբում, իհարկե, կասկածներ կային, որ ձայնագրությունն իսկական չէ, «սարքած» է, մոնտաժված է հմուտ մասնագետների կողմից, բայց շուտով ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարները հանդես եկան մամուլի ասուլիսով՝ հաստատելով, որ համացանցում տարածվածն իրենց հեռախոսազրույցի ձայնագրությունն է: ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանը հայտարարեց, որ կատարվածը ոչ միայն հանցանք է, այլեւ ԱԱԾ-ի եւ ՀՔԾ-ի գործունեությունը կասեցնելու, Մարտի 1-ի գործի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Որպես քարոզչական հակահարված՝ ՀՔԾ պետը որոշ մանրամասներ բացահայտեց 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին քաղաքական գործընթացներում բանակի ներգրավման եւ կատարված հանցագործությունների մասին:



**Դավադրություն, հանցագործություն, ահաբեկչություն**



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսեց գաղտնալսման մասին՝ հայտարարելով, որ նման քայլերով չեն կարող իրեն շանտաժի ենթարկել, ապա երեկոյան կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ տեղի ունեցածը դավադրություն է եւ հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ: Իսկ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ավելի ուշ գաղտնալսումն անվանեց «փոքրիկ ահաբեկչություն Հայաստանի Հանրապետության դեմ»:



Խոսելով այդ դավադրության հնարավոր կազմակերպիչների մասին՝ վարչապետը կարծիք հայտնեց, որ դա կարող էին անել որոշ ազդեցիկ օլիգարխներ: Նա հղում արեց ժամանակին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությանը, որ «որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ժողովրդից թալանված միջոցներով ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, ըստ էության, պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ»: Թավշյա հեղափոխության առաջնորդը խոստացավ, որ «բոլոր այդ «հատուկ ծառայությունները», սափրագլուխների եւ ախրանայի տեսքով զինված խմբավորումները հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են»: Նա հենց բեմից հրաման տվեց ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին երկու ժամից իրեն զեկուցել կատարված աշխատանքների եւ արձանագրված արդյունքների մասին:



**Դավադրության ռուսական հետքերը**



Այնուամենայնիվ, չնայած վարչապետի այս վարկածին՝ շատերը համոզված են, որ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսումը կարող էր իրականացնել միայն մեկ ուժ այս տարածաշրջանում՝ Ռուսաստանը՝ իր հատուկ ծառայությունների միջոցով: Եվ կան այս վարկածը հիմնավորող մի քանի փաստեր ու փաստարկներ: Նախ, չնայած Փաշինյանի այն համոզմանը, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», ակնհայտ է, որ Կրեմլը առանձնապես հիացած չէ նոր կառավարությամբ եւ վերջինիս գործողություններով ու մասնավորապես հավանություն չի տալիս իր վաղեմի դաշնակիցների՝ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը: Դրա ապացույցներից մեկն այն է, որ ՌԴ իշխանությունները Պուտին-Փաշինյան հանդիպման նախօրեին դադարեցրին Ռուսաստանի տարածքում Միքայել Հարությունյանի նկատմամբ Հայաստանի կողմից հայտարարված հետախուզումը:



Երկրորդը․ հեռախոսազրույցից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենն այդ պահին գտնվել է արտերկրում: Ձայնագրության տարածումից ժամեր անց հայկական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը հեռախոսազրույցի ժամանակ գտնվել է Ռուսաստանի տարածքում, եւ հենց նրա հեռախոսն է գաղտնալսվել:



Եվ երրորդ ուշագրավ հանգամանքը՝ Յութուբում հրապարակված ձայնագրությունն ուղեկցվում էր խոսակցության անգլերեն թարգմանությամբ, որտեղ մի քանի անուններ գրված էին ոչ թե հայերեն կամ անգլերեն, այլ ռուսերեն լեզվամտածողությամբ: Օրինակ՝ Hrach-ի փոխարեն՝ Grach, կամ՝ Misha Harutyunyan-ի փոխարեն՝ Misha Arutyunyan: Այս փաստն ինքնին ստիպում է որոշ եզրակացություններ անել այս նյութը պատրաստողների մասին:



**Ռուսները կարո՛ղ էին դա անել**



Պատասխանելով «Հրապարակի» հարցերին՝ թեմայի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել ԱՄՆ պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը: Ամերիկացի վերլուծաբանի կարծիքով՝ ռուսական հատուկ ծառայությունները, իհարկե, կարող էին կազմակերպել հայ բարձրաստիճան երկու պաշտոնյաների հեռախոսազրույցի գաղտնալսումը:



«Նրանք ունեն բոլոր պատճառները դա անելու համար: Նրանք ներթափանցել են Հայաստանի բոլոր առանցքային հաստատությունները եւ ունեն թե՛ տեխնիկական հնարավորություններ, թե՛ քաղաքական կամք՝ դա անելու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Փոլ Գոբլը:



**Փաշինյանը պետք է շատ զգույշ լինի**



Իսկ ինչո՞ւ վարչապետ Փաշինյանն իր գնահատականները տալիս չնշեց այն վարկածը, որ գաղտնալսումը, իր խոսքերով՝ հայկական պետության դեմ կազմակերպված դավադրությունն ու հանցագործությունը, իսկապես կարող էր կազմակերպած լինել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը՝ ФСБ-ն, կամ էլ արտաքին հետախուզության ծառայությունը:



Պատասխանելով հարցին՝ Փոլ Գոբլն ասաց, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ վարչապետ Փաշինյանը հասկանում է, որ դավադրության թիկունքում կանգնած է Ռուսաստանը, այնուամենայնիվ, իր համար չափազանց վտանգավոր կլիներ դրա մասին հայտարարելը:



«Ուրիշները պետք է խոսեն դրա մասին, եւ այդ դեպքում գուցե ինքն էլ կարող է, բայց որպես պետության խելացի ղեկավար՝ նա պետք է շատ զգույշ լինի: Բացի այդ, հնարավոր է, որ Մոսկվան կարող է ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկել անձամբ նրա դեմ»,- նշեց մեր զրուցակիցը:



**Արևմտյան գործընկերները կօգնե՞ն**



Իսկ ի՞նչ դեր կարող է խաղալ այս իրավիճակում էլ ավելի հզոր եւ ազդեցիկ հատուկ ծառայություններ, ավելի զարգացած տեխնոլոգիական հնարավորություններ ունեցող Միացյալ Նահանգները, որի հետ Հայաստանն ունի բարեկամական, գործընկերային հարաբերություններ: Եթե իսկապես հաստատվի այն վարկածը, որ օտարերկրյա ուժերը, մասնավորապես ռուսական հատուկ ծառայությունները, գաղտնալսում են Հայաստանի կառավարության անդամների եւ շարքային քաղաքացիների հեռախոսազրույցները, կարող են միջամտել նրանց անձնական կյանքին, նրանց մասին վարկաբեկող նյութեր հավաքել, Հայաստանի կառավարությունն այդ դեպքում կարո՞ղ է դիմել կամ կդիմի՞ Միացյալ Նահանգներին՝ այս հարցում աջակցություն ստանալու ակնկալիքով:



Ի պատասխան՝ Փոլ Գոբլն ասաց հետեւյալը. «Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ Երեւանը կդիմի իր արեւմտյան բարեկամներին՝ օգնության համար: Չգիտեմ՝ դա տեղի կունենա մոտ ժամանակներում, թե ոչ, բայց կարծում եմ՝ հայերը վաղուց են գիտակցում, թե ում հետ գործ ունեն՝ ի դեմս Մոսկվայի եւ հատկապես ՊԱԿ-ի (КГБ-ի) ոչ այնքան նախկին սպա Պուտինի, եւ պետք է դիմեն արեւմտյան երկրների կառավարությունների օգնությանը»:



**Արամ ՍԱՐԳՍՅԱՆ**